Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Հուշաթերթիկ շների, կատուների և աքիսների հետ դեպի Գերմանիա և Գերմանիայով ճամփորդելու վերաբերյալ*
Տնային կենդանիների հետ Գերմանիա մուտք գործելը դասակարգվում է ըստ ճամփորդության և առևտրի նպատակների: Սույն դրույթների նպատակը թե' առևտրի, թե'ճամփորդության դեպքում կատաղության հնարավոր ներթափանցման և տարածման կանխարգելումն է:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության
պարենի և գյուղատնտեսության նախարարություն
Տնային կենդանիների հետ Գերմանիա մուտք գործելը դասակարգվում է ըստ ճամփորդության և առևտրի նպատակների: Սույն դրույթների նպատակը թե' առևտրի, թե'ճամփորդության դեպքում կատաղության հնարավոր ներթափանցման և տարածման կանխարգելումն է:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ դեպքում (ճամփորդություն շների, կատուների և աքիսների հետ) գործում են Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 576/2013 հրամանագրով սահմանված կարգավորումները՝ Եվրահանձնաժողովի թիվ 577/2013 կատարողական հրամանագրի հետ միասին:
1. Համընդհանուր պահանջներ
ա) Տնային կենդանիների թիվը
Երկիր մուտք գործելու նախապայման է, որ կենդանիները տեղափոխվեն պատասխանատու որևէ անձի ուղեկցությամբ: Յուրաքանչյուր անձ ճամփորդելիս իր հետ կարող է վերցնել առավելագույնը 5 տնային կենդանի (շներ, կատուներ, աքիսներ): Ընթացքում կենդանիների տերերի փոփոխություն լինել չի կարող: Հակառակ պարագայում գործում են կենդանիների առևտրի վերաբերյալ կարգավորումները՝ համաձայն 92/65/EG հրահանգի:
Կենդանիների առավելագույն թվաքանակի (հինգ) գերազանցումը թույլատրելի է մրցույթներին, ցուցահանդեսներին և սպորտային միջոցառումներին կամ այդպիսի միջոցառումների նախավարժանքներին մասնակցելու նպատակով կենդանիների տեղափոխման դեպքում (առանց տերերի փոփոխության): Այս կենդանիները պետք է լինեն առնվազն 6 ամսական, և պետք է առկա լինի գրավոր հիմք, որ կենդանիները գրանցված են մասնակցելու նշված տեսակի որևէ միջոցառման:
բ) Համարանշում միկրոչիպի օգնությամբ
2011թ. հուլիսի 3-ից նոր համարանշվող կենդանիների համար միկրոչիպը պարտադիր է: Եթե կենդանին այդ ամսաթվից առաջ դաջվածք է ստացել, որը դեռևս ընթեռնելի է, միկրոչիպը պարտադիր չէ: Կենդանին պետք է հստակ ճանաչելի լինի, և հնարավոր լինի նրա դասակարգումը: Միկրոչիպի կամ դաջվածքի համարը պետք է նշված լինեն տնային կենդանու անձնագրում կամ անասնաբույժի կողմից տրված վկայականում:
գ) Կատաղության դեմ վավերական պատվաստում
Յուրաքանչյուր կենդանու համար պետք է ներկայացվի կատաղության դեմ արված պատվաստման մասին վավերական տեղեկություն, որը գրանցված է կենդանու անձնագրում կամ անասնաբույժի կողմից տրված վկայականում: Պատվաստման վավերականության ժամկետը հիմնվում է պատվաստանյութ արտադրող ընկերության տվյալների վրա (սույնի մասին կարող եք հարցնել Ձեր անասնաբույժին): Եթե կենդանին կատաղության դեմ պատվաստվում է առաջին անգամ, ապա այս առաջին պատվաստումը պետք է կատարվի կենդանու՝ սահմանը հատելուց առնվազն 21 օր առաջ: Եթե հաջորդ պատվաստումն արվում է վերջին պատվաստման ժամկետի լրանալուց հետո, ապա այն համարվում է առաջին պատվաստում:
Կենդանուն դեռևս կատաղության դեմ պատվաստվելուց պետք է առաջ տրված լինի համարանիշ:
2. Հատուկ պահանջներ՝ ըստ կենդանիների հիմնական բնակության վայրի
ա) Գերմանիա մուտք գործելը և Գերմանիայով ճամփորդելը ԵՄ անդամ որևէ երկրից
Ճամփորդող անձը պետք է իր կենդանու համար ունենա և իր հետ վերցնի ընտանի կենդանիներին տրվող՝ ԵՄ թիվ 577/2013 կատարողական հրամանագրի 3-րդ հավելվածի 1-ին մասում նշված նմուշի ԵՄ անձնագիր:
Կենդանու և նրա տիրոջ վերաբերյալ տվյալներից բացի անձնագիրը պետք է պարունակի անասնաբուժական հավաստագիր առ այն, որ կենդանին տվյալ ժամանակահատվածի համար ունի կատաղության դեմ վավեր պատվաստապաշտ-պանվածություն:
բ) Գերմանիա մուտք գործելը և Գերմանիայով ճամփորդելը ԵՄ թիվ 577/2013 կատարողական հրամանագրի 2-րդ հավելվածի 1-ին մասում թվարկված երրորդ երկրներից (տես հավելվածը)
Ճամփորդող անձը պետք է իր կենդանու համար ունենա և իր հետ վերցնի ընտանի կենդանիներին տրվող՝ Կենդանիների հետ ճամփորդելու վերաբերյալ ԵՄ թիվ 577/2013 հրամանագրի 3-րդ հավելվածի 3-րդ մասում նշված նմուշի անձնագիր:
Կենդանու և նրա տիրոջ վերաբերյալ տվյալներից բացի անձնագիրը պետք է պարունակի անասնաբուժական հավաստագիր առ այն, որ կենդանին տվյալ ժամանակահատվածի համար ունի կատաղության դեմ վավեր պատվաստապաշտ-պանվածություն:
գ) Գերմանիա մուտք գործելը և Գերմանիայով ճամփորդելը ԵՄ թիվ 577/2013 կատարողական հրամանագրի 2-րդ հավելվածի 2-րդ մասում թվարկված երրորդ երկրներից (տես հավելվածը)
Ճամփորդող անձը պետք է իր կենդանու համար ունենա և իր հետ վերցնի Կենդանիների հետ ճամփորդելու վերաբերյալ ԵՄ թիվ 577/2013 հրամանագրի 4-րդ հավելվածով նախատեսված վկայական կենդանու առողջության վերաբերյալ:
Կենդանու և նրա տիրոջ վերաբերյալ տվյալներից բացի անձնագիրը պետք է պարունակի անասնաբուժական հավաստագիր առ այն, որ կենդանին տվյալ ժամանակահատվածի համար ունի կատաղության դեմ վավեր պատվաստապաշտ-պանվածություն:
Ուղեկցող անձը պետք է գրավոր հայտարարություն տա այն մասին, որ կենդանու տեղափոխումը չի իրականացվում վաճառքի կամ մեկ այլ տիրոջ փոխանցելու նպատակով:
Կենդանու մուտքը թույլատրելի է միայն ուղիղ ճանապարհով: Եթե կենդանու տեղափոխությունը կատարվել է ցանկում տեղ չգտած որևէ երրորդ երկրով, ապա տերը կամ լիազորված անձը ստորագրությամբ հայտարարում են, որ կենդանին ճամփորդելիս որևէ շփում չի ունեցել այնպիսի կենդանիների հետ, որոնք կարող են հիվանդանալ կատաղությամբ, և որ կենդանին տարանցման ժամանակ չի լքել տրանսպորտային միջոցը կամ օդանավակայանը:
դ) Գերմանիա մուտք գործելը և Գերմանիայով ճամփորդելը չթվարկված երրորդ երկրներից
«Չթվարկված երրորդ երկրներն» այն երկրներն են, որոնք չեն հիշատակվում ԵՄ թիվ 577/2013 կատարողական հրամանագրի 2-րդ հավելվածի 1-ին և 2-րդ մասերում: Դրանց համար գործում են առանձնահատուկ պահանջներ:
Բացի համարանշումից և կատաղության դեմ պատվաստումից՝ հավելվածում չնշված որևէ երրորդ երկրից Գերմանիա մուտք գործող տնային կենդանու մոտ պետք է արյան հետազոտության միջոցով որոշվի նաև կատաղության հակամարմնի խտությունը (տիտրը): Այս հետազոտությունը պետք է կատարվի կատաղության դեմ պատվաստումից առնվազն 30 օր հետո և Գերմանիա մուտք գործելուց առնվազն երեք ամիս առաջ:
Արյուն կարող է վերցնել միայն տվյալ երրորդ երկրում համապատասխան թույլտվությամբ աշխատող անասնաբույժը: Արյան հետազոտությունը պետք է կատարվի Եվրոպական հանձնաժողովի թույլտվությունն ունեցող լաբորատորիայում: Քանի որ եռամսյա սպասելաժամանակն առանձին դեպքերում հանգեցրել է որոշակի խնդիրների (օրինակ՝ դեսպանության աշխատակցի՝ ժամանակից շուտ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն վերադարձի դեպքում, երբ կենդանին մինչև սպասելաժամանակի ավարտը ստիպված է եղել մնալ երրորդ երկրում), Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարությունը (ԳԴՀ ՊԳՆ) որոշել է կատաղության հակամարմնի խտությունը թույլ տալ որոշել որևէ երրորդ երկրից դեպի Գերմանիա կամ ԵՄ անդամ այլ երկիր ծրագրվող վերադարձից կամ մուտք գործելուց անկախ:
Երկիր մուտք գործելու վերոնշյալ նախապայմանների կատարումը պետք է վկայվի ԵՄ թիվ 577/2013 կատարողական հրամանագրով նախատեսված առողջության վկայականով, որը կենդանուն տրվում է պետական անասնաբույժի կամ պետության կողմից արտոնագրված անասնաբույժի կողմից: Բացի այդ՝ պետք է ներկայացնել նաև այնպիսի վկայագրեր, ինչպիսին, օրինակ, պատվաստումների անձնագիրն է կամ արյան հետազոտության արդյունքների տեղեկանքը:
Ուղեկցող անձը պետք է գրավոր հայտարարություն տա այն մասին, որ կենդանու տեղափոխությունը վաճառքի կամ տիրոջ փոփոխության նպատակ չի հետապնդում:
ե) Տնային կենդանիների վերադարձը ցանկում չնշված երրորդ երկրներից
2. դ) կետում նշված պահանջները սկզբունքորեն վերաբերում են նաև ԵՄ-ից դուրս եկած այն տնային կենդանիներին, որոնք ժամանակավորապես բնակվել են ցանկում չնշված որևէ երրորդ երկրում և պետք է կրկին վերադառնան Եվրամիություն:
Եվրամիություն մուտք գործելու եռամսյա ժամկետը սակայն չի վերաբերում ցանկում չնշված երրորդ երկրներում ժամանակավորապես բնակված այն տնային կենդանիներին, որոնց անձնագրերում առկա է նշում առ այն, որ արյան քննությունը կատարվել է մինչև կենդանու՝ ԵՄ տարածքից դուրսբերումը, և որ հետազոտության արդյունքները փաստել են կատաղության դեմ հակամարմինների բավարար խտություն:
3. Խորհուրդ՝ 2. դ) կետի՝ «Գերմանիա մուտք գործելը և Գերմանիայով ճամփորդելը չթվարկված երրորդ երկրներից» վերաբերյալ
ԳԴՀ ՊԳՆ խորհուրդ է տալիս կատաղության դեմ հակամարմինների խտությունը որոշել տալ անկախ Գերմանիա կամ ԵՄ անդամ այլ երկիր ծրագրած վերադարձի հանգամանքից:
Երբ կատաղության դեմ պատվաստման ռեժիմը հակամարմինների ստուգման առումով պահպանվում է, այսինքն կենդանին կատաղության դեմ պատվաստման յուրաքանչյուր ժամկետը լրանալուց հետո վերապատվաստվում է, պահպանվում է նաև հակամարմինների խտությունը: Եթե հերթական պատվաստումը բաց է թողնվում, հակամարմինների խտությունը հաստատող վկայականը կորցնում է իր ուժը:
Եթե տնային կենդանիներն արդեն իսկ Գերմանիայից են տարվում ցանկում չնշված որևէ երրորդ երկիր, ապա կատաղության դեմ հակամարմինների խտությունը կարող է որոշվել հենց Գերմանիայում՝ մեկնումից առաջ:
Եթե կենդանին կատաղության դեմ հակամարմինների խտությունը որոշելուց հետո Գերմանիայում կամ որևէ երրորդ երկրում կանոնավորապես վերապատվաստվել է կատաղության դեմ, կարող է ցանկացած ժամանակ և անկախ այն բանից, թե որքան ժամանակ է մնացել երրորդ երկրում, կրկին վերադառնալ Գերմանիա կամ ԵՄ անդամ այլ երկիր:
__________________
* Պահանջներն սկզբունքորեն վերաբերում են ողջ Եվրամիությանը, սակայն ԵՄ անդամ որոշ երկրներ բացառություններ են սահմանել շան ձագերի վերաբերյալ