Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Միջին մասնագիտական կրթություն § 16a
Վիզայի համար դիմում ներկայացնելը
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :
- Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ:
- Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
- Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները:
- Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 6 – 14 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար:
- Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո:
- Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը, չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
- Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
- Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս:
- Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de
Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղում) վերաբերյալ։
2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
- գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։
Գերմաներենով ինքնուրույն շարադրած և ստորագրած հիմնավորագիր, որում մանրամասն ներկայացված լինեն նախատեսված մասնագիտական կրթությունը և հետագա մասնագիտական կարիերայի պլանները: Գրության մեջ խնդրում ենք նշել նաև, թե որտեղ և ինչպես եք ձեռք բերել մասնագիտական կրթությունը ստանալու համար անհրաժեշտ լեզվական գիտելիքները, և թե անհրաժեշտության դեպքում ինչպես եք պատրաստվում խորացնել դրանք: Եթե դեռևս ձեռք չեք բերել մասնագիտական կրթության համար պահանջվող լեզվական գիտելիքներ, խնդրում ենք հիմնավորել՝ ինչու:
Միջին մասնագիտական կրթություն ձեռք բերելու վերաբերյալ գերմաներեն պայմանագիր (Ausbildungsvertrag), որը ստորագրված լինի գործատուի և գործառուի կողմից:
Կրթության պլան (Ausbildungsplan)
Եթե վերաբերում է. կրթության լրացուցիչ վկայականներ (օրինակ՝ մասնագետ բժիշկների վերապատրաստման դեպքում).
- Ճանաչման իրավասու մարմնի տեղեկանքը, որը արձանագրում է համապատասխանեցման պահանջվող քայլերը և այլ որակավորումներ (օրինակ՝ լեզվի վկայական)
- Եթե կրթությունը իրականացնում է ընկերությունը, նաև՝ վերապատրաստման պլան։
Ֆինանսավորում
Առաջին տարվա համար առնվազն ամսական 771 € netto/ 927 € brutto ֆինանսական միջոցների ապացույց որևէ ընկերությունում արհեստագործական (միջին մասնագիտական) կրթություն ստանալու, և 903 €՝ դպրոցական միջին մասնագիտական կրթություն ստանալու համար: Եթե սկզբում պետք է մասնագիտական կրթության համար պահանջվող լեզվական՝ գերմաներենի դասընթաց ավարտել առանց աշխատավարձ ստանալու, կամ երբ մասնագիտական կրթություն ստացողի աշխատվարձը ավելի ցածր է, պետք է առանձին ապացույց ներկայացնել բացակայող գումարի (Fehlbetrag) վերաբերյալ, օրինակ՝ արգելափակված հաշվեհամարի (Sperrkonto) կամ պարտավորագրի տեսքով:
- Պաշտոնական պարտավորագիր, որը տրված լինի Գերմանիայում ապրող անձի կողմից՝ համաձայն §§ 66-68 AufenthG-ի, առավելագույնը վեց ամիս առաջ, և որում որպես կացության նպատակ նշված լինի „Ausbildung“ (մասնագիտական կրթություն), ինչպես նաև պարտավորվող անձի ֆինանսական հաստատված հիմքերը (Bonität): Այս փաստաթուղթը տրամադրում են Գերմանիայի Օտարերկրացիների հարցերով մարմինները (Ausländerbehörden in Deutschland):
- «Արգելափակված» հաշիվ (Sperrkonto) Գերմանիայի բանկերից մեկում՝ դիմումատուի անունով, որի վրա առկա լինի առաջին կրթական տարվա համար պահանջվող գումարը:
Տեղեկություններ «արգելափակված» հաշվեհամարի վերաբերյալ՝ անգլերեն կամ գերմաներեն
Եթե կրթություն իրականացնող հաստատությունն արդեն իսկ չի հաստատել լեզվի իմացությունը, ապա պետք է ներկայացնել
ապացույց գերմաներենի գիտելիքների վերաբերյալ (առնվազն B1՝ որակավորված միջին մասնագիտական կրթություն ստանալու համար, այլ դեպքերում՝ որպես կանոն առնվազն՝ A2 մակարդակ)
կամ
ապացույց առ այն, որ գրանցվել եք միջին մասնագիտություն ստանալուն ուղղված լեզվի նախապատրաստական ինտենսիվ դասընթացի։
Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալության/ZAV-ի կողմից՝ աշխատանքի ընդունվելու նպատակով տրվող թույլտվություն.
Ուշադրություն. գերմանական գործատուները հնարավորություն ունեն կրթական (միջին մասնագիտական կրթության) պայմանագրով անմիջականորեն դիմել վերոնշյալ գործակալությանը՝ անհրաժեշտ թույլտվությունը ստանալու համար: Եթե այս թույլտվությունը ներկայացվում է վիզայի դիմումի հետ միասին, վիզայի մշակման գործընթացի տևողությունը էականորեն կրճատվում է:
18 տարին չլրացած դիմումատուների դեպքում պահանջվում է խնամատար անձանց (ծնողների)՝ նոտարով հաստատված համաձայնությունը՝ երեխայի միայնակ ճամփորդելու և Գերմանիայի տարածքում նրա երկարաժամկետ կացության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք առ այն, թե Գերմանիայում ով է ստանձնելու անչափահասի խնամատարությունը: Այն պետք է տրված լինի ծնողների և Գերմանիայում խնամատարությունը ստանձնած անձի կողմից, որին կից ներկայացվի նաև անձնագրերի կամ անձը հաստատող փաստաթղթերի պատճենը, դիմողի ծննդյան վկայականը և պատճեն (եթե այն ֆինանսական տեղեկանքի հետ չի ներկայացվել):
Այլ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, օրինակ՝ Ռուսաստանի, Իրանի կամ Հնդկաստանի քաղաքացիները իրենց բնակությունը Հայաստանում հավաստելու համար պետք է ներկայացնեն Հայաստանի կացության թույլտվություն՝ ռեզիդենտ քարտ (առնվազն վեց ամսվա):
Եթե Ձեզ՝ որպես միջին մասնագիտական կրթություն ստացողի համար օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեջ նշված է «պարտադիր ապահովագրություն», ապա պետք է նկատի ունենաք, որ այն գործում է միայն Գերմանիայում բնակություն հաստատելու և միջին մասնագիտական կրթությունը սկսելու պահից: Եթե դուք մուտք եք գործում դրանից առաջ, ապա մինչև Ձեր կրթական իրավահարաբերության և օրենքով սահմանված բժշկական ապահովագրության մեկնարկը պետք է կնքեք մասնավոր բժշկական ապահովագրություն: Ճամփորդական բժշկական ապահովագրությունները, հնարավոր է, չապահովեն ապահովագրական պաշտպանվածություն Ձեր ապահովագրության պայմաններում, եթե նախատեսված է երկարաժամկետ և տևական կացություն: Հնարավոր է, որ այսպես կոչված „incoming“ ապահովագրությունները նույնպես չապահովեն այդպիսի պաշտպանվածություն:
Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է, դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
Կարևոր ցուցումներ
Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։
Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։
Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։
Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։
Վիզայի համար հերթագրում
Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: