Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Երեխա-ծնող վերամիավորում (ծնողներից մեկը կամ երկուսը ապրում են Գերմանիայում) 

Հոդված

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունը: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Գերմանիայում բնակվող ծնողի (ծնողների) ճամփորդական անձնագրից պատճեն, մեկ պատճեն գերմանական կացության թույլտվությունից և նրա (նրանց) գրանցման մասին տեղեկանքից:

Ծննդյան վկայականի բնօրինակը՝ հաստատված ապոստիլով, ինչպես նաև ծննդյան վկայականի նոտարական թարգմանությունը։

Եթե երեխան տեղափոխվում է ապրելու ծնողներից միայն մեկի մոտ, ապա անհրաժեշտ է ապացույց տվյալ ծնողի միակողմանի խնամակալության իրավունքի վերաբերյալ (հայկական իրավասու դատարանի վճռի, մահվան վկայականի կամ չմեկնող ծնողի համաձայնության բնօրինակը՝ հաստատված ապոստիլով)՝ նոտարական վավերացումով թարգմանությամբ:

Եթե ծնողներից երկուսն էլ ապրում են Գերմանիայում, ապա երեխայի գործերը հանձնելու և նրա մեկնելու համար անհրաժեշտ է ծնողների համաձայնություն, որն անհրաժեշտ է հաստատել համապատասխան գերատեսչությունում։
 

Եթե լրացել է դիմողի 16 տարին, ապա անհրաժեշտ է գերմաներենի C 1 մակարդակի իմացության մասին ապացույց ՝ Գյոթե-ինստիտուտի եվրոպական չափանիշներին համապատասխան սերտիֆիկատի տեսքով։

​​​​​​​​​​​​​​ 

Ամուսինների միավորման համար տես «Ընտանիքի վերամիավորում» հուշաթերթիկը։

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Վիզայի համար հերթագրում

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:  
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։

Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։

Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։ 

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ