Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վիզա հայրենադարձների համար՝ ըստ BVFG
Վիզայի համար դիմում ներկայացնելը
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 2-3 շաբաթ։ Առանձին դեպքերում կարող է տևել ավելի երկար։
Դիմումի փաստաթղթերը
Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել հյուպատոսական բաժնի պատուհանի մոտ՝ նշված հերթականությամբ դասավորած։ Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) անհրաժեշտ է ներկայացնել A4 ֆորմատի թղթի վրա: Խնդրում ենք թղթերը չկարել, չամրացնել։ Դեսպանությանը հասցեագրված ֆաքսերը կամ գրությունները չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։ Ոչ լիարժեք դիմումներ չեն ընդունվում։
Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։
Դեսպանությունը նշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի դիմում ներկայացնողը պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, որևէ փաստաթղթի բացակայության դեպքում դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de
Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղում) վերաբերյալ։
2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
- գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։
Ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ (տե´ս դիմում- հարցաթերթիկը)։
Դաշնային վարչական մարմնի կողմից ընդունման թույլտվության/ներգրավման որոշման (Aufnahmezusage / Einbeziehungsbescheid) օրիգինալը և մեկ պատճեն։
Անհրաժեշտության դեպքում՝ գերմաներենի A1 կամ B1 մակարդակի իմացության մասին ապացույց և մեկ պատճեն։
Կարևոր ցուցումներ
Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։
Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։
Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։
Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։
Վիզայի համար հերթագրում
Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: