Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

ԵՄ խորհրդի գերմանական նախագահության գործունեությունը՝ ամփոփ․ «Միասին՝ վերստին զորեղացնելու Եվրոպան»

Գերմանիայի՝ ԵՄ Խորհրդի նախագահության տարբերանշանը 2020թ․ երկրորդ կիսամյակում

Գերմանիայի՝ ԵՄ Խորհրդի նախագահությունը, © Bundesregierung/Դաշնային կառավարություն

23.12.2020 - Հոդված

Կորոնա, բյուջե, օրենքի գերակայություն, կլիմա․ քաղաքական հագեցած կիսամյակում ԵՄ գերմանական նախագահությունը նոր ուժ հաղորդեց Եվրամիության արտաքին և ներքին հարաբերություններին։

ԵՄ խորհրդի գերմանական նախագահությունն անցավ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի առաջնահերթության հրամայականով։ Այդուհանդերձ, առանցքային այլ  խնդիրներում նույնպես Եվրամիությունը շարունակեց առաջ ընթանալ՝  ներքին քաղաքական հարցերում առաջնորդվելով համերաշխության, արտաքին հարցերում՝ վճռականության ոգով։  

Պայքար կովիդ-19-ի դեմ

Եվրամիությունը միասնական է այս պայքարում։ Նաև շնորհիվ եվրոպական գիտնականների և համաեվրոպական գիտական հետազոտությունների՝ հաջողվեց ռեկորդային ժամանակում ստեղծել պատվաստանյութ, գնել և բաշխել այն։ Այժմ Եվրամիությունը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։ ԵՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան պատվաստվելու մոտ ժամանակներում․ սա որոշիչ քայլ է համավարակից դուրս գալու ճանապարհին։ Այժմ Գերմանիան ջանքեր է ներդնում, որ Եվրամիությունը պատվաստանյութ տրամադրի նաև օգնության կարիք ունեցող երկրներին։ Որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր՝ Գերմանիան հաջողեց նաև  համաեվրոպական այսպես կոչված  «ռիսկի քարտեզի» միջոցով համավարակի դեմ պայքարի կոորդինացումը, երրորդ երկրներից ԵՄ մուտք գործելու միասնական կանոնակարգերը, թեստավորման ռազմավարությանը և շփման շրջանակները պարզելուն ուղղված միասնական ջանքերն ամրապնդելու հարցում։  Կովիդ-19-ի բռնկումից ի վեր Գերմանիան հարևան պետություններից ընդունել և բուժել  է 260 ծանր վիճակում գտնվող բուժառուի, բացի այդ, ԵՄ անդամ այլ երկրներ առաքել բժշկական օգնություն՝ դիմակներ, շնչառական սարքեր և այլն։

„Next Generation EU“․ բազմամյա ֆինանսական շրջանակ և վերականգնման ֆոնդ

Երկար բանակցություններից հետո, զարգացնելով գերմանաֆրանսիական առաջարկը՝ Եվրամիությունն այսպես կոչված «Բազմամյա ֆինանսական շրջանակից» (MFR)՝ բազմամյա բյուջեից և վերականգնման գումարներից ընդունեց մի փաթեթ, որն ուղղված է Եվրամիության վերահզորացմանը կորոնավիրուսային համավարակից հետո։ Վերականգնման „Next Generation EU“ ֆոնդը կազմում է 750 միլիարդ եվրո և նոր գործիք է, որն արագ օգնություն կտրամադրի քաղաքացիներին։ Այն ուղղված է կովիդ-19-ից առավել տուժած երկրներին։ Դրան ավելանում է նաև հաջորդող յոթ տարիների համար նախատեսված բազմամյա ֆինանսական շրջանակը, որը կազմում է 1,07 տրիլիոն եվրո։ Ավելի շատ ֆինանսներ առողջապահությանը, կլիմայի պաշտպանությանը, թվայնացմանը և երիտասարդների փոխշփումներին՝ ահա գլխավոր նպատակները։  

Նոր բյուջեն ևս մեկ նորույթ ունի։ Առաջին անգամ Եվրամիության միջոցների տրամադրումը կպայմանավորվի օրենքի գերակայության ստանդարտների պահպանմամբ։ Գերմանիան մինչև վերջ հանդես եկավ այս կարգավորման օգտին։ Այս փաթեթը Եվրամիությանը «կմարզի» կանաչ և նորարար ապագայի ճանապարհին և կամրապնդի եվրոպական արժեքները։

Օրենքի գերակայության ամրապնդում

Օրենքի գերակայությունը Եվրամիության՝ որպես միևնույն արժեհամակարգը կրող հանրության հիմքն է, որի շնորհիվ պաշտպանվում են քաղաքացիների ազատություններն ու իրավունքները։ ԵՄ խորհդի իր նախագահության շրջանում Գերմանիան Խորհրդի ներսում իրավական պետության շուրջ երկխոսություն է գործարկել ԵՄ գործընկերների հետ։ Նպատակը անկեղծ քննարկումների ճանապարհով օրենքի գերակայության համընդհանուր ընկալման ամրապնդումն է Եվրամիության ներսում։ «Հորիզոնական» դեբատի ձևաչափով բոլոր անդամ պետությունները քննարկեցին օրենքի գերակայության վիճակը Եվրամիության տարածքում։  Երկրորդ՝ պարզաբանող քննարկման ընթացքում քննարկվեց իրավիճակը անդամ առաջին հինգ պետություններում, հաջորդաբար այդպիսի քննարկումներ կծավալվեն բոլոր մյուս անդամ պետությունների համար։ Այս ստուգողական քննարկումները պետք է խթանեն թեմայի վերաբերյալ համընդհանուր ուշադրությունը և ժամանակին կանխեն խնդրական զարգացումները։ 2021թ․ Պորտուգալիան կշարունակի այդ երկխոսությունը իր նախագահության շրջանում։

Եվրոպական ինքնիշխանություն

Գերմանիան հանդես է գալիս հանուն այնպիսի Եվրամիության, որը պետք է իր գործունակությունը և քաղաքական պլանավորման կարողությունը խթանի հատկապես անվտանգության, տեխնոլոգիաների, թվայնացման, առևտրային և արժութային քաղաքականությունների ոլորտներում։ Եվրամիությունը միավորում է իր ջանքերը և միասնաբար գործում հատկապես արտաքին ճակատում, քանի որ ազգային առանձին պետությունները գերտերությունների մրցավազքում այլևս անկարող են մասնակցել համաշխարհային կացութակարգի ձևավորմանը։ Անվտանգության քաղաքականության ոլորտում Գերմանիան իր նախագահության շրջանում  կյանքի կոչեց այսպես կոչված «ռազմավարական կողմնացույցը», ըստ որի ԵՄ անդամ պետությունները սպառնալիքների վերլուծության հիման վրա պետք է նպատակային քննարկումներ ծավալեն անվտանգության և պաշտպանության խնդիրների շուրջ և գործեն միևնույն ուղղությամբ։ Այսպես կոչված «Մշտական համակարգված համագործակցության» շրջանակում նույնպես Գերմանիան հաջողությամբ ավարտին հասցրեց երկարատև բանակցությունները, որի արդյունքում հետայսու նաև ոչ ԵՄ անդամ պետությունները կարող են մասնակցել անվտանգության և պաշտպանության վերաբերյալ համապատասխան նախագծերին։ Դա կամրապնդի ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունը և ԵՄ – ՆԱՏՕ հարաբերություններն ընդհանրապես։

Սակայն հակամարտությունները երբեք չեն լուծվում միայն ռազմական միջոցներով․ կայուն խաղաղության համար Գերմանիան խթանում և ամրապնդում է ճգնաժամերի քաղաքացիական կառավարումը՝ որպես Համաեվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնական բաղադրիչ։  Բեռլինում բացված Ճգնաժամերի քաղաքացիական  կառավարման կենտրոնը Գերմանիայի դաշնային կառավարության խոշորագույն ներդրումն է այս ճանապարհին։ Այստեղ ԵՄ անդամ պետությունները գործընկերների հետ  մեկտեղում են իրենց հավաքած փորձն ու գիտելիքը, վերապատրաստում մասնագետներ՝ Եվրամիության քաղաքացիական առաքելությունների գործունեությունը բարելավելու համար։

Եվրամիությունը՝ կլիմայի պաշտպանության առաջամարտիկ

Եվրոպան շարունակում է մնալ նաև կլիմայի պաշտպանության առաջամարտիկը։ ԵՄ-ն ցանկանում է մինչև  2030 թվականը նվազեցնել իր CO2-արտանետումները առնվազն 55% -ով, մինչև 2050 թվականը՝ Եվրոպան դարձնել առաջին չեզոք մայրցամաքը կլիմայական առումով։ Խորհրդի նախագահության շրջանակում  Գերմանիան կարողացավ հասնել նրան, որ այս նպատակներն ամրագրվեն համաեվրոպական «Կլիմայի մասին օրենքով»։  Սա հավակնոտ նպատակադրում է, սակայն մեծ հնարավորություններ է բացում․ անցումային գործընթացից մինչև առավել կայուն բնապահպանական զարգացում ճանապարհը պետք է տնտեսապես արդարացված լինի։ ԵՄ ծախսերի առնվազն 30%-ը հաջորդող  յոթ տարիներին պետք է ուղղվեն կլիմայի պաշտպանությանը։ Միասնաբար՝ դեպի կայուն վերականգնում, այսպես կոչված „green recovery“։ 

Հանուն մարդու իրավունքների և հակամարտությունների լուծման

Եվրամիությունը նոր քաղաքական գործիքակազմ է սահմանել  մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ խոշտանգումների, ստրկության կամ պարբերական սեռական բռնությունների դեմ։ Մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների այս ռեժիմի կիրառմամբ Եվրամիությունն արդեն իսկ կարող է սահմանել մուտքի արգելքներ կամ սառեցնել հաշիվներ։ Այս խնդրում Գերմանիայի ջանքերը ԵՄ շրջանակում առավել քան ընդգծված էին։

Նույնչափ կարևոր է միջնորդությունը հակամարտությունների կարգավորման հարցում։ Հակամարտող կողմերի միջև միջնորդական ջանքերով, օրինակ, ճամփա հարթվեց Լիբիայում խաղաղության երկխոսության համար։  Գերմանիան այս գործիքակազմն իր ԵՄ նախագահության օրոք կիրառեց նաև համաեվրոպական նշանակությամբ․ ԵՄ արտգործնախարարներն ընդունեցին միջնորդական համատեղ հայեցակարգ։ Հետայսու Եվրամիության Խորհուրդը որոշումներ կկայացնի սեփական առաքելությունների վերաբերյալ, որոնք կխթանեն Եվրամիության համաշխարհային դերակատարությունը։

Միջազգային գործընկերները և Եռանախագահությունը

Բազմակողմանիություն, ժողովրդավարություն, բաց առևտուր․ ահա միասնական կողմնացույցը։ Եվրամիությունը ամրապնդում է իր հարաբերությունները  կարևորագույն տարածաշրջանների հետ։ Եվրամիությունը և  հարավարևելաասիական ASEAN-պետություններն այժմ ռազմավարական գործընկերներ են։  Գերմանիան այժմ ավելի ակտիվ արտաքին քաղաքական դերակատարություն ունի հնդկա-խաղաղօվկիանյան տարածաշրջանում։  Եվրամիությունը խոշոր առցանց համաժողով կազմակերպեց նաև լատինամերիկյան և կարիբյան պետությունների հետ։ Միասնական նպատակները՝ կլիմայի պաշտպանություն, կենսաբազմազանություն, կայուն տնտեսավարում, արժեքային կողմնորոշիչներով թվայնացում։ ԱՄՆ-ին Եվրամիությունը նոր առաջարկ է արել․  այսպես կոչված «Նոր գործարք» (New Deal)  Բայդենի վարչակազմի հետ՝ խթանելու համընդհանուր կանոնների վրա խարսխված կացութակարգը և վերաշխուժացնելու տրանսատլանտյան գործընկերությունը։  

Պորտուգալիա և Սլովենիա․ Եռանախագահության գործընկերները

Շարունակականությունը կարևոր է հատկապես, երբ Եվրամիությունում «հաստ տախտակներ» շաղափելու անհրաժեշտություն կա։ Եվ կապ չունի՝ որ երկիրն է այդ պահին նախագահող․  մեծ խնդիրների՝ օրենքի գերակայության, միգրացիայի կամ կլիմայի փոփոխության լուծումները մշտապես առաջ պետք է տանել քաղաքական   մոտեցմամբ։ Ոչ բոլոր բարեփոխումներն են ավարտվել վեց ամիս անց։ Ուստի Գերմանիան 18 ամիսների ընթացքում սերտորեն աշխատում է հատկապես Պորտուգալիայի և Սլովենիայի հետ, որոնք հաջորդիվ  ստանձնելու են ԵՄ նախագահությունը։ Շատ նախաձեռնություններ, օրինակ՝ օրենքի գերակայության շուրջ երկխոսությունը, Պորտուգալիան կշարունակի արդեն  2021թ․ հունվարի մեկից։

The official website of Germany's Presidency of the Council of the European Union (July through December 2020)

դեպի էջի սկիզբ