Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գերմանական տնտեսական միավորում (DWV)
Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը, © DWV
Գերմանական տնտեսական միավորումը (DWV) հայկական և գերմանական ընկերություններից բաղկացած միավորում է։ Միավորման նպատակն է՝ ստեղծել կամուրջ հայկական և գերմանական ընկերությունների միջև, դրանով իսկ ավելի դյուրին դարձնել առևտրային հարաբերությունները, խթանել ընկերությունների միջև համագործակցությունն ու ստեղծել ընդլայնված ցանց, որի միջոցով ընկերությունները կարող են ստեղծել նոր կապեր, բացահայտել նոր հնարավորություններ և համագործակցության նոր հեռանկարներ։
DWV-ն առաջարկում է հարթակ միջմշակութային համագործակցության, լավագույն փորձի փոխանակման, նոր բիզնես կապեր ստեղծելու, բիզնես պոտենցիալը խթանելու համար։ Միավորումն այս պահին ունի գրեթե 120 հայկական և գերմանական անդամ տնտեսության բոլոր ճյուղերից։
DWV-ն իր անդամների համար տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, աշխատաժողովներ, կլոր սեղանի շուրջ քննարկումեր, տարբեր միջոցառումներ՝ ինչպես հստակ կարևոր տնտեսական թեմաների վերաբերյալ, այնպես էլ անդամների միջև ցանցային շփումները խթանելու նպատակով։
Համագործակցելով գերմանական ընկերությունների հետ՝ Գերմանական տնտեսական միավորումը յուրաքանչյուր տարվա ընթացքում կազմակերպում է պատվիրակության այցեր Հայաստանից Գերմանիա և Գերմանիայից Հայաստան: Սույն այցերի հիմնական նպատակը նոր շուկաներին ծանոթանալն ու նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելն է:
Միավորումը սերտորեն համագործակցում է GET-ի (Գերմանական տնտեսական թիմ), Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի (Ostausschuss der deutschen Wirtschaft), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանում Գերմանիայի դեսպանության և այլ գերմանական ընկերությունների հետ:
Գերմանական տնտեսական միավորումը Fruit Logistica ցուցահանդեսի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Միավորումը տրամադրում է խորհրդատվություն, օժանդակում է տաղավարի ամրագրման, ինչպես նաև մասնակցության տոմսեր ձեռք բերելու հարցում։
Գերմանական տնտեսական միավորումը SES՝ Ավագ փորձագետների ծառայության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ SES-ը թոշակի անցած մասնագետներից և մասնագիտական դադարի մեջ գտնվող փորձագետներից (Weltdienst 30+) բաղկացած կազմակերպություն է, որը հնարավոր է դարձնում փորձագետների գիտելիքի և փորձի փոխանցումը արտասահմանում և Գերմանիայում։ Գերմանական տնտեսական միավորումն աջակցում է հայկական ընկերություններին ծրագրին դիմելու և փորձագետներին Հայաստան հրավիրելու հարցում։
DWV-ի կողմից առաջարկվող հիմնական ծառայություններն են՝
- շուկայի հետազոտություն, խորհրդատվություն և վերլուծություն
- բիզնես գործընկերների միջնորդում
- պատվիրակությունների այցերի կազմակերպում
- նեթվորքինգ կապերի միջնորդում
- գործընկերների որոնում ու կոնտակտների ստուգում
- աջակցություն ցուցահանդեսներին մասնակցելու հարցում
աջակցություն Ավագ փորձագետների ծառայության ծրագրերին դիմելու և ծրագիրն իրագործելու հարցում։
DWV (ԳՏՄ) գործադիր տնօրենը Մերի Նավասարդյանն է, իսկ վեց անդամից բաղկացած վարչության նախագահը՝ Արտաշես Մարգարյանը (Codeex ընկերության տնօրեն)։ ԳՏՄ վարչական խորհրդում որպես խորհրդատու ներգրավված են նաև Երևանում Գերմանիայի դեսպանության (փոխդեսպան Էրիկ Թինտրուպ), Գերմանական Միջազգային համագործակցություն ընկերության (Արամ Բաբայան) և Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամի (Էրիկ Բյոթխեր) մեկական ներկայացուցիչ։
Կոնտակտային տվյալներ՝
Հասցե՝ Սայաթ-Նովա 19, Երևան, Հայաստան
Հեռախոս՝ +374 77 660 351
Էլ․ հասցե՝ info@dwv.am
Կայք՝ https://dwv.am/