Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

2025 թվականի հուլիսի 1-ից կդադարեցվի բողոքարկման կարգը

Հոդված

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 2025թ․ հուլիսի 1-ից արտերկրում իր բոլոր ներկայացուցչություններում դադարեցնել  վիզայի մերժման որոշումները բողոքարկելու կարգը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 2025թ․ հուլիսի 1-ից արտերկրում իր բոլոր ներկայացուցչություններում դադարեցնել  վիզայի մերժման որոշումները բողոքարկելու կարգը, որը մինչ այժմ կամավորության սկզբունքով առաջարկվում էր որպես իրավական աջակցություն վիզայի ընթացակարգում, թեև օրենքով նախատեսված չէր։

Այս որոշումը հիմնվում է գերմանական բազմաթիվ վիզա-կենտրոններում իրականացված պիլոտային ծրագրի վրա, որի ընթացքում 2023 թվականի հունիսի 1-ից ի վեր փորձարկվել է ինչպես Շենգենյան, այնպես էլ Ազգային վիզայի վերաբերյալ բողոքարկման կարգի վերացումը։ 

Պիլոտային ծրագրի վերլուծությունը ցույց է տվել, որ բողոքարկման կարգի չեղարկումը վիզաների կենտրոններում հանգեցրել է մասնավորապես անձնակազմի ռեսուրսների խնայողության, ինչի շնորհիվ այդ ռեսուրսները ներգրավվել են վիզայի ավելի մեծաքանակ դիմումների մշակման գործընթացում։ Նախընթաց տարվա համեմատությամբ մշակվել են ավելի շատ դիմումներ ինչպես Ազգային, այնպես էլ Շենգենյան վիզաների համար, կրճատվել են հերթերը։

Ավելի շատ դիմումներ մշակելուց և հերթերի կրճատումից շահում են բոլոր դիմումատուները։ Համաչափ իրավական պաշտպանություն կիրականացվի նաև հետագայում, քանի որ օրենքով սահմանված իրավական ճանապարհը բողոքարկման կարգի դադարեցմամբ չի կրճատվելու։ Բացի այդ՝ բոլոր դիմումատուները, բնականաբար, իրավունք ունեն դիմումի մերժման պարագայում ցանկացած ժամանակ կրկին ներկայացնելու վիզայի նոր դիմում։

2025 թվականի հունվարի 1-ից մասնագետների, արհեստագործական միջին-մասնագիտական կրթություն ստանալու, ուսումնառության և ընտանիքի վերամիավորման նպատակով Ազգային վիզայի համար Auslandsportal-ում աշխարհի բոլոր անկյուններից թվային դիմում ներկայացնելու հնարավորության շնորհիվ դիմումատուները կարող են պարզ և ինտուիտիվ քայլերով լրացնել և հանձնել իրենց լիարժեք թվային դիմումը։ Դիմումներն առցանց ներկայացնելու հնարավորության պիլոտային ծրագրի իրականացման փորձը ցույց է տվել, որ այն էապես լավարկել է ընթացակարգը, և դրա շնորհիվ հնարավոր է խուսափել ոչ լիարժեք ներկայացված դիմումների հետևանքով առաջացած կուտակումներից և  ուշացումներից։  

 

դեպի էջի սկիզբ