Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորում (DWV)

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը, © DWV

Հոդված

Գերմանական տնտեսական միավորումը (DWV) հանդիսանում է Գերմանիայի առևտրի պալատի ներկայացուցչությունը Հայաստանում։  DWV-ն Հայաստանում ներկայացնում է գերմանական ընկերությունների հետաքրքրությունները՝ միաժամանակ աջակցելով հայկական ընկերություններին՝ Գերմանիայում գործնական կապեր հաստատելու և համագործակցելու հարցերում:

Որպես Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի (AHK) գործընկեր՝ Գերմանական տնտեսական միավորումը համագործակցում է հայաստանյան և գերմանական տնտեսական և քաղաքական մարմինների, նախարարությունների հետ:

 Գերմանական տնտեսական միավորումը 2013թ. սկսած որդեգրել է առաքելություն՝ աջակցելու ու նպաստելու հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Ներկայումս միավորումն ունի մոտ 100 անդամ-ընկերություն և՛ Հայաստանից, և՛ Գերմանիայից։

Անդամ ընկերությունների համար միավորումը կազմակերպում է տարբեր միջոցառումներ ամսական կտրվածքով՝ կլոր-սեղան քննարկումներից մինչև B2B նեթվորքինգ, պետական մարմինների հետ հանդիպումներից մինչև կոնֆերանսներ և թրեյնինգներ։ Միավորումը իր գործունեության շրջանակում կազմակերպում, համակարգում և իրականացնում է ոլորտային պատվիրակությունների այցեր Հայաստանից Գերմանիա և հակառակը՝ զարկ տալով հայ-գերմանական բիզնես կապերի զարգացմանը և համագործակցությանը։

Օգտագործելով Գերմանական առևտրի պալատի հետ ուղիղ կապն ու համագործակցությունը՝ Գերմանական տնտեսական միավորումը աջակցում է հայ գործարարներին Գերմանիայում գործընկերներ գտնելու, ինչպես նաև արտահանման և ներկրման գործընթացներում։

Միավորումը սերտ համագործակցում է դեսպանատան հետ, Հայաստանում գործող գերմանական հիմնադրամների հետ, GIZ-ի հետ (Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն)։ ԳՏՄ-ն հանդիսանում է Գերմանական տնտեսական թիմի, Բեռլին Էքոնոմիքսի (GET/BE) և Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի (OA) գործընկերը Հայաստանում։

Գերմանական տնտեսական միավորումը Fruit Logistica միջազգային ցուցահանդեսի, ինչպես նաև Messe Frankfurt ցուցահանդեսների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Միավորումը աջակցում է մասնակցության տոմսեր ձեռք բերելու գործընթացում, տրամադրում է խորհրդատվություն։ Կարևոր է, որ հայկական ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցելու նմանատիպ միջազգային ցուցահանդեսների՝ ճանաչում և սպառման շուկաներ գտնելու համար։ Messe Frankfurt-ը հնարավորություն է ընձեռում ցուցադրողներին իրենց ապրանքները ներկայացնել միջազգային շուկաներում: Որպես համաշխարհային մեծության տոնավաճառ-կոնցեռն՝ այն ունի ներկայացուցչություն ավելի քան 150 երկրում: Յուրաքանչյուր տարի կարելի է այցելել Ֆրանկֆուրտի ավելի քան 30 ցուցահանդեսներին:

Նշենք նաև, որ Գերմանական տնտեսական միավորումը հանդիսանում է SES՝ Գերմանացի ավագ փորձագետների ծառայության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ծրագրի դիմորդներին միավորումը աջակցում է գտնել և Հայաստան հրավիրել գերմանացի ավագ փորձագետների, որոնք մեծ սիրով և կամավոր հիմունքներով գալիս են Հայաստան և իրենց փորձով ու գիտելիքներով կիսվում հրավիրող կողմի աշխատակիցների հետ՝ այսպիսով նպաստելով աշխատակազմի զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը։

DWV-ի կողմից առաջարկվող հիմնական ծառայություններն են՝

  • շուկայի հետազոտություն, խորհրդատվություն և վերլուծություն
  • բիզնես գործընկերների միջնորդում
  • պատվիրակությունների այցերի կազմակերպում
  • իրավական, հարկային և մաքսային տեղեկությունների տրամադրում
  • նեթվորքինգ կապերի միջնորդում
  • հասցեների որոնում
  • աջակցություն ցուցահանդեսների մասնակցելու հարցում
  • փորձագետների որոնում և ներգրավվում։

DWV (ԳՏՄ) գործադիր տնօրենը Մերի Նավասարդյանն է, իսկ հինգ անդամից բաղկացած վարչության նախագահը՝  Արտաշես Մարգարյանը (Codeex ընկերության տնօրեն)։ ԳՏՄ վարչական խորհրդում որպես խորհրդատու ներգրավված են նաև Երևանում Գերմանիայի դեսպանության (փոխդեսպան Էրիկ Թինտրուպ), Գերմանական Միջազգային համագործակցություն ընկերության (Արամ Բաբայան) և Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամի (Էրիկ Բյոթխեր) մեկական ներկայացուցիչ։

Կոնտակտային տվյալներ՝

Հասցե՝ Սայաթ-Նովա 19, Երևան, Հայաստան 

Հեռախոս՝ +374 77 660 351 

Էլ․ հասցե՝ info@dwv.am

Կայք՝  https://dwv.am/


դեպի էջի սկիզբ