Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ազգային վիզա 90 օրից ավելի տևողությամբ կացության համար 

Հոդված

Երկարաժամկետ այցերի վիզաներ տրամադրվում են միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար:

Վիզայի դիմումների ներկայացում և ընդունելության ժամերի տրամադրում

Հյուպատոսական ծառայությունների արտերկրյա պորտալ

Այս պահից սկսած Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, ընտանիքի վերամիավորման, շանս քարտի, ուսման և մասնագիտական ուսուցման և վերապատրաստման համար։ 

Առցանց ընթակարգի շրջանակում ստուգվում է Ձեր փաստաթղթերի լիարժեք լինելը, որպեսզի Դուք պատշաճ պատրաստված ներկայանաք դիվանագիտական ներկայացուցչունում նշանակված ընդունելությանը։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ։

Վիզայի առցանց դիմում

Հետևյալ վիզաների տեսակների համար դիմումները կարող են ներկայացվել բացառապես հյուպատոսական ծառայությունների արտերկրյա պորտալի միջոցով։ 

Վիզայի  այս տեսակների համար հնարավոր չէ դեսպանությունում թղթային տարբերակով դիմում ներկայացնել։

Այս ընթացակարգը թույլ կտա նախապես պարզել, արդյոք Ձեր փաստաթղթերն ամբողջական են։

Դրանից հետո դիվանագիտական ներկայացուցչությունում Ձեր ընդունելությունը կանցնի արագ և արդյունավետ։ 

Դուք կներկայացնեք փաստաթղթերի բնօրինակները, կհանձնեք կենսաչափական տվյալները (մատնահետք և լուսանկար) և կվճարեք սահմանված վճարը։

 Հետևյալ վիզաների համար կարող եք դիմել առցանց․

  • Շանս քարտի վիզա
  • ԵՄ կապույտ քարտի վիզա
  • Բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների աշխատանքի ընդունվելու վիզա
  • Միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատանք կատարելու վիզա
  • Աշխատանքային փորձի հիման վրա աշխատանքի ընդունվելու վիզա
  • Մասնագիտական ուսուցման և վերապատրաստման, օտարերկրյա մասնագիտական որակավորման ճանաչման և մասնագիտական ուսուցման տեղ փնտրելու վիզա
  • Ուսման, ուսումնական տեղ փնտրելու կամ ուսմանը նախապատրաստող լեզվի դասընթացին մասնակցելու վիզա
  • Ընտանիքի վերամիավորման վիզա

Հյուպատոսական ծառայությունների արտերկրյա պորտալից օգտվելը պարզ և հասկանալի է։ Պորտալի միջոցով ներկայացված դիմումների վերաբերյալ էլեկտրոնային փոստով կամ կապի ձևաթղթով ուղարկված հարցումներին չենք կարող պատասխանել։

Դեսպանությունում թղթային տարբերակով վիզայի դիմում 

Ստորև նշված վիզաների դիմումները դեսպանությունում դեռևս ներկայացվում և քննվում են թղթային տարբերակով։ Դրանց համար հյուպատոսական ծառայությունների արտերկրյա պորտալի միջոցով առցանց դիմում ներկայացնելն առայժմ հնարավոր չէ․

  • Au-pair (ընտանիքում երեխաների խնամքի ծրագիր)
  • Լեզվի առանձնացված դասընթաց (ոչ ուսմանը նախապատրաստող լեզվի դասընթաց)
  • Կարճաժամկետ, քվոտայով հիմնավորված աշխատանքի թույլտվություն (Կարևոր է իմանալ հետևյալը․ Մինչև ձեր գործատուի միջոցով Գերմանիայի Դաշնային Աշխատանքի Գործակալությունից նախնական թույլտվություն չստանաք, խնդրում ենք չգրանցվել սպասման ցուցակում։ Նախնական թույլտվություն ստանալուց հետո PDF ֆայլի տեսքով ուղարկեք այն մեզ՝ հյուպատոսական բաժնի հետադարձ կապի ձևաթղթի միջոցով, և էլեկտրոնային նամակում նշեք ձեր գրանցման համարը։)
  • Ազատ մասնագիտական կամ ինքնազբաղ գործունեություն
  • Բեռնատար տրանսպորտի վարորդի կամ ազգային ուտեստների մասնագիտացված խոհարարի աշխատանք
  • Պրակտիկա / հոսպիտացիա
  • Հետազոտողներ / հրավիրյալ գիտնականներ
  • Վերադարձի նպատակով
  • Հայրենադարձների համար
  • Դաշնային կամավորական ծառայություն (BFD) / Կամավորական սոցիալական տարի (FSJ)
  • Դպրոցական ուսում
  • Բուժում (90 օրից ավելի տևողությամբ)

Ընդունելության ժամերի տրամադրման ընթացակարգ

Ընթացակարգը հետևյալն է․

Դուք գրանցվում եք ընդունելության ժամերի համապատասխան սպասման ցուցակում։ Գրանցման ժամանակ ստանում եք ամրագրման համար, իսկ որոշ ժամանակ անց՝ գրանցման հաստատման էլեկտրոնային նամակ։

Ընդունելությունից մոտ երկու շաբաթ առաջ էլեկտրոնային փոստով կստանաք ծանուցում՝ դեսպանությունում վիզայի դիմում ներկայացնելու Ձեր այցի ամսաթվի և ժամի վերաբերյալ։

Տրամադրված ընդունելության ժամը պետք է հաստատեք 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում այն կչեղարկվի։

Ընդունելության ժամերը տրամադրվում են ըստ սպասման ցուցակում գրանցման հերթականության։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։ 

Ուշադրություն դարձրեք Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։

Տեղեկություններ դիմելու ընթացակարգի վերաբերյալ

Սկզբում դեսպանությունում հանձնում եք գործերը, մնացյալի մասին դեսպանությունն ինքն է հոգում. դիմում-հարցաթերթիկից և մյուս փաստաթղթերից մեկ օրինակ ուղարկվում է օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող այն գերատեսչություն, որը պատասխանատու է Գերմանիայում Ձեր նախատեսած բնակության վայրի համար, քանի որ Գերմանիայում 3 ամսից ավել կացության դեպքում անհրաժեշտ է ստանալ համապատասխան օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչության թույլտվությունը (ըստ կացության մասին օրենքի 31-րդ հողվածի 1-ին պարբերության 1.1 կետի):

Դեսպանությունը հետևում է օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչության դիրքորոշմանը և հարկ եղած դեպքում իր կողմից արտասահմանցիների հարցերով իրավասու գերատեսչությանը հիշեցնում է գործի կարգավորման անհրաժեշտության մասին:

Հարկավոր է նկատի ունենալ, որ գործերի քննումը երկար ժամանակ է պահանջում: Այն սովորաբար տևում է 6-ից 8 շաբաթ, առանձին դեպքերում, սակայն, կարող է ավելի կարճ կամ երկար տևել: Համապատասխանաբար անհրաժեշտ է գործերը հանձնել ժամանակին:

Պատասխանի առկայության դեպքում, վիզաների բաժինը դիմողին տեղեկացնում է այդ մասին:

Խնդրում ենք զերծ մնալ գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր տալուց: Հարցադրումները չեն արագացնում գործերի քննությունը: Եթե գործերի քննության ընթացքում առաջանում են հարցեր կամ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, վիզաների բաժինն ինքն է կապ հաստատում դիմողի հետ:

Տեղեկություններ գործերի ընթացքի վերաբերյալ

Խնդրում ենք նաև ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ տվյալների գաղտնիության պատճառով հեռախոսով տեղեկություններ չենք տալիս ընթացիկ գործերի մասին, քանի որ վիզաների բաժինը հեռախոսով չի կարող պարզել զանգողի ինքնությունը:

Դիմողի վերաբերյալ, ինչպես նաև վիզայի առանձին գործերի ընթացքի մասին տեղեկությունները վիզաների գործընթացի ժամանակ մնում են գաղտնի:

Եթե Ձեզ, ելնելով հատուկ պատճառներից, գործերի դրության վերաբերյալ տեղեկություն է անհրաժեշտ, ապա դիմեք անձամբ կամ կատարեք գրավոր հարցում` նշելով անհրաժեշտության հիմքերը:

Վիզաների բաժինը գործերի ընթացքի վերաբերյալ իրավունք ունի տեղեկություններ տրամադրել միայն 

  •     դիմողին
  •    երրորդ անձին, ով կներկայացնի դիմողի կողմից լիազորագիր
  •    իրավական ներկայացուցչին, եթե դրա համար օրենքով նախատեսված հիմքեր կան (օրինակ անչափահաս երեխաների դեպքում ծնողներին):

Հետևաբար, վիզաների բաժինը, առանց լիազորագրի առկայության, իրավունք չունի տեղեկություններ տրամադրել ամուսիններին, նշանածներին, գործատուներին և այլոց:

Դիմում-հարցաթերթիկներ և հուշաթերթիկներ

Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները տեղադրված են անվճար մեր կայքում: Վիզաների ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք անվճար ստանալ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Մյուս բոլոր անձինք և ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցները, ովքեր գործում են վիզաների բաժնից դուրս, չեն համարվում վիզաների բաժնի աշխատակիցներ, և չեն համագործակցում վիզաների բաժնի հետ: Հարկ չկա դիմել նրանց օգնությանը: Դիմում-հարցաթերթիկը լրացնելու համար գրագրական ծառայություններին դիմելը պարտադիր չէ: Գրագրական ծառայություններին դիմել չի նշանակում, որ վիզաների բաժինը գործերը քննում է արտահերթ և պարտադիր վիզա է տրամադրում:

Վիզա աշխատանքային գործունեության համար

Կրթություն

Վիզա ամուսնության գրանցման, ընտանիքի վերամիավորման նպատակով

Վիզա վերադարձի նպատակով

Վիզա հայրենադարձների համար

դեպի էջի սկիզբ