Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Գերմանիայի թեկնածությունը Անվտանգության խորհրդի համար 2019/20

05.12.2017 - Հոդված

Գերմանիան հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի տեղի համար։

 

Գերմանիայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թեկնածության լոգոն
Գերմանիայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թեկնածության լոգոն© Federal Foreign Office

Գերմանիան հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի տեղի համար։ Այն ժամանակվա արտգործնախարար Շտայնմայերը 2016թ հունիսի 27-ին Համբուրգում հայտնել էր 2019/20 ժամանակահատվածի համար թեկնածություն առաջադրելու մասին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընտրությունները կկայանան 2018 թվականին։ Վերստին թեկնածության առաջադրումը (վերջին անգամ մենք ԱԽ անդամ էինք 2011/12 թթ) արտահայտում է մեր քաղաքական կամքը ակտիվ ներդրում ունենալու խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հաղթահարելով բոլոր մարտահրավերները, որոնց առջև կանգնած է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Մեր նոր անդամությունը կընգծի մեր դերն ու կշիռը Միացյալ ազգերի կազմակերպության մեջ։Միջազգային և տարածաշրջանային ուսումնասիրությունների Լայբնիցի ինստիտուտի (GIGA) հրավերով «GIGA Distinguished Speaker Lecture Series» դասախոսությունների շարքի շրջանակում Համբուրգի քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ Շտայնմայերն այն ժամանակ շեշտել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նշանակությունը․

«Այս ոչ խաղաղ ժամանակներում խաղաղության համար գործադրվող ջանքերի համար մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ են ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը։ Նույնիսկ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շատ է քննադատության ենթարկվում և ցավոք երբեմն այն փակուղի է մտնում, բայց այն շարունակում է մնալ այն միակ մարմինը, որն իրավասու է միջազգային իրավունքի տեսանկյունից կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղության ապահովման մասին պարտադիր որոշումներ ընդունել։ Չնայած թերահավատությանը՝ անցած տարվա ընթացքում խորհուրդը 63-ից 60 բանաձևերն ընդունել է միաձայն։ Անվտանգության խորհուրդը գլոբալ ճգնաժամերի հիմնական կառավարողն է։»

Այս ամենը հատկապես մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար։ Շտայնմայերի կարծիքով․ «Գերմանիան, լինելով տնտեսապես, քաղաքական և հասարակական առումներով աշխարհի հետ սերտորեն ցանցավորված, ոմանց կարծիքով՝ նույնիսկ ամենասերտաճած երկիր, առանձնահատուկ կերպով է կախված գործուն, խաղաղասեր և կանոնների վրա հենվող միջազգային կարգից։ Եվ քանի որ դա այդպես է, ապա մենք ավելին կարող ենք անել այդ կարգի պահպանման և հետագա զարգացման համար։»

 Միացյալ ազգերի կազմակերպությունում գերմանական ներգրավվածության ամբողջ լայն շրջանակը կարելի է ամփոփել հետևյալ հասկացություններով՝ «Խաղաղություն, արդարություն, գործընկերություն և նորարարություն»։ Դրանք են ընտրական արշավի հիմնական հասկացությունները։

Խաղաղություն

«Իր առանցքից դուրս եկած» աշխարհում ավելի քան պահանջված է միջազգային համայնքը՝ հին և նոր սպառնալիքների սցենարներին միասնաբար ընդառաջ գնալու համար։ Այստեղ Գերմանիան հուսալի գործընկեր է։ Արդեն 30 տարի շարունակ մենք մասնակցում ենք խաղաղարար առաքելություններին՝ ինչպես անձնակազմով, այնպես էլ ֆինանսական աջակցությամբ։ Կոնֆլիկտների հաղթահարումը, կայունացումը, հետկոնֆլիկտային միջոցառումները և սպառազինության վերահսկումը մեր արտաքին քաղաքականության մի մասն են կազմում։

Արդարություն

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գրաֆիկական պատկերը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները© Դաշնային կառավարություն

Գերմանիան հանդես է գալիս գործուն, արժեքների վրա հենված աշխարհակարգի օգտին։ Մեր գլոբալ համակեցության հիմքում ընկած են մարդու իրավունքները։ Սեռերի հավասարությունն ու բոլոր կանանց և աղջիկների ինքնորոշումը, հասարակական ներառումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները մեր հիմնարար իրավունքներն են, որոնց համար մենք ամեն օր ջանքեր ենք գործադրում գլոբալ մակարդակում։

Նորարարություն

Մեր հիմնական խնդիրներից մեկը կլիմայական քաղաքականությունն է։ Փարիզում բանակցված, իրավական տեսանկյունից պարտադիր Կլիմայի մասին համաձայնագիրը դնում է ամբողջ աշխարհում կայուն զարգացող էներգամատակարարման հիմքերը։ Որպես ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հիմնադիր անդամ մենք կիսում ենք մեր բազմազան փորձն ու հավակնությունները վերականգնվող էներգակիրների ոլորտում։ Հավասարաչափ մատչելի և որակյալ կրթությունը բոլոր երեխաների և պատանիների համար նույնպես մեր կարևոր նպատակներից մեկն է։ Սրանք առաջին հայացքից անվտանգության համար անկարևոր թվացող թեմաներ են, որոնք սակայն խաղաղ, ազատ հասարակությունների համար էական նախապայմաններ են հանդիսանում։ Առանց կրթության մատչելիության, առանց ջրի և ներդաշնակ շրջակա միջավայրի հասանելիության չի կարող լինել անվտանգություն։

Գործընկերություն

Գերմանիան աշխարհի գործընկերն է։ Մեզ համար գործընկերությունը դա հարաբերություն է հավասարների միջև։ Մենք ցանկանում ենք սովորել և մեր փորձառությունը ծառայեցնել ի նպաստ զարգացման։ Այդ իսկ պատճառով մենք զարգացման քաղաքականությունն ընկալում ենք որպես ներդրում ապագայի համար՝ զարգացման քաղաքականություն նշանակում է կառույցներ ստեղծել, գիտելիք և գաղափարներ կիսել, տրամադրել օգնություն ինքնօգնության համար։ Գերմանիան ցանկանում է և կարող է նպաստել, որպեսզի աշխարհը մարդկային դեմք ունենա։ Դրա բաղկացուցիչ մասն է արդար և մարդկային վերաբերմունքը փախստականների հետ։ Անհրաժեշտ է վերացնել փախուստի պատճառները։ Այդ իսկ պատճառով Գերմանիան մեծապես մասնակցում է հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների կազմակերպության և համաշխարհային պարենի կազմակերպության աջակցությանը։