Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Շանս-քարտ (Chancenkarte) մասնագետների համար

Հոդված

Վիզայի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրվել կարող եք միայն առցանց եղանակով: Առցանց հերթագրման համակարգ կարող եք մուտք գործել դեսպանության կայքի միջոցով․ www.eriwan.diplo.de :

  • Ոչ գերմանալեզու փաստաթղթերը՝ բացառությամբ անձնագրի տվյալների էջի, պետք է ներկայացնել գերմաներեն հաստատված թարգմանությամբ: 
  • Վկայականները, դիպլոմները և նմանատիպ փաստաթղթերը պետք է ներկայացնել բնօրինակով և ապոստիլով/լեգալիզացիայով: Բնօրինակները կվերադարձվեն:
  • Վիզայի համար հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության (Bundesagentur für Arbeit) և համապատասխան վայրի Օտարերկրացիների հարցերով մարմնի (Ausländerbehörde) համաձայնությունը: Վիզան կարող է տրվել միայն, երբ դեսպանությունը ստանա այս համաձայնությունները: 
  • Դիմումի քննությունը և մշակումը սովորաբար տևում է 2 – 4 շաբաթ, առանձին դեպքերում՝ ավելի երկար: 
  • Ավիատոմսի ամրագրում վիզայի համար չի պահանջվում, խնդրում ենք ավիատոմս ամրագրել միայն վիզա ստանալուց հետո: 
  • Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։ Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ վիզա ստանալու համար։ Ոչ լիարժեք փաստաթղթերը կարող են դանդաղեցնել գործընթացը և հանգեցնել դրանց վերադարձի կամ մերժման։ Դեսպանություն ուղարկված այն ֆաքսերը կամ գրությունները, որոնց վրա բացակայում է վիզայի գործի համարը,  չեն տեսակավորվում և չեն կցվում գործերին։
  • Խնդրում ենք դիմումի վերոնշյալ մշակման ժամանակահատվածում, ձեռնպահ մնալ դիմումի ընթացքի վերաբերյալ հարցումներ անելուց: Այդ հարցումները էապես ծանրաբեռնում են վիզայի բաժնի աշխատանքը, այդ պատճառով վիզայի բաժինը չի կարող պատասխանել:
  • Վիզայի վճարը կազմում է 75 եվրո, որը վճարվում է դրամով՝ դիմումը հանձնելիս: 
  • Բոլոր փաստաթղթերը (հատկապես անձնագրի պատճենները) պետք է ներկայացնել A4 ձևաչափով՝ առանց ամրացնելու, կարելու և թափանցիկ թղթապանակների։

Ընդհանուր տեղեկություններ

Շանս-քարտը Գերմանիայի կացության օրենքում (Aufenthaltsgesetz) 01.06.2024-ից ներդրված նոր իրավական հիմք է, որը կանոնակարգված հասանելիություն է ապահովում է Գերմանիայի աշխատաշուկային՝ աշխատանք փնտրելու համար։ Աշխատատեղ փնտրելուց բացի այն նաև հնարավորություն է տալիս մասնագիտական որակավորումները Գերմանիայում ճանաչել տալու եղանակներ փնտրել։  

Շանս-քարտ կարելի է ձեռք բերել երկու ճանապարհով․ 

  • Այն դիմումատուները, որոնք կարող են հավաստել արտերկրում ստացած իրենց որակավորման  լիակատար համարժեքությունը և ըստ այդմ համարվում են ‚Fachkraft‘ (մասնագետ), կարող են միայն կենսական միջոցների ապացույցով և առանց հատուկ այլ նախապայմանների ստանալ շանս-քարտ։

  • Մյուս բոլոր դիմումատուները պետք է ներկայացնեն արտերկրում ստացած իրենց բուհական կրթության ավարտական վկայականը կամ առնվազն երկամյա միջին մասնագիտական կրթության վկայականը (որոնք պետականորեն ճանաչված են տվյալ երկրում) կամ արտերկրում գերմանական որևէ առևտրային պալատի կողմից տրված մասնագիտական կրթության ավարտական վկայականը։ Բացի այդ՝ պահանջվում է գերմաներենի նվազագույն (A1 մակարդակ) կամ անգլերենի միջին (B2 մակարդակ) իմացություն։ Եթե այս նախապայմանները բավարարված են, կարելի է լրացուցիչ միավորներ հավաքել տարբեր այլ չափանիշներով, օրինակ, Գերմանիայում որակավորումների ճանաչման, լեզվի իմացության, մասնագիտական փորձի, տարիքի և Գերմանիայի հետ ունեցած առնչությունների, ինչպես նաև կանանց, ամուսինների, զուգընկերուհիների և զուգընկերների ներուժի չափանիշներով։ Շանս-քարտ ստանալու համար պետք է հավաքել առնվազն 6 միավոր։   

Շանս-քարտը տրվում է առավելագույնը մեկ տարով, եթե այդ ժամանակահատվածի համար ապահովվում են կենսական միջոցները։ Քարտը Գերմանիայում կացության ընթացքում հնարավորություն է տալիս փորձնական աշխատանք կամ ոչ հիմնական աշխատանք կատարել շաբաթական 20 ժամ տևողությամբ։  

Շանս-քարտի (մասնավորապես՝ 'Self-Check') վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կամ Գերմանիայում աշխատելու և ապրելու վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել այստեղ․ Make it in Germany.

Ստորև ներկայացվող ցանկը Ձեզ հնարավորություն կտա նշելու միջոցով ստուգելու՝ լիարժե՞ք է արդյոք Ձեր դիմումը։ Խնդրում ենք ներկայացնել այստեղ նշված փաստաթղթերը՝ անհրաժեշտ ձևով և հաջորդականությամբ։ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ստորև նշված փաստաթղթերն անհրաժեշտ է լիարժեքորեն ներկայացնել յուրաքանչյուր առանձին դիմումի դեպքում։ 

Գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացված դիմում-հարցաթերթիկ՝ ներառյալ Կացության մասին դաշնային օրենքի §54-ով սահմանված իրազեկումը: Հարցաթերթիկը կարող եք գտնել դեսպանության կայքում՝ սույն հղումով. https://videx-national.diplo.de https://videx-national.diplo.de 

Լիարժեք լրացված և ստորագրված հայտարարություն հասանելիության (հղում)  վերաբերյալ։

Գործող ճամփորդական անձնագիր, որը վավերական լինի առնվազն 6 ամիս, (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ անձնագիրը տրված լինի ոչ ավելի վաղ, քան տասը տարի առաջ)։

անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, վիզա կամ որևէ այլ նշում։

 

Մոտիվացիա/Հիմնավորագիր, որից պետք է բխի, թե 
- որ աշխատանքային ոլորտներով ու աշխատատեղերով եք Դուք հետաքրքրված Գերմանիայում, 
- որտեղ եք ցանկանում դիմել աշխատանքի ընդունվելու համար, 
- Գերմանիայում որտեղ եք ցանկանում մնալ (մնալու տեղի և կենսական այլ միջոցների հետ կապված նշումներով), 

- եթե վերաբերում է – ինչ քայլեր եք նախատեսում Գերմանիայում Ձեր մասնագիտական որակավորումները ճանաչել տալու ուղղությամբ։

Աղյուսակային կենսագրություն՝ մինչ այժմ ունեցած աշխատանքային գործունեության վերաբերյալ։

Դուք կարող եք Գերմանիայում Ձեր կենսապահովման ծախսերը ծածկել սեփական միջոցներով կամ պաշտոնական պարտավորագրի միջոցով։ Լրացուցիչ հնարավոր է նաև - եթե արդեն հստակ նախատեսված է – հաշվի առնել շանս-քարտով թույլատրված ոչ հիմնական աշխատանքը։ Խնդրում ենք, որքանով վերաբերելի է Ձեզ, ներկայացնել հետևյալ  տեղեկանքները․

  • Սեփական միջոցներ՝ այսպես կոչված Sperrkonto-ի՝ պայմանականորեն «արգելափակված» հաշվեհամարին․ Գերմանիայում կացության համար յուրաքանչյուր դիմումատու սկզբունքորեն պետք է ամսական առնվազն 1.091 եվրո ունենա, շանս-քարտի վավերականության 12-ամսյա ժամկետի համար՝ ընդամենը 13․092 եվրո։ Այս միջոցների առկայությունը դիմումատուն կարող է հավաստել «արգելափակված» հաշվեհամարի միջոցով։  
    «Արգելափակված» հաշվեհամար․ Խնդրում ենք հաշվեհամարը բացել նախապես՝ դիմումը ներկայացնելուց առաջ։ Դիմումը ներկայացնելիս ընդունվում է բացառապես բանկի՝ հաշվեհամարի բացումը հաստատող այնպիսի տեղեկանքը, որում նշված է մուտքագրված ողջ գումարի և ամսական հասանելի գումարի չափը։ Առանց ամսական հասանելի գումարի նշման՝ տեղեկանքը բավարար չէ։ Բավարար չէ նաև գումարի մուտքագրման և փոխանցման կտրոնը՝ առանց բանկի կողմից այդ գործարքը հաստատող տեղեկանքի։   
  • Ոչ հիմնական աշխատանք․ Եթե Դուք արդեն աչքի տակ ունեք Գերմանիայում որևէ ոչ հիմնական աշխատանք, կարող եք դա հավաստել աշխատանքային պայմանագրով  կամ աշխատանքի առաջարկի վերաբերյալ պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով, որոնց մեջ նշված կլինեն շաբաթական աշխատաժամերը և ամսական եկամուտը։ 
  • Պարտավորագիր․ Պաշտոնական պարտավորագրի ձևաթղթով ապացույց՝ ըստ §§ 66, 68 AufenthG, որով անձը Օտարերկրացիների հարցերով գերմանական մարմնի (Ausländerbehörde) առջև գրավոր պարտավորվում է ստանձնել ծախսերը (բնօրինակը և պատճենը)։

Տեղեկություններ «արգելափակված» հաշվեհամարի վերաբերյալ՝ անգլերեն կամ գերմաներեն

​​​

Մասնավոր բժշկական ապահովագրություն (հիմնականում կոչում են 'Incoming-ապահովագրություն), որը գործի Շենգենյան ողջ տարածքում, ծածկի առնվազն 30․000 եվրո բժշկական ծախս և վավերական լինի շանս-քարտի վավերականության ողջ ժամկետում (այն պետք է ներկայացնել ամենաուշը վիզան վերցնելու պահին)։

Եթե ունեք Գերմանիայում ստացած միջին մասնագիտական կրթության կամ բարձրագույն կրթության ավարտական վկայական, կամ Գերմանիայից դուրս ստացած միջին մասնագիտական կրթության կամ բարձրագույն կրթության ավարտական վկայական, որը ճանաչվում է Գերմանիայում, ապա Դուք համարվում եք 'Fachkraft' (մասնագետ)՝ համաձայն § 18 III AufenthG-ի, և շանս-քարտ ստանալու համար Ձեզ հարկավոր չէ միավորներ հավաքել։ Խնդրում ենք Ձեր Fachkraft-որակավորումը հավաստել՝ ներկայացնելով։

  • Գերմանիայում ստացած միջին մասնագիտական կրթության վկայականը (բնօրինակը և պատճենը)

ԿԱՄ

  • Գերմանիայում ստացած բարձրագույն կրթության ավարտական վկայականը (բնօրինակը և պատճենը)

ԿԱՄ

  • Արտերկրում ստացած բարձրագույն կրթության համարժեքության ճանաչումը (Ձեր բուհական ավարտական վկայականի քաղվածքը anabin-Datenbank համակարգից)

ԿԱՄ (եթե ավարտական վկայականը anabin-Datenbank -ում գնահատված չէ որպես "entspricht" կամ "gleichwertig", իսկ բուհը գնահատված չէ որպես "H+" )

ԿԱՄ

(այն կանոնակարգված մասնագիտությունների դեպքում, որոնցով աշխատելու համար պահանջվում է թույլտվություն, օրինակ՝ բժիշկների, ինժեներների և այլն․ լիարժեք ցանկը կարող եք գտնել այս Bundesagentur für Arbeit կամ այս EU-Kommission հղումներով)

  • Մասնագիտությամբ աշխատելու թույլտվություն՝ տրված ճանաչման համար իրավասու մարմնի կողմից կամ մասնագիտությամբ աշխատելու թույլտվության հավաստիացում, օրինակ, բժշկական մասնագիտությունների համար՝ ԳԴՀ տարածքում գործող ապրոբացիոն մարմնի որոշումը, այսինքն՝ մասնագիտությամբ աշխատելու թույլտվության հավաստիացում կամ բժշկական ապրոբացիայի տրամադրում (բնօրինակը և պատճենը)

Ճանաչման վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով․ www.anerkennung-in-deutschland.de ։

Եթե Դուք ‚Fachkraft‘ ՝ մասնագետ չեք (ձևակերպումը՝ վերևում), ապա Ձեզ հարկավոր է բավարարել ստորև նշված նախապայմանները և ներկայացնել համապատասխան ապացույցները․

'Make it in Germany' -ում անցկացրած' Self-Check' ինքնաստուգման քաղվածքը՝ ձեռք բերած միավորների մասին,

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

  • Արտերկրում ստացած միջին մասնագիտական կրթության վկայականը (բնօրինակը և պատճենը), 

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

  • 'Zentralstelle für ausländisches Bildungswesen' ZAB-ի տեղեկանքը (բնօրինակը և պատճենը) Ձեր՝ արտերկրում ստացած միջին մասնագիտական որակավորման մասին (պետական ճանաչում, առնվազն 2 տարի տևողությամբ կրթություն)

 ԿԱՄ

  • Ձեր միջին մասնագիտական որակավորման այսպես կոչված Մասնակի ճանաչման տեղեկանքը/Defizitbescheid (բնօրինակը և պատճենը)

ԿԱՄ

  • Արտերկրում ստացած բուհական կրթության ավարտական վկայական (բնօրինակը + պատճենը), 

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

  • Ապացույց բուհական ավարտական վկայականի պետական ճանաչման վերաբերյալ՝ հետևյալ եղանակներով․
  • Արտերկրում ստացած բուհական կրթության վկայականի (պայմանական) համեմատելիության հաստատում  ( Ձեր բուհական ավարտական վկայականի կամ Ձեր բուհի վերաբերյալ anabin-Datenbank -ից քաղվածք)
  • ԿԱՄ (եթե ավարտական վկայականը anabin-Datenbank -ում չի դասակարգվում որպես "entspricht" կամ "gleichwertig" և/կամ բուհը գնահատված չէ որպես "H+" )
  • 'Zentralstelle für ausländisches Bildungswesen' -ի եզրակացությունը Ձեր վկայականի մասին (բնօրինակը և պատճենը)

ԿԱՄ

  • Արտերկրում Գերմանիայի առևտրային պալատներից որևէ մեկում ստացած միջին մասնագիտական կրթության ավարտական վկայական և դրան կից 'Bundesinstituts für Berufsbildung' BIBB կողմից տրված հաստատում (բնօրինակը և պատճենը)։

  • Գերմաներենի իմացությունը հաստատող վկայական (բնօրինակը և պատճենը)՝ առնվազն A1 մակարդակի

ԵՎ/ԿԱՄ

  • Անգլերենի իմացությունը հաստատող վկայական (բնօրինակը և պատճենը)՝ առնվազն B2 մակարդակի։ Վկայականը տրամադրող հաստատությունը պետք է արտոնագրված լինի 'Association of Language Testers in Europe' -ի կողմից։ Որպես այլընտրանք կարող է դիտարկվել նաև 'Test of English as a Foreign Language' (TOEFL)-ը։

Կարևոր ցուցում․ Վերոնշյալ փաստաթղթերը կարևոր են նաև շանս-քարտի միավորների հաշվարկման համար։ Օրինակ, Դուք կարող եք միավորներ ստանալ գերմաներենի և անգլերենի իմացության որոշակի մակարդակների համար, կամ Ձեր՝ արտերկրում ստացած մասնագիտական որակավորման մասնակի ճանաչման համար։ 

Շանս-քարտի միավորներ (միավորներ հավաքելու վերաբերյալ մանրամասները՝'Make it in Germany' կայքում) կարող եք հավաքել նաև հետևյալ փաստաթղթերով․

  • Վերջին 5 – 7 տարվա աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկանքներ, եթե աշխատել եք Ձեր մասնագիտական որակավորմամբ, օրինակ՝ աշխատանքի մասին վկայականներ, տեղեկանքներ և այլն (բնօրինակը և պատճենը) 
  • Եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս անընդմեջ իրավական հիմունքներով բնակվել եք Գերմանիայում (Շենգենյան կարճաժամկետ կացությունները ՉԵՆ դիտարկվում), խնդրում ենք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, օրինակ՝ 
    - վարձակալական պայմանագրեր
    - աշխատանքային պայմանագրեր, ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր և այլն
    - անձնագրեր՝ վիզայի պիտակներով և մուտքի կնիքներով։

  • Եթե Ձեր կինը կամ ամուսինը, զուգընկերուհին կամ զուգընկերը նույնպես ցանկանում է ձեռք բերել շանս-քարտ և ապա Ձեզ հետ միասին մեկնել Գերմանիա, ապա Ձեզնից մեկը կարող է շանս-քարտի լրացուցիչ միավոր ստանալ։ Դրա համար խնդրում ենք ներկայացնել համապատասխան ապացույց առ այն, որ Ձեր կինը կամ ամուսինը, զուգընկերուհին կամ զուգընկերը նույնպես դիմել է շանս-քարտ ստանալու համար։ 

Դեսպանությունը հուշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի՝ յուրաքանչյուր դիմող պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, եթե որևէ փաստաթուղթ բացակայում է,  դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։

Կարևոր ցուցումներ

Ձեր ուշադրութունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ վիզայի դիմումը հանձնելիս որևէ այլ վճար, քան դեսպանության շենքում՝ վիզաների բաժնի պատուհանի մոտ գանձվող վիզայի վճարն է, նախատեսված չէ։

Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական ընկերությունների հետ։ Դա վերաբերում է նաև դեսպանության անմիջական հարևանությամբ գտնվող գրասենյակներին։ Ճամփորդական կամ այլ ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցների պնդումներն այն մասին, որ իրենք համագործակցում են դեսպանության հետ, չի համապատասխանում իրականությանը։

Ոչ ոք չի կարող ազդել Ձեր դիմումի հաջողության հեռանկարի վրա, քանի որ դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես գերմանացիներից բաղկացած անձնակազմը։ Եթե Ձեզ այլ բան են խոստանում, ապա Ձեզ փորձում են խաբել։ Ոչ մի դեպքում գումար մի´ տվեք։ 

Վիզայի հետ կապված հարցերի մասին արժանահավատ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ դեսպանության վիզաների բաժնի աշխատակիցներից։ Այլ անձինք տեղեկություններ տրամադրելու իրավասություն չունեն։

Առցանց վիզայի դիմում

Դուք կարող եք առցանց վիզայի դիմում ներկայացնել Կապույտ քարտի (ԵՄ), որպես բուհավարտ՝ աշխատանքի ընդունվելու, որևէ միջին մասնագիտական բնագավառում աշխատանքի ընդունվելու, որպես մասնագիտական փորձ ունեցող՝ աշխատանքի ընդունվելու, որակավորման քննության անցկացման, միջնորդական պայմանավորվածության շրջանակում աշխատանքի ընդունվելու և շանս քարտի համար։ Շուտով հնարավոր կլինի առցանց դիմել նաև այլ կատեգորիաների համար։

Ձեր փաստաթղթերի լիարժեքությունը կստուգվի առցանց ընթացակարգով, ինչը թույլ կտա արդյունավետ նախապատրաստվել  դեսպանությունում կայանալիք Ձեր հարցազրույցին։

Դիմումների այս տեսակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ՝ Auslandsportal

Այս հուշաթերթիկի բոլոր տվյալները հիմնված են այն գրելու պահին դեսպանության ունեցած տեղեկությունների և վերլուծությունների վրա, ուստի դեսպանությունը չի կարող երաշխավորել հուշաթերթիկի լիարժեքությունն ու ճշգրտությունը հատկապես ընթացիկ փոփոխություների պատճառով: 

դեպի էջի սկիզբ