Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
«Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH)
PASCH լոգո, © PASCH
Աշխարհում կան Գերմանիայի հետ սերտ կապեր ունեցող շուրջ 1500 դպրոցներ, որտեղ առանձնահատուկ օժանդակություն է ցուցաբերվում գերմաներենի դասավանդմանը․
2008թ. փետրվարին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունը կյանքի կոչեց «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը: Այն մի ցանցի մեջ իրար է միացնում Գերմանիայի հետ առանձնակի սերտ կապեր ունեցող աշխարհի շուրջ 1.500 գործընկեր դպրոցների: Ծրագիրը նպատակ ունի հատկապես Ասիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող երտասարդների մեջ տևական հետաքրքրություն և ոգևորություն արթնացնել ժամանակակից Գերմանիայի և գերմաներենի նկատմամբ:
Միջդպրոցական գործընկերության այս նախաձեռնությունը համակարգում է ԳԴՀ արտգործնախարարությունը և այն իրագործում Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA), Գյոթեի անվան ինստիտուտի (GI), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և կրթության նախարարների խորհրդի (Kultusministerkonferenz) Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD) հետ միասին:
Գերմանիայի Բունդեսթագը սկզբից ևեթ աջակցություն է ցուցաբերել այս նախաձեռնությանը և շեշտել նրա նշանակությունն արտերկրում դպրոցական գործունեության տեսանկյունից` «Ամրապնդել և զարգացնել գերմանական դպրոցական կրթությունն արտերկրում» համոզմունքով:
PASCH-ը հանդես է գալիս նաև Գերմանիայի արտաքին մշակութային և կրթական քաղաքականության այլ նախաձեռնությունների հետ համատեղ, օրինակ` „Kulturweit“ կամավորական ծառայության, Արտաքին գիտական նախաձեռնության և «Գերմաներեն` գաղափարների լեզու» նախաձեռնության:
Գերմանիայի հետ ամուր կապեր ունեցող գործընկեր դպրոցների համաշխարհային ցանց
Արտերկրում գործող գերմանական դպրոցների և գործընկեր երկրների կրթական համակարգերում գործող և «Գերմաներենի դիպլոմ» տրամադրող, կամ որակյալ և խորացված գերմաներենի ուսուցում կազմակերպող դպրոցների միջև ստեղծված ցանցը գնալով ընդլայնվում և զարգանում է: Մենք ցանկանում ենք աշխույժ, տևական կապ հաստատել Գերմանիայի հետ և դպրոցներին, նրանց մանկավարժներին և աշակերտներին ոգևորել միմյանց հետ առավել սերտորեն շփվելու և համագործակցելու: Այդ պատճառով նախաձեռնությունը դպրոցներին աջակցություն է ցուցաբերում միջոցառումների բազմատեսակ առաջարկներով: