Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի ընթացակարգը Covid-19 համավարակի ընթացքում. ընթացիկ տեղեկություններ  

Հոդված

Ստորև ներկայացվում են տեղեկություններ վիզայի համար դիմելու և վիզա ստանալու կարգի վերաբերյալ։

Ուշադրություն

Հիգիենայի կանոնների պահպանման նպատակով 11.10.2021թ.-ից դեսպանություն կարող են մուտք գործել միայն  18 տարին լրացած այն անձինք, որոնք ապաքինվել են կովիդ-19-ից կամ պատվաստված են: 6-18 տարեկան այցելուները կարող են ներկայացնել ՊՇՌ թեստ, որը հանձնել են առավելագույնը 48 ժամ առաջ: Այս կարգավորման շնորհիվ դեսպանությունը կարող է ավելացնել շենգենյան վիզայի գրանցումների քանակը:

Պատվաստված է համարվում այն անձը, որն ստացել է Գերմանիայում արտոնված պատվաստանյութի լիարժեք չափաքանակը, և որի վերջին պատվաստափուլից անցել է առնվազն 14 օր: Պատվաստման ապացույցը պետք է ներկայացնել դեսպանություն մուտք գործելիս:

Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի կայքում կարող եք ծանոթանալ այն պատվաստանյութերին, որոնք արտոնված են Գերմանիայում (գերմաներեն կամ անգլերեն տարբերակով).

Ապաքինված է համարվում այն անձը, որը հիվանդացել է կովիդ 19-ով և արդեն առողջ է: Դեսպանություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ թեստի դրական պատասխանը, ապա դրան հաջորդած բացասական պատասխանը՝ գերմաներեն կամ անգլերեն տարբերակով: Թեստի դրական պատասխանի ամսաթվին հաջորդած 6 ամիսներին անձը համարվում է ապաքինված:

Օրինակ՝ անձի ՊՇՌ թեստի պատասխանը 15.10.2021թ. եղել է դրական, ապա 21.10.2021թ.՝ բացասական: Անձն, ըստ այդմ, 22.10.2021 – 14.04.2022թ. ժամանակահատվածում համարվում է ապաքինված, ուստի այդ հիմքով կարող է վիզայի դիմումի համար մուտք գործել դեսպանություն: 

Խնդրում ենք հաշվի առնել, որ դեսպանություն մտնելուց առաջ այցելուները նաև ջերմաչափվում են: 37,3° ցելսիուսից բարձր ջերմության դեպքում այցելուն չի կարող մտնել դեսպանություն: Պահանջվում է նաև ախտահանել ձեռքերը և դիմակ դնել:

Վիզա Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համար

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ներկայում Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի վիզայի դիմումներ հիմնականում չեն ընդունվում: Այդ երկրներ մեկնելու վիզայի ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այդ երկրների՝ Հայաստանի համար իրավասու համապատասխան դեսպանությունների կայքերից:


Ընտանիքի վերամիավորման համար (ազգային վիզա) անհրաժեշտ A1 լեզվի վկայականը հնարավոր է ներկայացնել դիմումի մշակման ընթացքում, սակայն դիմումը  վերջնականապես դիտարկվում է միայն A1 վկայականը ներկայացնելուց հետո: Գյոթե կենտրոնն արդեն մի քանի ամիս է՝ կազմակերպում է քննություններ և առաջարկում լեզվի առցանց դասեր:

A1 սերտիֆիկատները, որպես կանոն, ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կընդունվեն, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված լինի:


Բոլոր դիմումները պետք է ներկայացնել լիարժեք փաթեթով՝ ըստ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների:  Ոչ լիարժեք դիմումներին ընթացք է տրվում միայն բացակայող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչի պատճառով հնարավոր է, որ դիմումատուն ստիպված լինի վերամրագրել թռիչքը կամ բաց թողնել նախատեսված հանդիպումները:

Դեսպանությունը կրկին նախազգուշացնում է, որ վիզայի առկայությունն ինքնըստինքյան չի ենթադրում երկիր մուտք գործելու թույլտվություն: Եվրամիություն մուտք գործելու որոշումը կայացնում են սահմանային ծառայողները/ ավիաընկերությունները՝ հիմք ընդունելով գործող դրույթներն ու առողջապահական ընթացիկ կարգադրությունները: Դեսպանությունը մուտք գործելու իրավունքի վրա որևէ ազդեցություն չունի: Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան տեղեկանքներ, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված, և ճամփորդությունից կարճ ժամանակ առաջ տեղեկանաք ընթացիկ կարգադրություններին: Դրանք կարող են ըստ իրավիճակի շատ արագ փոփոխվել:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության այս կայքում (գերմաներեն կամ անգլերեն) կարող եք ստուգել, թե Ձեր այցելության նպատակի դեպքում նախատեսվում է մուտքի իրավունք։

Եթե օդանավակայանում տարանցիկ կամ սահմանային ստուգման ժամանակ պարզվի, որ Ձեր այցելության նպատակի դեպքում մուտքի իրավունք նախատեսված չէ, ապա հնարավոր է Ձեր ուղևորության չեղարկում (առանց փոխհատուցման) և վերադարձ` սեփական միջոցների հաշվին։

Վիզայի դիմում ներկայացնելու համար կարելի է սովորականի պես հերթագրվել՝ հարցազրույցի օր և ժամ ամրագրելով առցանց համակարգի միջոցով: Խնդրում ենք հերթագրվելուց առաջ լիարժեք ստուգել՝ արդյոք Ձեր ճամփորդության նպատակը դասվում է արտոնված դասակարգումների շարքին: Այստեղ կարող եք ստուգել, թե Ձեր ճամփորդության նպատակը արտոնված դասակարգումների շարքում է։

Կրկին սիրով հիշեցնում ենք, որ առցանց հերթագրման համար հարկ չկա դիմել ճամփորդական գործակալություններին: Առցանց հերթագրումն անվճար է: Դեսպանությունը չի համագործակցում ճամփորդական կազմակերպությունների կամ այլ անձանց հետ:

Գերմանիա մուտք գործելու վերաբերյալ օրենսդրական տեքստեր (անգլերեն և գերմաներեն)

դեպի էջի սկիզբ