Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Մերժման դեպքում բողոքարկման գործընթաց
Ձեր վիզայի դիմումը մերժվել է:
Վիզայի մերժման հիմքերը ներկայացված են մերժման գրության մեջ:
Եթե պարզաբանումներին ծանոթանալուց հետո համաձայն չեք լինի դեսպանության որոշման հետ, կարող եք անձամբ կամ Ձեր լիազոր անձի միջոցով բողոքարկել մերժումը և խնդրել, որ Ձեր դիմումը կրկին քննվի:
Ժամկետներ
Շենգենյան վիզայի բողոքարկման ժամկետը մերժման գրությունը ստանալուց հետո մեկ ամիս է:
Օրինակ.
Դուք մերժման գրության և բողոքարկման իրավունքի վերաբերյալ ծանուցման հետ միասին հետ եք ստանում Ձեր անձնագիրը: Բողոքարկման ժամկետը սկսվում է մերժման գրությունը Ձեզ հանձնելու ամսաթվից: Գերմաներենով կամ անգլերենով շարադրված Ձեր բողոքարկումը պետք է այդ ամսաթվից սկսած ամենաուշը մեկ ամսվա ընթացքում ներկայացվի դեսպանություն: Մեկ ամսից ուշ ներկայացված բողոքարկումը համարվում է ժամկետանց և անընդունելի:
Բողոքարկման հասցեատերը
Դիմում-բողոքը պետք է լինի գրավոր, գերմաներեն կամ անգլերեն՝ հասցեագրված դեսպանությանը։
Դեսպանության հասցեն`
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Երևան 0025, Չարենցի փ. 29
Ձեր բողոքարկումը պետք է պարունակի հետևյալը
- Ձեր ազգանունը, անունը, ծննդյան թիվը, ծննդյան վայրը, անձնագրի համարը, հեռախոսահամարը,
- մերժման ամսաթիվը,
-
բարկոդը (Barcode),
- հասցեն (փողոց, տուն, բնակարան, քաղաք/գյուղ/բնակավայր)
-
Ձեր ստորագրությունը, և եթե Դուք անձամբ չեք բողոքարկում, Ձեր ստորագրությամբ լիազորագիրը,
-
մանրամասն հիմնավորում, թե ինչու է մերժումն ըստ Ձեզ անարդարացի: Հիմնավորումը, որում միայն նշվում է, որ Դուք համաձայն չեք մերժման պատճառների հետ, բավարար չէ:
- Մանրամասն նկարագրություն, թե ինչ նպատակով եք ցանկանում մեկնել Գերմանիա, և ինչու, ինչ հիմքերով են Ձեզ համար Ձեր այցը, անհրաժեշտության դեպքում նաև այցի տևողությունը կարևոր:
-
Հավելյալ փաստաթղթեր, որոնք կամրապնդեն Ձեր փաստարկները և որոնք դիմումը հանձնելիս չէիք ներկայացրել: Օգտակար կլինի նայել նաև Շենգենյան վիզայի հուշաթերթիկը՝ պարզելու, թե արդյոք ի սկզբանե բոլոր փաստաթղթերը ներկայացվել են ճիշտ ըստ հուշաթերթիկի, կամ, օրինակ՝ գուցե հաշվեհամարի եռամսյա կտրվածքով պահանջվող քաղվածքների փոխարեն բանկային տեղեկանքներ (հաստատումներ) եք ներկայացրել, կամ գուցե չեք ներկայացրել այցի երկրում բնակվող ազգականների անձնագրերի կամ կացության թույլտվության վերաբերյալ տվյալներ: Արդեն հանձնած փաստաթղթերը դեսպանություն ուղարկելու անհրաժեշտություն չկա:
-
Միայն հավելյալ պարզաբանումներ և փաստաթղթեր ներկայացնելու դեպքում է, որ դեսպանությունը հնարավորություն ունի հարկ եղած դեպքում կայացնել այլ որոշում:
Ի՞նչ կարող է անել Գերմանիայից ինձ հրավիրող անձը:
Ձեզ հրավիրող անձը կարող է, օրինակ, Ձեզ ուղարկել աջակցող գրություն, որը կցեք Ձեր բողոքարկման գրությանը: Այս գրությունը պետք է պարունակի բարկոդ (barcode): Հրավիրող անձը, սակայն, չի կարող դեսպանությունից անձամբ ճշտել մերժման հիմքերը, այնպես որ Դուք պետք է այդ աջակցող գրությունը դեսպանություն ներկայացնեք Ձեր բողոքարկման գրության հետ միասին:
Եթե Ձեր փոխարեն Ձեզ հրավիրող անձն է ցանկանում բողոքարկել, ապա նրան անհրաժեշտ է Ձեր լիազորագիրը, որը նա պետք է կցի դեսպանությանը ներկայացվող բողոքարկմանը: Լիազորագրի պարտադիր ձևաթուղթ չի պահանջվում: Այն ընդամենը պետք է պարունակի դիմողի անձնական տվյալները, ճշգրիտ ներկայացնի հանձնած դիմումը և լինի անձամբ դիմողի ստորագրությամբ: Լիազորագիրը կարող եք շարադրել գերմաներեն կամ անգլերեն:
Ուշադրություն․
Խնդրում ենք դիմում-բողոքների հետ չներկայացնել անձնագրեր:
Վերանայումից հետո, որը կարող է բավականին երկար տևել, դեսպանությունը կապ կհաստատի Ձեզ հետ կամ Դուք վիզաների բաժնից կստանաք գրավոր պատասխան: Ընթացիկ հարցումները նույնպես չեն կարող արագացնել դիմումի մշակման ընթացքը:
Կարիք չկա ներկայացնել գրագրական ծառայությունների կամ շահույթ հետապնդող ընկերությունների կողմից գրված դիմում-բողոքներ:
Դիմումի համար գանձվող վճար
Այս գումարը գանձվում է վարչարարական՝ վիզայի դիմումի մշակման հետ կապված ծախսերի համար, որոնք կախված չեն կայացվելիք որոշումից: Ըստ այդմ՝ վիզայի մերժման պարագայում դեսպանությունը վճարված գումարը չի վերադարձնում:
Բողոքարկման մշակման տևողությունը
Բողոքարկումների ներկայիս մեծ թվի պատճառով դրանց մշակման տևողությունը էականորեն երկարել է։ Դեռևս տեսանելի չէ, թե այս վիճակը որքան կտևի։ Սա վերաբերում է նաև բողոքարկումների մշակման ընթացքի վերաբերյալ հարցումներին։ Բողոքարկում ներկայացնելու փոխարեն կարելի է օգտվել նաև վիզայի նոր դիմում ներկայացնելու հնարավորությունից։