Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ընտանիքի այլ անդամների միավորման կարգը (միայն Գերմանիայի համար)

Հոդված

Ընդհանուր տեղեկություններ

Գերմանիայի քաղաքացիներին կամ երրորդ երկրի քաղաքացիներին միավորվելու նպատակով (բացի ամուսինների, անչափահաս երեխաների և անչափահաս երեխաներին միայնակ խնամատարների միավորումից) կացության թույլտվություն կարող է տրամադրվել միայն ծայրահեղ բարդ կացության մեջ գտնվող ընտանիքի անդամներին (§36 AufenthG): 

Սա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ ընտանիքի որևէ անդամին հրատապ կերպով անհրաժեշտ է  մյուս անդամի տևական օգնությունը, և վերջինս այս օգնությունը ի վիճակի է կազմակերպել միմիայն Գերմանիայում (օրինակ՝ առանձնահատուկ խնամքի անհրաժեշտության պարագայում): Ծայրահեղ բարդ իրավիճակը հիմնավորող հանգամանքները միշտ պետք է բխեն յուրաքանչյուր առանձին դեպքի անհատական առանձնահատկություններից (օրինակ՝ հիվանդություն, հաշմանդամություն, խնամքի կարիք, հոգեբանական օգնության կարիք: Բացի այդ՝ պետք է հիմնավորվի, թե ինչու հնարավոր չէ Գերմանիայից ստացված ֆինանսական աջակցությամբ Հայաստանում կազմակերպել պատշաճ խնամք, լինի դա պետական կառույցների միջոցով, խնամքի հաստատությունների, ինչպես օրինակ՝ ծերանոցների կամ խնամքի կենտրոնների միջոցով կամ տանը մասնավոր հիմունքներով կազմակերպված խնամքի միջոցով):

Ծայրահեղ ծանր դրություն չեն համարվում, օրինակ, անբարենպաստ դպրոցական, տնտեսական, սոցիալական կամ այլ իրողությունները հայրենի երկրում: Կանխավ ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ սովորական, տարիքի հետ կապված առողջական խնդիրները նույնպես (օր՝ Հայաստանում ապրող շատ մարդկանց տեսողության, լսողության, շարժունակության համեմատ դիմողի լսողության, տեսողության կամ շարժունակության վատացումը) հիմնականում չեն որակվում որպես ծայրահեղ ծանր դրություն: Նաև ընտանիքի այն անդամների նկատմամբ կարոտը, որոնք հիմնականում իրենց որոշմամբ են մեկնել արտերկիր, հիմնականում չի կարող որպես ծայրահեղ ծանր հանգամանք դիտարկվել: 

Անգամ ծայրահեղ ծանր դրության հիմնավորմամբ ընտանիքի վերամիավորման դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է դիմումատուի ներկայությունը, քանի որ անհրաժեշտ են նրա կենսաչափական տվյալները (մատնահետք): Մատնահետքի հանձնումը հնարավոր է բացառապես վիզայի բաժնում:

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունը: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղումվերաբերյալ։

2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։ 
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։

Նմուշների ցուցատախտակ
Նմուշ-թերթիկ

  • գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
  • անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

Երաշխավորող անձի հրավերը, որում վերջինս պարտավորվում է ստանձնել բոլոր ծախսերը ըստ ԳԴՀ Կացության մասին օրենքի §§ 66-68 (պարտավորագիր)։

Քաղաքացիական կացության վերաբերյալ փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում նաև Գերմանիայում ապրող այն հարազատների հետ բարեկամական կապերը հաստատող ապացույցներ, որոնց հետ պետք է տեղի ունենա վերամիավորումը, օրինակ՝ ամուսնության վկայական, ծննդյան վկայական, ամուսնալուծության վկայական (եթե առկա է), մահվան վկայական, անվանափոխության վկայական, որդեգրման վկայական, դատական կամ վարչարարական որոշումներ։

Գերմանիայում ապրող հարազատների ճամփորդական անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ պարունակող էջերի պատճենը, կամ կացության թույլտվության պատճենը։

Ընթացիկ մանրամասն փաստաթղթեր, որոնցից բխում է, թե ինչու է Գերմանիայում ապրող հարազատների հետ միավորումն անհրաժեշտ, օրինակ՝ դիմումին կից բացատրագիր, բժշկական թարմ տեղեկանքներ, տեղեկանքներ խնամքի հաստատություններից, տնային խնամող անձանցից, սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկներից և այլն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր դիմումի քննության շրջանակում Ձեզ կարող են խնդրել՝ ներկայանալ դեսպանության վստահված բժշկին: Այս մասին դեսպանությունը ժամանակին կտրամադրի հավելյալ տեղեկություններ՝ հայտնելով նաև բժշկի հետ հանդիպման օրը և ժամը: Բուժզննումը վճարովի է:  

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ 

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Վիզայի համար հերթագրում

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:  
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։

Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։

Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։ 

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ