Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

«Միասնաբար հանուն Եվրոպայի վերազորացման»Գերմանիան ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը

Գերմանիայի՝ ԵՄ Խորհրդի նախագահության տարբերանշանը 2020թ․ երկրորդ կիսամյակում

Գերմանիայի՝ ԵՄ Խորհրդի նախագահությունը, © Bundesregierung/Դաշնային կառավարություն

01.07.2020 - Հոդված

Հուլիսի 1-ից Գերմանիան հերթագայության սկզբունքով առաջիկա վեց ամիսների համար կստանձնի Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը: Հանուն Եվրամիության մեր նպատակն է՝ լինել համերաշխ և համախոհ՝ ներքին, գործունակ և ինքնավստահ՝ արտաքին հարաբերություններում:

2007 թվականից հետո Գերմանիան արդեն 13-րդ անգամ է ստանձնում ԵՄ Խորհրդի նախագահությունը: Նախագահության ժամանակահատվածում Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչները վարում են Խորհրդի բոլոր մակարդակներում անցկացվող ժողովներն ու հավաքները՝ բացառությամբ ԵՄ արտաքին քաղաքականության, ապահովելով Եվրամիության գործունեության շարունակականությունը Խորհրդի ներսում:  Գերմանիան ցանկանում է կորոնավիրուսային համավարակի շրջանում իր ուշադրությունը սևեռել տնտեսության և սոցիալական ոլորտի վերականգնմանը՝ միաժամանակ ամրապնդելով ԵՄ դիրքերը ռազմավարական կարևորության այնպիսի հեռահար ոլորտներում, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, գաղթը և միգրացիան, օրենքի գերակայությունը և թվային զարգացումը:

Արտգործնախարար Հայկո Մաասի կարծիքը միանշանակ է.

«Կորոնավիրուսային համավարակը Եվրամիության որոշ երկրների պատուհասել է ավելի մեծ չափով, քան մյուսներին, սակայն տնտեսական և սոցիալական հետևանքները զգալի են ողջ Եվրոպայում: Ուստի միայն միասին է հնարավոր դուրս գալ ճգնաժամից: Գերմանիան ցանկանում է ԵՄ Խորհրդի նախագահության մեջ շարժիչ ուժ և համակարգող լինել: Մեր առաջադրանքն է լինելու կամուրջներ գցել և լուծումներ գտնել, որոնք կլինեն ի նպաստ բոլոր եվրոպացիների: Որքան համախոհ և համերաշխ ենք Եվրոպայի ներսում, այնքան էլ գործունակ և ինքնավստահ պետք է լինենք արտաքին աշխարհում: Մենք չենք ցանկանում, որ ուրիշները խնամատարորեն թելադրեն մեզ, մենք ցանկանում ենք մեր ճանապարհն անցնել և մասնակից լինել աշխարհաքաղաքական որոշումներին»:

Ծրագրի հիմքում ընկած են հետևյալ ուղենիշային գաղափարները.

  • կորոնավիրուսային ճգնաժամի հիմնավոր հաղթահարում
  • ուժեղ և նորարար Եվրոպա
  • արդար Եվրոպա
  • կայուն զարգացող Եվրոպա
  • ապահով Եվրոպա՝ խարսխված միասնական արժեքների վրա
  • աշխարհում ուժեղ դիրք ունեցող Եվրոպա

Եռանախագահություն Պորտուգալիայի և Սլովենիայի հետ

Այն անդամ պետությունները, որոնք նախագահում են, սերտորեն համագործակցում են որպես եռանախագահություն՝ այսպես կոչված եռյակ-խմբերում: Այս կարգավորումը կյանքի է կոչվել 2009 թվականի Լիսաբոնի համաձայնագրով: Եռանախագահությունը ձևակերպում է երկարաժամկետ նպատակներ և մշակում համընդհանուր ծրագիր՝ ներառելով այն թեմաները և կարևոր հարցերը, որոնք պետք է տասնութ ամիսների կտրվածքով լինեն Խորհրդի ուշադրության կենտրոնում: Այս ծրագրի հիման վրա երեք երկրներից յուրաքանչյուրը մշակում է իր սեփական՝ վեցամսյա մանրամասն ծրագիրը: Գերմանիան այժմ բացում է նոր եռանախագահություն, որին 2021 թվականին կմիանա նախ Պորտուգալիան, ապա նաև՝ Սլովենիան:

Նախագահության հանձնառությունները

Նախագահությունը պատասխանատու է ԵՄ իրավական ակտերի վերաբերյալ Խորհրդի խորհրդատվությունները առաջ տանելու և Եվրամիության օրակարգի շարունակականությունը, օրենսդրական գործունեության պատշաճ ընթացքը և անդամ պետությունների միջև համագործակցությունը ապահովելու համար: Ընդ որում՝ այն պարտավոր է հանդես գալ որպես ազնիվ և չեզոք միջնորդ:

Նախագահությունն ունի երկու հիմնական հանձնառություն.

1. Կազմակերպում և վարում է Խորհրդի և Խորհրդի նախապատրաստական կառույցների նիստերը

Նախագահությունը վարում է Խորհրդի տարբեր կառույցների և նախապատրաստական խմբերի, օրինակ՝ մշտական հանձնաժողովների, ինչպես օրինակ՝ Մշտական ներկայացուցիչների մշտական հանձնաժողովի, կամ աշխատանքային խմբերի և մասնագիտական հանձնաժողովների նիստերը (բացառությամբ Արտաքին հարաբերությունների խորհրդի):

Նախագահությունը հոգում է, որ խորհրդատվություններն ընթանան պատշաճ կերպով, և որ Խորհրդի աշխատակարգը և աշխատանքային մեթոդները ճիշտ կիրառվեն:

Նախագահությունը կազմակերպում է նաև տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ ինչպես Բրյուսելում, այնպես էլ սեփական երկրում:

2. Ներկայացնում է ԵՄ Խորհուրդը ԵՄ այլ մարմինների առջև

Նախագահությունը հանդես է գալիս որպես Խորհրդի ներկայացուցիչ ԵՄ այլ մարմինների հետ հարաբերություններում, մասնավորապես՝ ԵՄ Հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի առջև: Նրա խնդիրն է տրիլոգներում, ոչ ֆորմալ բանակցություններում և միջնորդ հանձնաժողովի նիստերում աշխատել օրենսդրական գործընթացների վերաբերյալ միասնականություն ապահովելու ուղղությամբ:   

Նախագահությունը իր գործառույթները համաձայնեցնում է

  • Եվրոպական խորհրդի նախագահի,
  • Եվրամիության արտաքին և անվտանգային քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի հետ:

Նախագահությունը սատարում է նրանց գործունեությունը և կարող է բարձր ներկայացուցչի անունից երբեմն ստանձնել որոշակի պարտավորություններ, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի առջև հանդես գալ որպես Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ, կամ ղեկավարել Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստերը, որոնցում քննարկվում են միասնական առևտրային քաղաքականությանն առնչվող հարցեր:

Եվրոպական Միության Խորհրդի նախագահության պաշտոնական կայքը՝ անգլերեն

  

դեպի էջի սկիզբ