Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ընտանիքի վերամիավորում ԳԴՀ տարածքում ապրող ԵՄ կամ ԵՏՏ (Եվրոպական տնտեսական տարածք) քաղաքացիների հետ(ոչ ԳԴՀ քաղաքացիների)
Ընդհանուր տեղեկություններ
Սույն հուշաթերթիկը նախատեսված չէ ԳԴՀ քաղաքացու հետ միավորվելու համար: Փաստաթղթերը հավաքելիս խնդրում ենք առաջնորդվել համապատասխան հուշաթերթիկներով: Ստորև ներկայացվող տվյալները վերաբերում են նաև գրանցված միասեռ զուգընկերների միավորմանը: Ամուսնու հետ միավորման նպատակով վիզա կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե երկու ամուսինների 18 տարին էլ լրացել է: ԵՄ կամ ԵՏՏ քաղաքացու հետ ամուսնությունը գրանցելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ամուսնության գրանցելու վերաբերյալ հուշաթերթիկով: Այս դեպքում A1 մակարդակի գերմաներենի իմացության մասին վկայական ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Վիզայի համար դիմում ներկայացնելը
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :
- Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ:
- Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
- Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունը:
- Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 2 – 4 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար:
- Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո:
- Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը, չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
- Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
- Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս:
- Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de
Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղում) վերաբերյալ։
2 նոր, բիոմետրիկ լուսանկար, մեկը խնդրում ենք սոսնձել դիմում-հարցաթերթիկին։
Գերմանիայի դեսպանությունը վիզայի ընթացակարգի համար ընդունում է միայն թարմ, բիոմետրիկ (կենսաչափական) լուսանկարներ։ Պահանջվող լուսանկարի վերաբերյալ ցուցումները կարող եք գտնել լուսանկարների նմուշների ցուցատախտակում, ինչպես նաև նմուշ-թերթիկում։
- գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ),
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։
Ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում՝ ՀՀ-ում կացության թույլտվություն
Համատեղ կացության վերաբերյալ ազատ շարադրանքով հրավեր՝ Գերմանիայում բնակվող ԵՄ/ԵՏՏ քաղաքացուց, նաև ազատ շարադրանքով հայտարարություն, որ վերջինս ապահովում է Ձեր կենսական կարիքները։
Գերմանիայում բնակվող ԵՄ/ԵՏՏ քաղաքացու տեղեկանքը բնակության վայրից։
Գերմանիայում բնակվող ԵՄ/ԵՏՏ քաղաքացու ճամփորդական անձնագրի կամ անձնագրի տվյալների էջի պատճեն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերջինիս կացության թույլտվության պատճեն։
Գերմանիա միասին վերաբնակության մեկնելու դեպքում՝ վարձակալության մասին պայմանագիրը, սեփականության վկայականը կամ որևէ այլ վկայական՝ ապագա բնակության վայրի հասցեի նշումով։
- Եթե ԵՄ/ԵՏՏ քաղաքացին աշխատում է, ապա նրա աշխատանքային գործունեությունը հավաստող վկայական (օրինակ՝ գերմանական աշխատանքային պայմանագիր)
- Եթե ԵՄ/ԵՏՏ քաղաքացին չի աշխատում, պետք է ներկայացնել
o կացության բավարար միջոցների վերաբերյալ տեղեկանք, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանությամբ
o առողջապահական ապահովագրության վկայական
- եթե Դուք ամուսնացած եք ԵՄ/ԵՏՏ քաղաքացու հետ,
o ամուսնության վկայական (ուշադրություն. դանիական ամուսնության վկայականը նույնպես պետք է ունենա ապոստիլ)
o նախկին ամուսնությունների դեպքում՝ բոլոր նախկին ամուսնական վկայականներ, մահվան կամ բաժանության վկայականներ, բաժանության՝ իրավական ուժի վերաբերյալ նշումով վճիռները, անվանափոխության վերաբերյալ տեղեկանքներ
- եթե Դուք վայրընթաց գծով բարեկամ եք և Ձեր 21 տարին դեռ չի լրացել,
o ապացույցներ ԵՄ/ԵՏՏ քաղաքացուց սերելու վերաբերյալ՝ վկայականի տեսքով (օրինակ՝ ծնողների կամ ծնողներից մեկի՝ ԵՄ/ԵՏՏ քաղաքացու հետ ամուսնության վկայականը, ծննդյան վկայականը)
- եթե Դուք վերընթաց կամ վայրընթաց գծով բարեկամ եք, որին հատկացվում է ալիմենտ,
o ապացույցներ ԵՄ/ԵՏՏ քաղաքացուց սերելու վերաբերյալ՝ վկայականի տեսքով (օր.՝ ծնողների կամ ծնողներից մեկի՝ ԵՄ/ԵՏՏ քաղաքացու հետ ամուսնության վկայականը, ինչպես նաև ծննդյան վկայականը)
o ապացույց ալիմենտի տրամադրման վերաբերյալ (օր.՝ տեղեկանք ֆինանսական հաստատությունից)։
Ամուսնու/ գրանցված կողակցի կամ երեխայի՝ Գերմանիայի տարածքում բուհական ուսումն ավարտող ԵՄ/ԵՏՏ քաղաքացու հետ միավորման դեպքում՝
-
ապացույցներ ԵՄ/ԵՏՏ քաղաքացուց սերվելու վերաբերյալ՝ վկայականի տեսքով (օր.՝ ամուսնության վկայական, ծննդյան վկայական)
-
ԵՄ/ԵՏՏ քաղաքացու ուսանողական վկայականը
-
ալիմենտի հատկացման վերաբերյալ ապացույց (օր.՝ տեղեկանք ֆինանսական հաստատությունից)
-
կացության բավարար միջոցների վերաբերյալ ապացույց
- առողջապահական ապահովագրության վկայական
Անհրաժեշտության դեպքում հավելյալ ապացույցներ և ճամփորդական-առողջապահական ապահովագրություն (դիմումի դրական ընթացքի դեպքում պետք է վիզան ստանալուց առաջ ներկայացնել ապացույց առկա ճամփորդական-առողջապահական ապահովագրության մասին, եթե այն արդեն կանխավ ներկայացված չի եղել):
Կարևոր ցուցումներ
Ալիմենտի տրամադրման նախապայմանը Աշխատուժի ազատ տեղափոխման օրենքի շրջանակում ենթադրում է ընտանիքի անդամին մատուցվող ծառայություն, որը վերջինիս կողմից օգտագործվում է հիմնական կարիքները ծագման երկրում հոգալու նպատակով: Վիզայի ընթացակարգում անհրաժեշտ է գրավոր ապացույց ներկայացնել ալիմենտի փաստացի հատկացումների վերաբերյալ, օրինակ՝ ֆինանսական հաստատության կողմից տրված տեղեկանքի տեսքով: Ընտանիքի անդամի կամ ԵՄ քաղաքացու սովորական հայտարարությունը, որով, օրինակ, հավաստվում է, որ աջակցությունն իրականացվել է և կշարունակվի տրամադրվել, առանց լրացուցիչ ապացույցի չի կարող բավարար լինել:
Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է, դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
Ուշադրություն․
Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։
Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։
Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։
Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։
Վիզայի համար հերթագրում
Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․ Առցանց հերթագրման համակարգ
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: