Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Հնարավոր է՝ Ձեր հարցի պատասխանն այստեղ արդեն զետեղված լինի: Ուստի խնդրում ենք նախքան դեսպանությանը հարցում ուղարկելը ուշադիր ծանոթանալ այս հարցերին: Շնորհակալություն:


Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղից ձեռք բերել դիմում-հարցաթերթիկ: Ի՞նչ արժե այն: Կարո՞ղ եմ արդյոք դիմումը ներկայացնել նաև առցանց:

Դիմում-հարցաթերթիկն անվճար է: Այն կարող եք գտնել և լրացնել հենց մեր կայքում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմումն առցանց ներկայացնել հնարավոր չէ:  Տպեք ուրեմն լրացված առցանց դիմում-հարցաթերթիկը PDF ձևաչափով և պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացրեք դեսպանություն:

Ո՞ր լեզվով պետք է լրացնել դիմում-հարցաթերթիկը:

Դիմում-հարցաթերթիկը կարելի է լրացնել գերմաներենով կամ անգլերենով:

Ճամփորդության հիմնական նպատակակետ. Ի՞նչ նշեմ այս դաշտում:

Բավական է նշել միայն այն երկիրը, որտեղ գտնվում է Ձեր ճամփորդության հիմնական նպատակակետը:

Շենգենյան գոտու անդամ այն երկիրը, ուր առաջինն եք մուտք գործելու. Ի՞նչ նշեմ այս դաշտում:

Նշեք Շենգենյան գոտու անդամ այն երկիրը, որում հատելու եք  Շենգենյան սահմանը:

Ճամփորդության վերջնական նպատակակետ հանդիսացող երկիր մուտք գործելու թույլտվություն, եթե պահանջվում է

Սա վերաբերում է A կատեգորիայի (տարանցում օդանավակայանով) և C կատեգորիայի (տարանցում Շենգենյան տարածքով) վիզաներին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք կարող եք Գերմանիայի համար տարանցիկ վիզա ստանալ միայն վերջնական նպատակակետ հանդիսացող պետության վիզայի առկայության դեպքում:

Նախատեսած ժամանման ամսաթիվը. Նախատեսած մեկնումի ամսաթիվը – Եթե ես բազմակի անգամ եմ մուտք գործելու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, ի՞նչ պետք է նշեմ:

Նշեք Ձեր առաջին ճամփորդության ամսաթիվը: Այս ամսաթվերը համապատասխանում են նաև  Ձեր հայցած վիզայի վավերականության ժամկետին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր հրավերը/պարտավորագիրը և առողջապահական ապահովագրությունը պետք է վերաբերեն Ձեր նախատեսած առաջին ճամփորդության ժամանակահատվածին:

Պե՞տք է արդյոք դիմումը ստորագրել երկու անգամ:

Այո: Մի ստորագրությունը վերաբերում է դիմումում նշված տվյալներին, իսկ երկրորդ ստորագրությամբ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք բացատրական ծանուցման բովանդակությանը:

Կարելի՞ է դիմում-հարցաթերթիկը լրացնել նաև ձեռագիր:

Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ դիմում-հարցաթերթիկը լրացնել առցանց, ապա կարող եք լրացնել նաև ձեռքով: Խնդրում ենք, սակայն, նկատի ունենալ, որ այդ դեպքում դիմումը հանձնելիս ստիպված կլինեք ավելի երկար սպասել Ձեր հերթին:

Դուք կարող եք վիզայի դիմում ներկայացնել, եթե բավարարում եք հետևյալ նախապայմանները.

  • Շենգենյան երկրներ մուտք գործելու համար Ձեզ անհրաժեշտ է վիզա, այսինքն՝ Ձեր երկրի քաղաքացիներից պահանջվում է ունենալ վիզա՝ Շենգենյան երկրներ մուտք գործելու համար: 
  • Ձեր մշտական և օրինական կացությունը Հայաստանում է: Եթե ՀՀ քաղաքացի չեք, Ձեր մշտական կացության վայրը համարվում է Հայաստանը, եթե հանգամանքները փաստում են, որ Դուք պատրաստվում եք առնվազն վեց ամիս մնալ Հայաստանում (օրինակ՝ որպես ուսանող, գործառու և այլն):
  • Ձեր նախատեսած ճամփորդությունը սկսվելու է ամենաուշը վեց ամսից:
  • Դուք մտադիր չեք աշխատանքի անցնել կամ երկար ժամանակով բնակվել Գերմանիայում կամ Շենգենյան այլ պետություններում:
  • Ձեր ճամփորդության հիմնական նպատակակետը Գերմանիան, Շվեդիան, Բելգիան կամ Լյուքսեմբուրգն է:

Դեսպանությունը չի կարող սպասարկել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց մշտական կացության վայրը արտերկրում է:

Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների (դեսպանությունների) կայքերը կարող եք գտնել հետևյալ հղումով.

Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների կայքերի ցանկը.

Երբվանի՞ց կարող եմ դիմումը ներկայացնել:

Համաձայն Վիզայի կոդեքսի 12-րդ հոդվածի՝ դիմումը հնարավոր է ներկայացնել նախատեսած ճամփորդության մեկնարկից ամենաշուտը վեց ամիս առաջ:

Ի՞նչ պետք է ներկայացնել:

Խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը նախապատրաստել՝ օգտվելով մեր կայքում տեղադրված ընթացիկ հուշաթերթիկներից: Դասավորեք դրանք համապատասխան հուշաթերթիկում թվարկված հերթականությամբ: Նկատի ունեցեք, որ դեսպանությունը ոչ լիարժեք ներկայացված դիմումները չի կարող ընդունել, և Դուք ստիպված կլինեք կրկին հերթագրվել: Փաստաթղթերի պատշաճ նախապատրաստումը  թույլ կտա ժամանակ խնայել և խուսափել անհարմարություններից: Խնդրում ենք պատուհանին մոտենալիս փաստաթղթերը հանել բոլոր տեսակի թղթապանակներից, շապիկներից և կազմերից:

Ինչո՞վ է արգելված ներկայանալ:

Բնականաբար՝ բոլոր տեսակի վտանգավոր իրերը պետք է մնան շենքից դուրս: Անվտանգության անձնակազմը կբացատրի Ձեզ՝ որոնք են այդպիսիք:

Բջջային հեռախոսները չի կարելի անցկացնել վիզայի բաժնի սպասարկող պատուհանների սրահ: Պայուսակներով մուտքը նույնպես չի թույլատրվում:

Կարո՞ղ եմ բուժման համար վիզա ստանալ առանց անձամբ ներկայանալու:

Սկզբունքը հետևյալն է. այն անձը, որը չափազանց հիվանդ է, որ կարողանա դեսպանություն գալ վիզա ստանալու, որպես կանոն, նաև ի վիճակի չէ մեկնել Գերմանիա, եթե դա, իհարկե, հատուկ կազմակերպված փրկարար թռիչք  չէ: Այս և այլ ծանր ու հրատապ դեպքերում դիմումը կարող է ներկայացնել նաև լիազորված անձը:

Սովորական, ընթացիկ հետազոտությունների և բուժումների մեկնելիս, որոնք հրատապ և անհետաձգելի չեն, դեսպանությունը խնդրում է հերթագրվել:

Դեսպանությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ այս կարգավորմանը:

Ինչո՞ւ իմ դիմումը չի ընդունվել: Ի՞նչ կարող եմ անել:

Դեսպանությունը չի ընդունում ոչ լիարժեք դիմումներ: Ոչ լիարժեք նշանակում է, որ պակասում են փաստաթղթեր, որոնք Դուք պետք է հավաքեիք ըստ հուշաթերթիկի: Այսպիսի դիմումները վերադարձվում են  սպասարկող պատուհանից: Դիմումը չընդունելը և վերադարձնելը ՉԻ նշանակում, որ Ձեր դիմումը մերժվել է:

Եթե Ձեր դիմումը չի ընդունվել, նորից հերթագրվեք: Նկատի ունեցեք, որ կրկին հերթագրվելիս հաջորդ հարցազրույցի օրը չի կարող մեկ ամսից ավելի շուտ լինել:

Ուստի դիմելիս նախապատրաստվեք հիմնավորապես՝ խուսափելու համար անհարկի ծախսերից և ժամանակի կորստից:  

Ինձնից պահանջում են հավելյալ փաստաթղթեր, որոնք թվարկված չեն հուշաթերթիկում: Ինչո՞ւ:

Դեսպանությունը միշտ որոշում է կայացնում յուրաքանչյուր առանձին դեպքի համար: Հուշաթերթիկում թվարկված փաստաթղթերը ընդհանուր են բոլորի համար, բայց չեն կարող ապահովել այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են առանձին դեպքերում: Ուստի հնարավոր է, որ Ձեր դեպքում, օրինակ, պահանջվի փաստաթուղթ, որը թվարկված չլինի հուշաթերթիկում: Խնդրում ենք  լրացուցիչ պահանջված փաստաթղթերը ներկայացնել Ձեր հարցազրույցի կտրոնով:

Պե՞տք է հրավիրող անձը զանգահարի դեսպանություն:

Ոչ: Վիզայի ընթացակարգին վերաբերող հարցերը դեսպանությունը ճշտում է դիմողի՝  Ձեր հրավիրյալի հետ:

Հյուրընկալ կողմին հարցեր ունենալու դեպքում դեսպանությունն ինքն է կապ հաստատում նրա հետ: Դեսպանությունը  չի խնդրում, որ դիմողը հրավիրող կողմին իմաց տա զանգահարել դեսպանություն:

Սկզբունքորեն՝ առաջնորդվելով տվյալների պաշտպանությամբ ՝ դեսպանությունը չի կարող պատասխանել հրավիրող կողմի հարցերին, մանավանդ՝ հեռախոսով:

Դեսպանությունը կարող է պատասխանել և տեղեկություն տրամադրել գրավոր հարցումներին (նաև՝ schengen@eriw.diplo.de հասցեին ուղղված), եթե հյուրընկալվող անձը լիազորագրով համաձայնում է, որ դեսպանությունը տեղեկություններ տրամադրի հրավիրող կողմին: Ցանկալի է,  լիազորագիրն ուղարկվի հարցման կամ բողոքարկման (ռեմոնստրացիա) հետ միասին:  Առաջարկում ենք ծանոթանալ նաև բողոքարկման կարգի վերաբերյալ նյութին:

 Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում սույն կարգավորմանը ըմբռնումով մոտենալու համար:

Ես ցանկանում եմ մեկնել նախ Գերմանիա (օրինակ) և ապա Ֆրանսիա: Ո՞ր դեսպանություն պետք է դիմեմ վիզայի համար:

Դուք պետք է դիմեք այն դեսպանություն, որի երկիրը Ձեր ճամփորդության հիմնական նպատակակետն է:

Որքա՞ն պետք է սպասեմ դիմումիս պատասխանին:

Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումի քննությունը Վիզակոդեքսի 9 (1) և 23 (1) հոդվածների համաձայն  կարող է պահանջել մինչև 15 օրացուցային օր: Առանձին դեպքերում դիմումի քննությունը կարող է ձգվել մինչև 45 օրացուցային օր, եթե դիմումը պետք է հավելյալ ստուգումներ անցնի:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ հեռախոսազանգերից, քանի որ տվյալների պաշտպանությամբ պայմանավորված՝  այդ կերպ արգելված է  տեղեկություններ տրամադրել:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի անձանց դիմումների քննությունը կարող է ավելի երկար տևել: Ուստի խնդրում ենք հերթագրվել ժամանակին:

Ինձ ասել են, որ իմ դիմումը պետք է նախապատրաստեմ ինչ-որ «վիզայի գրասենյակում», որտեղ ինձ խորհուրդ կտան՝ հարցազրույցին ինչ ասել դեսպանությանը, որ Շենգենյան վիզա տրամադրեն:   

Ներկայացված փաստաթղթերից բացի մեծ նշանակություն ունի ընդունող պատուհանի մոտ տեղի ունեցող հարցազրույցը, քանի որ ամեն ինչ չէ, որ փաստաթղթերով վկայված է: Հարցազրույցը Ձեզ հնարավորություն է տալիս հասկանալի կերպով ներկայացնել և ամբողջացնել Ձեր դիմումը: Այդ գործում ստանդարտ պատասխանները էական դեր չեն խաղում: Բաց և անկեղծ զրույցը ամենահամոզիչը կարող է լինել:

Մեր աշխատակիցները ջանում են դիպուկ հարցերի միջոցով  Ձեզնից ստանալ բոլոր անհրաժեշտ  տեղեկությունները, որպեսզի Ձեր որոշման վերաբերյալ հնարավորին արդար որոշում կայացվի:

Եթե դիմումը ներկայացնելուց առաջ Դուք դեռ հարցեր ունեք, խնդրում ենք ուղիղ դիմել դեսպանություն: Մեր կայքում զետեղված մանրամասն տեղեկությունները Ձեր տրամադրության տակ են: Եթե դրանք չեն պարզաբանում Ձեր հարցերը, ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակ, և մենք կաշխատենք հնարավորին սեղմ ժամկետում պատասխանել Ձեր հարցերին:

Դեսպանության վիզայի բաժինը հորդորում է հրաժարվել երրորդ կողմի մատուցած խորհրդատվություններից: Դեսպանությունը չի համագործակցում որևէ դրսեկ (էքստեռն) խորհրդատվական կենտրոնի (գրասենյակի) հետ: Այդպիսիք տեղյակ չեն վիզայի բաժնի աշխատանքից, ուստիև չեն կարող պատշաճ խորհրդատվություն մատուցել Ձեզ:

Հատկապես չպետք է օգտվել հաճախ առաջարկվող կեղծ տեղեկանքներից: Կեղծ կամ կեղծված փաստաթղթերը ինքնաբերաբար կհանգեցնեն վիզայի դիմումի մերժման:

 

Կացության ֆինանսական ապահովումը. Կարո՞ղ եմ արդյոք վիզա ստանալ առանց հրավեր-պարտավորագրի, կամ հրավեր-պարտավորագրում առանց հրավիրողի ֆինանսների վերաբերյալ նշումի:

Դուք կարող եք վիզա ստանալ նաև առանց հրավեր-պարտավորագրի: Այդ դեպքում Դուք պետք է վկայեք, որ ի վիճակի եք անձամբ ֆինանսավորել  Ձեր ճամփորդությունը: Դուք կարող եք ներկայացնել

  • կրեդիտ քարտերի վերջին երեք ամիսների քաղվածքներ (առանց հաշվի քաղվածքների բանկային տեղեկանքները չեն ընդունվում) ԿԱՄ
  • բանկային հաշվի վերջին երեք ամիսների քաղվածքներ (առանց հաշվի քաղվածքների բանկային տեղեկանքները չեն ընդունվում):

Խնդրում ենք ծանոթանալ նաև մեր հուշաթերթիկներում զետեղված տեղեկություններին:  

Որքա՞ն է հրավեր-պարտավորագրի վավերականությունը:

Դեսպանությունը, որպես կանոն,  ընդունում է առավելագույնը 6 ամիս առաջ տրված հրավեր-պարտավորագրերը:  

  • Բելգիայից ստացված հրավեր-պարտավորագրերի դեպքում ճամփորդությունը պետք է մեկնարկի պարտավորագրի ամսաթվից՝ առաջին էջի վրա նշված ամսաթվից սկսած վեց ամսվա ընթացքում:
  • Շվեդիայից ստացված հրավեր-պարտավորագրերի դեպքում վիզայի դիմումը պետք է ներկայացնել պարտավորագրի ամսաթվին հաջորդող երեք ամսվա ընթացքում:

 Մենք ընկերություն ենք և ցանկանում ենք հոգալ մեր հյուրի ծախսերը: Ինչպե՞ս վարվենք:

Հրավեր-պարտավորագրի երկու տեսակ կա՝ ձևաթղթային և ոչ ձևաթղթային (ազատ շարադրված):  Երկու տաբերակն էլ ընդունելի են դիմումի դրական ընթացքի համար:

Ձևաթղթային պարտավորագիրը կարող եք ձևակերպել Ձեզ ամենամոտ գտնվող Օտարերկրացիների հարցերով մարմնում, որտեղ կստուգվեն և կարձանագրվեն պարտավորագրի ֆինանսական հիմքերը:

Ձևաթղթային հրավեր-պարտավորագիրը պետք է ներկայացվի բնօրինակով:  Դեսպանությունը չի ընդունում էլեկտրոնային ճանապարհով առաքված պարտավորագրեր:

Ոչ ձևաթղթային (ազատ շարադրված) հրավեր-պարտավորագիրը գրություն է, որով հրավիրող ընկերությունը «Կացության մասին»  ԳԴՀ օրենքի 66-68-րդ հոդվածների համաձայն պարտավորվում է ստանձնել վիզայի համար դիմողի հնարավոր ծախսերը: Այսպիսի հրավեր-պարտավորագիրը վավերական է, եթե դրան կցվում է  առևտրային ռեգիստրից ընթացիկ քաղվածք, ինչպես նաև  ընկերության ստորագրող ղեկավարի անձնագրի պատճենը: Եթե պարտավորագիրը պետք է ստորագրի լիազորված անձը,  ապա անհրաժեշտ է ներկայացնել լիազորված անձի անձնագրի պատճենը և ընկերության ղեկավարի տված լիազորագրի մեկ օրինակը: Դրանից հետո դեսպանությունը ընկերության հիմնային կապիտալի և ստորագրությունների համեմատության հիման վրա ճշտում է՝ որքանով է ընկերությունն ի վիճակի կատարելու ստանձնած ծախսերը:

Երկու դեպքում էլ ճամփորդողը պետք է իր հետ ունենա հրավեր-պարտավորագրի բնօրինակը կամ նրան օդանավակայանում դիմավորեն այդ բնօրինակով, քանի որ դրա բացակայությունը կարող է խնդիր հարուցել գերմանական սահմանապահ մարմինների հնարավոր ստուգման ժամանակ:  

Դեսպանությունը հաճախ է ստիպված լինում մերժել այնպիսի հրավեր-պարտավորագրեր, որոնցում նշված է՝  «ի գիտություն ենք ընդունել «Կացության մասին» ԳԴՀ օրենքի 66-68-րդ հոդվածները» կամ «իրազեկ ենք «Կացության մասին» ԳԴՀ օրենքի 66-68-րդ հոդվածներին և հաստատում ենք... ». հասկանալի է , որ դեսպանությունը այս կարգի հրավեր-պարտավորագրեր չի կարող ընդունել:   

Մեր ընկերությունը բազմիցս է հրավիրել իր գործընկերներին և արդեն Ձեզ հայտնի է: Ինչո՞ւ պիտի ամեն նոր վիզայի դիմումի համար կրկին ներկայացնենք մեր ֆինանսական կարողությունը հավաստող բոլոր փաստաթղթերը:

Գործող նորմերի համաձայն՝ դեսպանությունն իրավունք չունի պահպանել հրավիրող կողմին վերաբերող տվյալները: Ձեր նախորդ հրավերները պահպանվում են դիմումին կից փաստաթղթերի հետ միասին, այլ ոչ՝ ըստ ընկերությունների դասակարգման: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր հյուրի համար հարկավոր է ներկայացնել առանձին հրավեր-պարտավորագիր:

Դեսպանությունը ներողամտություն է հայցում այսպիսի կարգավորման համար:

Ի՞նչ պետք է անել, երբ, օրինակ, հրավեր-պարտավորագրում անունը կամ ազգանունը սխալ են գրված:

Եթե հրավիրյալի և հրավիրողի ինքնությունը վստահաբար հնարավոր է ճշտել, ապա անուն-ազգանվան՝ անձնագրում նշվածից շեղված գրելաձևը  չի  հանգեցնի հրավեր-պարտավորագրի մերժմանը: 
Տեղեկություններ «Կացության մասին» օրենքի վերաբերյալ (գերմաներեն)

Բողոքարկումների ներկայիս մեծ թվի պատճառով դրանց մշակման տևողությունը էականորեն երկարել է։ Դեռևս տեսանելի չէ, թե այս վիճակը որքան կտևի։ Սա վերաբերում է նաև բողոքարկումների մշակման ընթացքի վերաբերյալ հարցումներին։ Բողոքարկում ներկայացնելու փոխարեն կարելի է օգտվել նաև վիզայի նոր դիմում ներկայացնելու հնարավորությունից։    

Բողոքարկում /առարկություն. Իմ դիմումը մերժվել է: Ես կամ իմ լիազոր անձը բողոքարկել ենք: Ի՞նչ է սպասվում:

Դեսպանությունը Ձեր բողոքարկման հիման վրա կրկին լիարժեքորեն կդիտարկի գործի հանգամանքները:

Այլընտրանք առաջին.

 Եթե պարզվի, որ Ձեր դիմումի հետ կապված դեռ բաց հարցեր կան, մենք Ձեզ հետ կրկին կապ կհաստատենք:

Եթե Ձեր հիմնավորումները բավարար լինեն, Դուք կստանաք վիզա:

Եթե Ձեր հիմնավորումները բավարար չլինեն, Դուք կստանաք մանրամասն (մերժման) գրություն, որի դեմ մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոք ներկայացնել Բելռինի վարչական դատարան:

Այլընտրանք երկրորդ.

Եթե մենք համարում ենք, որ մեր որոշումը հետագա քննարկման ենթակա չէ, Ձեզ ուղարկում ենք մանրամասն  (մերժման) գրություն, որի դեմ մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոք ներկայացնել Բելռինի վարչական դատարան:

Որպես այլընտրանք Դուք կարող եք վիզայի նոր դիմում ներկայացնել՝ հաշվի առնելով նախորդ մերժման հիմքերը և փորձելով հիմնավորել դրանք փաստաթղթերով: 

Իմ դիմումը մերժվել է: Ի՞նչ կարող է անել ինձ հրավիրող անձը Գերմանիայից:

Հրավիրող անձը կարող է, օրինակ, ուղարկել աջակցող գրություն, որը Դուք կարող եք կցել Ձեր բողոքարկմանը: Բայց նա անձամբ չի կարող դեսպանությունից տեղեկանալ մերժման հիմքերի մասին: Եթե հրավիրող անձը դա ցանկանում է անել Ձեր փոխարեն, ապա նրան անհրաժեշտ է Ձեր գրավոր լիազորագիրը, որը նա կկցի իր բողոքարկմանը: Լիազորագիրը կարող է լինել ազատ շարադրված: Այն, սակայն, պետք է պարունակի դիմողի անձնական տվյալները, հստակորեն անդրադառնա վիզայի դիմումին և ստորագրված լինի անձամբ դիմող անձի կողմից: Լիազորագիրը կարող է շարադրվել գերմաներենով կամ անգլերենով:

Ընկերներս ասում են, որ ես Գերմանիայի դեսպանությունից, միևնույն է, վիզա չեմ կարող ստանալ, քանի որ դիմումները մերժվում են: Այդպե՞ս է, արդյոք:

Իհարկե այդպես չէ: Յուրաքանչյուր  վիզայի դիմում քննվում է համաձայն սահմանված դրույթների, և դրանց հիման վրա էլ որոշումը կայացվում է: Իրականում ներկայացված դիմումների 90%-ը դրական որոշման են արժանանում:

Իմ դիմումը մերժվել է: Սակայն վճարված գումարը հետ չեմ ստանում: Ինչո՞ւ:

Այդ գումարը գանձվում է վարչական ծախսերի համար, որոնք արվում են անկախ դիմումի վերաբերյալ կայացվելիք որոշման բնույթից:

 

«Շենգենյան վիզա». այսպես է ընդունված կոչել այն վիզան, որը տրվում է այն պետությունների կողմից և այն պետությունների տարածքների համար, որոնք անդամակցում են   «Միասնական սահմաններին իրականացվող վերահսկողությունը քայլ առ քայլ վերացնելու մասին» 1985թ. հունիսի 14-ին ստորագրված համաձայնագրին:

Այս համաձայնագիրը ստորագրվել է լյուքսեմբուրգյան Շենգեն կոչվող փոքրիկ բնակավայրում, այդ պատճառով էլ վիզան կոչում են Շենգենյան:

Շենգենյան վիզան տալիս է Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացության իրավունք: Այս վիզայով հնարավոր չէ ծավալել  աշխատանքային գործունեություն:

Ներկայում Շենգենյան գոտու երկրներ են համարվում․

Գերմանիան, Բելգիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Խորվաթիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ավստրիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Չեխիան և Հունգարիան անդամակցում են Շենգենյան համաձայնագրին, ուստիև համարվում են «Շենգենյան պետություններ»։

Խոսքը վերաբերում է ԵՄ բոլոր պետություններին՝ բացառությամբ Իռլանդիայի։ ԵՄ անդամ պետություններ Բուլղարիան, Ռումինիան և Կիպրոսը առայժմ մասնակիորեն են կիրառում Շենգենյան պայմանավորվածությունները։ Մինչ այս երեք երկրների կողմից դրանց լիարժեք կիրառումը՝ առժամանակ ներքին սահմաններին կիրականացվի անձանց ստուգում։ Նշված ԵՄ անդամ պետություններից բացի Շենգենյան պետությունների թվին են դասվում նաև Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Լիխթենշտայնը։   

Կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանությունից ստացած Շենգենյան վիզայով այցելել նաև Շենգենյան այլ պետություններ:   

Այո: Հենց սա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի վավերականության ժամկետում այցելել Շենգենյան ցանկացած երկիր: Բայց այցելության հիմնական նպատակակետը (ամենաերկար կացությունը) պետք է լինի այն երկրում, որի դեսպանությունից Դուք վիզան ստացել եք:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն վիզա ունենալը ինքնաբերաբար մուտքի իրավունք չի տալիս, և որ վիզա ունեցող անձը սահմանին պետք է փաստաթղթերով հավաստի, որ բավարարում  է Շենգենյան սահմանային կոդեքսի 6-րդ հոդվածով նախատեսված մուտքի նախապայմանները:

Ես ունեմ լեհական D-վիզա, կարո՞ղ եմ արդյոք այդ վիզայով այցելել Գերմանիայում բնակվող ընկերներիս:

Այո: Համաձայն Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպական Խորհրդի՝ 02.03.2010թ. թիվ 265/2010 որոշման՝ D-վիզաները, որոնք տրվում են Շենգենյան պետությունների կողմից, 2010թ. ապրիլի 5-ից սկսած համարվում են համաշենգենյան և արտոնում են վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացություն: 

Որքա՞ն է Շենգենյան վիզայի վավերականությունը:

Ձեր վիզայի վավերականությունը կախված է

  • նշված ժամանակահատվածից,
  • կացության օրերի թույլատրված առավելագույնից ( օրինակ՝ 30 կամ 90 օր)
  • թույլատրված մուտքերի քանակից (մեկ, երկու կամ բազմակի):

Օրինակ՝ Ձեզ տրվել է 30 օր ժամկետով և երկու անգամ մուտք գործելու հնարավորությամբ վիզա: Ըստ այդմ՝ Դուք կարող եք վավեր ժամկետում երկու անգամ մուտք գործել Շենգենյան տարածք և այնտեղ գտնվել ընդհանուր մինչև 30 օր: Մուտք գործելու և Շենգենյան գոտուց դուրս գալու օրերը հաշվվում են որպես կացության օրեր:

Կացությանը նախորդող ժամանակահատվածների հաշվարկը կատարվում է Շենգենյան տարածք նախատեսված մուտքի ժամանակահատվածից սկսվող հետհաշվարկով: Եթե, օրինակ, մուտքը նախատեսված է 01.07.-ին, կացությանը նախորդող հնարավոր ժամանակահատվածների հաշվարկում դիտարկվում են վերջին 6 ամիսները (հունվար - հունիս) և հաշվի են առնվում համապատասխան կացությունները: Հաշվարկներին առնչվող հարցերի դեպքում Դուք կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզայի բաժին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեկ տարի (2, 3 կամ 5 տարի) վավերականությամբ տրվող Շենգենյան վիզաները թույլ են տալիս Գերմանիայում կամ Շենգենյան գոտու անդամ որևէ այլ պետությունում գտնվել վեց ամսվա մեջ առավելագույնը 90 օր:

 Short-stay Visa Calculator


Ե՞րբ է պետք ունենալ տարանցիկ վիզա:

Եթե ճամփորդում եք օդանավով, ապա հարկավոր է C կատեգորիայի գերմանական տարանցիկ վիզա ունենալ միայն այն դեպքում, եթե Դուք չունեք վավերական Շենգենյան վիզա և

  • թռչում եք Ավստրիայով, օրինակ, դեպի ԱՄՆ: Վիենայից ԱՄՆ թռիչքը, սակայն, մեկնարկելու է շատ ժամեր անց, և Դուք ցանկանում եք այդ ընթացքում դուրս գալ օդանավակայանի միջազգային տարանցիկ գոտուց:
  • թռչում եք, օրինակ, Վիենայով և Ֆրանկֆուրտով դեպի Բրազիլիա: Քանի որ Ձեր ճամփորդական ուղին ներառում է երկու կանգառ՝ Շենգենյան տարածքում գտնվող օդանավակայաններում, Ձեզնից կպահանջվի C կատեգորիայի վիզա:
  • թռչում եք, օրինակ, Վիենայով դեպի ԱՄՆ և պետք է օդանավից օդանավ տեղափոխվելիս նաև տերմինալը փոխեք:

Որտե՞ղ են այն հավելյալ փաստաթղթերը, որոնք ես իմ հյուրի համար շաբաթներ առաջ ուղարկել եմ դեսպանություն:

Խնդրում ենք բոլոր փաստաթղթերն ուղարկել անմիջապես հյուրին և ոչ դեսպանությանը: Դիմում ներկայացնող անձինք Ձեզնից ստացած փաստաթղթերը այլ փաստաթղթերի հետ միասին դեսպանություն են ներկայացնում անձամբ:

Դեսպանությունը ամեն շաբաթ ընդունում է մի քանի հարյուր դիմումատուի, ուստի չի կարող ապահովել առանց պահանջի դեսպանություն ուղարկված փաստաթղթերի տեսակավորումը: Շնորհակալություն՝ սույն կարգավորմանը ըմբռնումով մոտենալու համար:   


Ձեր հանձնած դիմումի բովանդակության համար պատասխանատու եք միմիայն Դուք:

Խնդրում ենք տրամադրել իրականությանը համապատասխանող տվյալներ՝ առաջնորդվելով խղճի մտոք: Մի հավատացեք այն պնդումներին, թե վարպետորեն լրացված դիմում-հարցաթերթիկը վիզա ստանալու երաշխիք է: Ոչ ոք չի կարող խոստանալ Ձեզ, որ Դուք վիզա կստանաք: Հարցաթերթիկում ընդգրկված հարցերին յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն պատասխանել: Լրացման վերաբերյալ ցուցումներ կարող եք գտնել մեր կայքում:   

Շենգեն-վիզայի համար դիմող անձինք պատուհանի մոտ սպասարկման առնչությամբ հյուպատոսական բաժնի աշխատակիցների վերաբերմունքի կամ դիմումի հանձնման գործընթացի վերաբերյալ իրենց բողոքները կարող են ներկայացնել կոնտակտային ձևաթղթի միջոցով: Խնդրում ենք կոնտակտային ձևաթղթում որպես հասցեատեր ընտրել „Beschwerde zum Schengen-Visum-Verfahren“ տարբերակը: Ընդ որում՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ բողոքները կարող են ներկայացվել միայն գերմաներեն կամ անգլերեն:  Այլ լեզուներով ներկայացված բողոքները չեն կարող քննության առնվել: Այլ հարցերով բողոքները չեն կարող քննության առնվել նշված էլ․ փոստի հասցեի միջոցով։ Խնդրում ենք կոնտակտային ձևաթղթի „Betreff“ («Առնչություն») դաշտում նշել հետևյալ տարբերակը․

  • Բողոք վիզայի դիմումներն ընդունելիս կամ հեռախոսային խորհրդատվության ընթացքում աշխատակիցների ցուցաբերած վարքի վերաբերյալ

Մենք հետամուտ կլինենք Ձեր բողոքին այն ստանալուց հետո:
Կարևոր ցուցում. Բողոքների համար նախատեսված կոնտակտային ձևաթղթերը նախատեսված չեն վիզա չտրամադրելու, վիզան չեղյալ համարելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքարկումներ (ռեմոնստրացիա) ներկայացնելու համար։ 

դեպի էջի սկիզբ