Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հաճախ տրվող հարցեր վիզաների վերաբերյալ

18.01.2018 - Հաճախ տրվող հարցեր

Որտեղի՞ց կարելի է ստանալ դիմում-հարցաթերթիկ, ի՞նչ լեզվով պետք է լրացնել դիմում-հարցաթերթիկը: Ստորև կգտնեք այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններն ու դիմում-հարցաթերթիկի լրացմանն առնչվող ցուցումներ: Հնարավոր է, որ այստեղ գտնեք նաև Ձեր հարցի պատասխանը։ Ուստի խորհուրդ ենք տալիս՝ նախքան դեսպանություն դիմելը կարդալ այստեղ շարադրված հարցերն ու պատասխանները։ Շնորհակալություն։


Հաճախ տրվող հարցեր

Որտեղի՞ց կարելի է ստանալ դիմում

Կարո՞ղ եմ հարցաթերթիկը նաև ձեռագիր լրացնել

Եթե տեխնիկական պատճառներով անհնար է լրացնել դիմումի առցանց ձևը, կարող եք դա անել ձեռագիր։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ գործերը հանձնելիս ստիպված կլինեք ավելի երկար սպասել։


Ի՞նչ լեզվով լրացնել դիմում-հարցաթերթիկը:

Դիմում-հարցաթերթիկը լրացվում է գերմաներենով կամ անգլերենով:


Կարո՞ղ եմ հարցաթերթիկը նաև ձեռագիր լրացնել

Եթե տեխնիկական պատճառներով անհնար է լրացնել դիմումի առցանց ձևը, կարող եք դա անել ձեռագիր։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ գործերը հանձնելիս ստիպված կլինեք ավելի երկար սպասել։


Հարց 6 /երկիրը, որտեղ ծնվել եք/ հա՞րկ է նշել ԽՍՀՄ, եթե ծնվել եմ 1991թ.-ից առաջ

Այո:


Հարց 22 /այցելության երկրները/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Բավարար է նշել միայն այն երկիրը, որտեղ ավելի երկար եք նախատեսում մնալ:


Հարց 23 /երկիրը, ուր առաջինն եք մուտք գործելու/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Նշեք շենգենյան այն երկիրը, ուր ինքնաթիռը առաջինն է վայրէջք կատարում:


Հարց 25 /ծրագրած այցի կամ տարանցիկ այցի տևողությունը, նշել օրերի քանակը/ ի՞նչ է հարկավոր լրացնել

Այտեղ նշում եք օրերի քանակը, որ պատրաստվում եք անցկացնել Գերմանիայում/շենգենյան տարածքում: Ուշադրություն դարձրեք, որ այնուհետ` հարց 29-ում և 30-ում, Դուք պետք է նշեք շենգենյան տարածք մուտք գործելու ծրագրած ամսաթիվը և շենգենյան տարածքից դուրս գալու ծրագրած ամսաթիվը:

Նշած օրերի քանակը կարող է մուտքի և ելքի ընդհանուր օրերի քանակից ավելի քիչ լինել: Օրինակ` մեկ ամսվա վավերականություն ունեցող վիզայի օրերի քանակը նշված է 10 օր: Դա Ձեզ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել: Այսօրինակ վիզայով Դուք կարող եք նշված ժամանակահատվածում շենգենյան տարածքում գտնվել 10 օր: Ամենաշուտ մեկնման օրը կարող է լինել հոկտեմբերի 5-ը, իսկ երկիրը լքելու ամենաուշ ժամկետը նոյեմբերի 4-ը, սակայն մնալու օրերի քանակը չպետք է գերազանցի 10 օրը: Նման պարագայում հարկավոր է ունենալ համապատասխան բժշկական ապահովագրություն:

Եթե Դուք դիմում եք բազմակի մուտքի վիզայի համար (օրինակ մեկ կամ երկու տարվա համար), ապա ծրագրած այցի տևողությունը նշում եք 90: Այս նշումը վերաբերում է յուրաքանչյուր 6 ամսվան:


Հարց 28 /Ունե՞ք արդյոք հիմնական այցելության երկիր մուտք գործելու թույլտվություն, լրացնել առկայության դեպքում/

Դա վերաբերում է A (օդանավակայանային տրանզիտ) և C (շենգենյան տարածքով տարանցիկ այց) կատեգորիաների վիզաներին:

Նկատի ունեցեք, որ տրանզիտ վիզա կարող եք ստանալ միայն այն դեպքում, եթե արդեն ունեք նպատակակետ երկրի վիզան:

Տրանզիտ վիզայի կարիք չկա, եթե Դուք որևէ շենգենյան պետությունից ստացել եք ազգային վիզա (D), որը 05.04.2010 թվականից թույլատրում է վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր գտնվել շենգենյան տարածքում:


Հարց 29 և 30 /շենգենյան երկիր մուտք գործելու ծրագրած ամսաթիվը, շենգենյան երկրից դուրս գալու ծրագրած ամսաթիվը/ ի՞նչ է հարկավոր լրացնել բազմակի մուտքի համար դիմելիս

29-րդ կետում նշում եք Ձեր առաջին մուտքի ամսաթիվը, իսկ 30-րդ կետում` շենգենյան տարածքը լքելու օրվա ամսաթիվը: Այս ամսաթվերն էլ գրվելու են վիզայի պիտակի վրա:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հրավերի/հրավեր-պարտավորագրի/բժշկական ապահովագրության ժամկետները պետք է համապատասխանեն տվյալ կետերում նշված ժամկետներին:

Եթե Դուք դիմում եք բազմակի մուտքի վիզայի համար, ապա 29 և 30-րդ կետերը դարձյալ լրացնում եք վերը նշված տարբերակով, իսկ 25-րդ կետում նշում եք 90 օր և փակագծում գրում եք, թե ի՞նչ ժամանակահատվածի համար եք ուզում ստանալ բազմակի մուտքի վիզա: Օրինակ` 90օր (6 ամսվա ընթացքում / մեկ տարվա համար/ երկու տարվա համար և այլն):


Հարց 36 և 37 Անհրաժե՞շտ է դիմում-հարցաթերթիկը ստորագրել երկու անգամ

Այո: 36 և 37-րդ կետերը վերաբերում են դիմում-հարցաթերթիկում կատարած տվյալներին, իսկ դիմում-հարցաթերթիկի վերջին էջի ստորագրությամբ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք իրավունքների ծանուցմանը վերաբերող տեքստին:

Ո՞ր դեպքում է դեսպանությունն իրավասու ինձ համար:

Գերմանիայի դեսպանություն կարող եք դիմել հետևյալ նախապայմանները բավարարելու դեպքում.

  • Դուք պետք է լինեք այն երկրի քաղաքացին, որը ենթարկվում է վիզային ռեժիմին:
  • Ձեր մշտական բնակության վայրը պետք է լինի Հայաստանը: Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների մշտական բնակության վայրն այն դեպքում է համարվում Հայաստանը, երբ հանգամանքներից պարզ է, որ նրանք այստեղ մնալու են ավելի քան 6 ամիս (օր.` սովորում եք, աշատում եք և այլն):
  • Ձեր այցը պլանավորել եք ամենաուշը երեք ամսից:
  • Դուք չեք պատրաստվում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում գործունեություն ծավալել կամ երկարատև մնալ այնտեղ:
  • Ձեր այցելության երկրներն են` Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը կամ Նիդերլանդները:

Դեսպանությունն իրավասու չէ ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր մշտապես բնակվում են արտասահմանում: Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ ուսանողը, եթե ցանկանում է դիմել Գերմանիայի դեսպանություն, պետք է համապատասխանաբար գործեր հանձնի Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում կամ իր բնակավայրի համար իրավասու համապատասխան գերմանական հյուպատոսությունում: Սույնը վերաբերում է նաև ամերիկյան «Գրին Քարտ» կամ մշտական բնակության այլ իրավունք ունեցող անձանց, ովքեր Հայաստան են եկել այցելության նպատակով:

Գերմանիայի՝ արտերկրում գտնվող  բորոր ներկայացուցչությունների ինտերնետային կայքերը կարող եք բացել ըստ հետևյալ նմուշի` www.ներկայացուցչյան վայրը.diplo.de օրինակ`
www.moskau.diplo.de կամ www.kiew.diplo.de և այլն:

Ե՞րբ է գործերը հանձնելու ամենաշուտ ժամկետը:

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը երեք ամիս առաջ:


Ի՞նչ է հարկավոր ներկայացնել:

Խնդրում ենք գործերը պատրաստել ըստ մեր կայքում տեղադրված՝ յուրաքանչյուր այցին համապատասխան հուշաթերթիկի և փաստաթղթերը դասավորել հուշաթերթիկում նշված հերթականությամբ: Նկատի ունեցեք, որ թերի կամ պակասող փաստաթղթերի դեպքում գործերը չեն ընդունվում, և գործերը նորից հանձնելու համար պետք է կրկին գրանցվեք: Գործերն անթերի պատրաստելու դեպքում Դուք կխնայեք Ձեր ժամանակը և կխուսափեք տհաճություններից:

Խնդրում ենք, նախքան պատուհանին մոտենալը, փաստաթղթերը հանել ամեն տեսակ թղթապանակներից, ծրարներց, տոպրակներից և այլն:


Ի՞նչ չեմ կարող ունենալ ինձ մոտ:

Բնականաբար վտանգ ներկայացնող բոլոր իրերը պետք է թողնել շենքից դուրս: Անվտագության աշխատակիցները Ձեզ այդ առումով կստուգեն:

Բջջային հեռախոսներով չի կարելի մտնել վիզաների բաժին: Պայուսակներով մուտքը նույնպես թույլատրելի չէ:


Կարո՞ղ եմ բուժման նպատակով դիմելիս անձամբ չներկայանալ:

Հիմնականում ենթադրվում է, որ ով այնքան հիվանդ է, որ չի կարող ներկայանալ դեսպանություն, որպես կանոն, չի կարող նաև մեկնել Գերմանիա, եթե, իհարկե, հիվանդին չեն տեղափոխում հատուկ փրկարար ինքնաթիռով:

Նման ծայրահեղ և հրատապ դեպքերում գործերը կարող է հանձնել նաև լիազորված անձը:

Մնացած ոչ հրատապ, հաճախ հանդիպող դեպքերում` պարբերական ստուգումներ, հետազոտություն, բուժում, դեսպանությունը խնդրում է նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերել: Խնրում ենք ըմբռնումով մոտենալ:


Ինչու՞ իմ գործերը չեն ընդունել հետագա քննման համար: Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Դեսպանությունը ոչ լիարժեք գործեր չի ընդունում: Ոչ լիարժեք նշանակում է, որ պակասում են փաստաթղթեր, որոք նշված են հուշաթերթիկում: Նման գործերը Ձեզ հետ կվերադարձնեն պատուհանների մոտ: Դա, սակայն, մերժում չէ:

Եթե Ձեր գործերը չեն ընդունել, հարկավոր է նոր պայմանավորվածություն ձեռք բերել: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանությունն այս պարագայում էլ արտահերթ օր չի նշանակում:

Հետևաբար Ձեր գործերը պատրաստեք մանրակրկիտ` խուսափելու համար տհաճություններց և ժամանակի կորստից:


Պահանջվել են փաստաթղթեր, որոնք նշված չեն հուշաթերթիկում: Հնարավո՞ր է դա արդյոք:

Դեսպանությունը յուրաքանչյուր դեպք քննում է առանձին: Հուշաթերթիկները պարունակում են ընդհանուր տեղեկություններ, որոնք նույնն են բոլորի համար, սակայն չեն ներառում տեղեկություններ բոլոր դեպքերի համար: Այդ իսկ պատճառով կարող է պահանջվել փաստաթուղթ, որը նշված չէ հուշաթերթիկում:

Խնդրում ենք հավելյալ փաստաթղթերը ներկայացնել այցելության կտրոնի հետ միասին:


Ինչու՞ է դիմողը հրավիրողին խնդրել զանգահարել դեսպանություն:

Վիզայի հետ կապված բոլոր հարցերը դեսպանությունը պարզում է դիմողի հետ:

Հրավիրողի հետ կապված հարցեր ունենալու դեպքում մենք ինքներս ենք կապվում նրա հետ: Դեսպանությունը ոչ մի դիմողի չի խնդրում հրավիրողին փոխանցել, որ վերջինս զանգահարի:

Դիմողների մեծ քանակի և տվյալների գաղտնիության պաճառով` դեսպանությունը, հատկապես հեռախոսով, չի կարող պատասխանել հրավիրողների հետադարձ հարցերին:

Հրավիրողի գրավոր հարցումներին (ցանկալի է visa@eriw.diplo.de էլ. փոստի հասցեին) կարող է տրվել պատասխան, եթե առկա է դիմողի կողմից հրավիրողին տեղեկություն տալու մասին առանց նոտարի հաստատման լիազորագիր:

Լիազորագիրը հարկավոր է ներկայացնել հարցման/դիմում-բողոքի հետ միասին: Տե´ս նաև «Բողոքարկում» հատվածը:


Ո՞ր դեսպանություն պետք է դիմել, եթե ցանկանում եմ մեկնել նախ, օրինակ, Գերմանիա, հետո` Ֆրանսիա:

Դուք դիմում եք այն երկրի դեսպանություն, որը հանդիսանում է Ձեր հիմնական այցելության երկիրը: Օրինակ` եթե Դուք եռօրյա այցով մեկնում եք Գերմանիա` ցուցահանդեսի մասնակցելու համար, որից հետո երկու շաբաթով այցելություն եք կատարում Ֆրանսիա, ապա այս պարագայում դիմում եք ֆրանսիական դեսպանություն:


Ինչպե՞ս եմ տեղեկանում, որ անձնագիրս պատրաստ է: Գործերը հանձնելուց հետո որքա՞ն պետք է սպասել պատասխանի:

Շենգենյան վիզայի դիմումների քննումը, կախված գործի բնույթից, կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:

Գործերը հանձնելիս դեսպանության աշխատակիցները Ձեզ կհայտնեն պատասխանի նախնական օրը:

Խնդրում ենք չփորձել հեռախոսով պատասխանի մասին տեղեկություն ստանալ, քանի որ, ելնելով տվյալների գաղտնիությունից, հեռախոսով ինֆորմացիա չի տրամադրվում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում, գործերի քննումը կարող է տևել 10 աշխատանքային օր: Այդ իսկ պատճառով գործերը հանձնելու համար գրանցվեք ժամանակին:

Եթե Դուք դիմել եք Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների կամ Շվեդիայի համար վիզա ստանալու նպատակով և դեսպանությունը չի կարող վիզա տրամադրել, ապա դեսպանությունը վերջնական որոշման համար Ձեր գործերը ուղարկում է Մոսկվայում կամ Թիֆլիսում գտնվող համապատասխան դեսպանություն: Դուք այդ մասին ստանում եք գրավոր տեղեկություն, իսկ որոշումը ստանալուց անմիջապես հետո գերմանիայի դեսպանությունը Ձեզ կտեղեկացնի այդ մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ գործընթացը կարող է տևել մինչև 30 օր: Այդ ընթացքում, հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել հենց համապատասխան իրավասու գերատեսչությանը:


Ես լսել եմ, որ ցանկալի Շենգենյան վիզան ստանալու համար գործերը հարկավոր է կազմել «վիզաների գրասենյակում» և այնտեղ իսկ ստանալ խորհրդատվություն այն մասին, թե դեսպանությունում հարցազրույցի ժամանակ ի՞նչ պատասխաններ է հարկավոր տալ:

Ներկայացվող փաստաթղթերից բացի մեծ նշանակություն ունի պատուհանի մոտ անցկացվող հարցազրույցը, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է ապացուցել փաստաթղթային կարգով: Այդ իսկ պատճառով հարցազրույցը Ձեզ հնարավորություն է տալիս հիմնավորել և համոզիչ դարձնել Ձեր գործերը: Հազվադեպ է պատահում, որ պահանջվեն ստանդարտ պատասխաններ: Անկեղծ և ճշմարտացի զրույցը կարող է հանդիսանալ ամենահամոզից փաստարկը:

Մեր աշխատակիցները նպատակաուղղված հարցերի միջոցով փորձում են ստանալ Ձեր գործերի համար կարևոր տեղեկություններ, որոնք կօգնեն կայացնել հնարավորինս ճիշտ որոշումներ:

Եթե Դուք գործերը հանձնելուց առաջ դեռ հարցեր ունեք, դիմեք անմիջապես դեսպանություն: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել նաև մեր կայքում: Ձեր հարցերին սպառիչ պատասխան չստանալու դեպքում, գրեք մեզ էլ. նամակ, մենք կփորձենք պատասխանել ժամանակին:
Կապ վիզայի բաժնի հետ

Դեսպանությունը խորհուրդ է տալիս խուսափել այլ ծառայությունների տրամադրած խորհրդատվությունից. դեսպանությունը չի համագործակցում որևէ ծառայություն մատոցող գրասենյակի հետ: Այդ ծառայությունները ծանոթ չեն դեսպանության աշխատելակարգին և այդ պատճառով չեն կարող կատարել համապատասխան խորհրդատվություն:

Հատկապես հարկավոր է խուսափել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկներից, քանի որ ամբողջովին կամ մասնակի կեղծված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում գործն ինքնաբերաբար մերժվում է:


Կարո՞ղ եմ արդյոք առանց հրավեր-պարտավորագրի կամ հրավեր-պարտավորագրում առանց հրավիրողի ֆինանսների վերաբերյալ նշումի  վիզա ստանալ:

Վիզա կարող եք ստանալ նաև առանց հրավեր-պարտավորագրի: Այս դեպքում անհրաժեշտ է ապացուցել, որ Դուք ի վիճակի եք ինքներդ հոգալ Ձեր ծախսերը: Դա կարող եք ապացուցել հետևյալ միջոցներով`

  • վերջին երեք ամսվա բանկային հաշվի քաղվածքը (բանկային տեղեկանքները առանց քաղվածքի չեն ընդունվում), կամ
  • վերջին երեք ամսվա կրեդիտ քարտի քաղվածքը (բանկային տեղեկանքները առանց քաղվածքի չեն ընդունվում)

Այս կետի վերաբերյալ տես հուշաթերթիկները:

Դրանից բացի Դուք ինքներդ պետք է հոգաք բժշկական ապահովագրությունը:


Որքա՞ն է հրավեր-պարտավորագրի վավերականությունը:

Դեսպանությունը, որպես կանոն, ընդունում է հրավեր-պարտավորագրեր, որոնց վավերականությունը տրման օրվանից չի գերազանցում վեց ամիսը:


Մենք ձեռնարկություն ենք, որը ցանկանում է հոգալ իր հյուրի ծախսերը: Ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Այս կետի վերաբերյալ տես հուշաթերթիկը: Որպես կանոն՝ առանց հավելյալ խնդիրների առաջացման ընդունում ենք այն ձեռնարկությունների հրավեր-գրությունները, որոնց կապիտալը կազմում է ամենաքիչը 25.000 եվրո:

25.000 եվրոյից պակաս կապիտալ ունեցող ձեռնարկությունները պետք է դիմեն համապատասխան օտարերկրյա քաղաքացիների հարցերով իրավասու գերատեսչություն և այնտեղ ձևակերպեն հրավեր-պարտավորագիր, հակառակ դեպքում հրավիրվող անձը պետք է ներկայացնի իր ֆինանսական միջոցները:


Ի՞նչ պետք է անել, եթե հրավեր-պարտավորագրում սխալ է նշված, օրինակ, անունը:

Եթե հնարավոր է հեշտությամբ պարզել հրավիրողի և մեկնողի ինքնությունը, ապա անձնագրում և հրավերում նշված գրելաձևերի տարբերությունը խնդիր չի առաջացնի և հրավեր-գրությունը կընդունվի:

Իմ դիմումը մերժվել է: Ես կամ իմ կողմից լիարզորված անձը բողոքարկել ենք: Ինչպիսի՞ն է ընթացքը:

Դեսպանությունը, հիմք ընդունելով Ձեր բողոքը, մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրում է Ձեր գործը:

Տարբերակ 1.

Եթե կարծում ենք, որ որոշ հարցեր բաց են մնացել, կապ ենք հաստատում Ձեզ հետ:

  •  Դուք վիզա եք ստանում, եթե ի օգուտ գործի տալիս եք համոզիչ պատասխաններ:
  •  Ոչ բավարար հիմքերի դեպքում ստանում եք մերժման պատճառների վերաբերյալ մանրամասն որոշում, որը Դուք մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել Բեռլինի վարչական դատարանում:

Տարբերակ 2.

Եթե կարծում ենք, որ մեր որոշումն անբեկանելի է, ապա Դուք ստանում եք մերժման պատճառների վերաբերյալ մանրամասն որոշում, որը մեկ ամսվա ընթացքում կարող եք բողոքարկել Բեռլինի վարչական դատարանում:

Այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ նոր գործերի հանձնումը: Այս պարագայում Դուք պետք է հաշվի առնեք նախորդ մերժման պատճառները և փորձեք պարզել դրանք` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:


Վիզայի իմ դիմումը մերժվել է: Ի՞նչ է նշանակում անձնագրում կնիքի առկայությունը:

Դիմողի անձնագրում կնիքի առկայությունը նշանակում է, որ Գերմանիայի դեսպանությունը քննել է տվյալ անձի գործը: Այդ կնիքն ազդեցություն չունի Գերմանիայի կամ այլ շենգեն պետության դեսպանությունում հետագա հանձնելիք գործերի որոշման վրա: Վիզայի յուրաքանչյուր գործի քննման ժամանակ հաշվի են առնվում տվյալ պահի հանգամանքները:


Վիզայի իմ դիմումը մերժվել է: Ի՞նչ կարող է անել հրավիրողը Գերմանիայից:

Հրավիրողը կարող է, օրինակ, իր կողմից բացատրական գրություն ուղարկել, որն անհրաժեշտ է կցել դիմում-բողոքին: Նա, սական, չի կարող անձամբ հետաքրքվել մերժման պատճառների մասին: Եթե հրավիրողը ցանկանում է անել դա Ձեր փոխարեն, ապա անհրաժեշտ է նրա անունով լիազորագիր տալ, որը նա կներկայացնի իր կողմից գրված դիմում-բողոքի հետ: Լիազորագիրը հատուկ գրելաձև չունի: Այն հիմնականում պետք է ներառի դիմողի անձնական տվյալները, կոնկրետ գործի համարը և ստորագրված լինի անձամբ դիմողի կողմից: Լիազորագիրը պետք է լինի գերմաներենով կամ անգլերենով:


Ծանոթներից լսել եմ, որ անհնար է Գերմանիայի դեսպանությունից վիզա ստանալ, քանի որ բոլոր գործերը մերժվում են: Ճի՞շտ է դա արդյոք:

Իհարկե դա ճիշտ չէ: Յուրաքանչյուր գործ քննվում է և յուրաքանչյուր գործի վերաբերյալ որոշում է կայացվում` ելնելով օրենքի դրույթներից: Գործնականում դիմողների 90%-ը ստանում են դրական պատասխան:


Վիզայի իմ դիմումը մերժվել է: 35 եվրոյին համարժեք վճարած գումարը ես հետ չեմ ստանում: Ինչու՞:

Այդ վճարումը համարվում է վարչական գանձում, որը, անկախ դիմումի պատասխանից, գանձվում է վիզայի դիմումի քննման և մշակման համար:

Ի՞նչ է նշանակում Շենգենյան վիզա:

«Շենգենյան վիզա» նշանակում է այնպիսի վիզա, որը տրամադրվում է այն պետությունների կողմից և գործում է այն պետությունների տարածքում, որոնք 1985թ.-ի հունիսի 14-ին ստորագրել են «Ընդհանուր սահմանների հսկողության աստիճանական վերացման» մասին համաձայնությունը:

Այս համաձայնությունը կնքվել է Լյուքսեմբուրգի Շենգեն կոչվող փոքրիկ վայրում և այդ պատճառով էլ վիզան անվանել են «շենգենյան վիզա»:

Շենգենյան վիզան հնարավորություն է տալիս շենգենյան երկրներում գտնվել 6 ամսվա ընթացքում ամենաշատը 90 օր: Տվյալ վիզայով հնարավոր չէ աշխատանքային գործունեություն ծավալել:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ներքոհիշյալ երկրները չեն մտնում Շենգենյան տարածքի մեջ` Բուլղարիա, Իռլանդիա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն և Կիպրոս:


Ես կարո՞ղ եմ Գերմանիայի դեսպանության կողմից ստացած Շենգենյան վիզայով մեկնել շենգենյան այլ երկրներ:

Այո´: Դա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի ժամկետի սահմանում այցելել ցանկացած շենգենյան երկիր: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, սակայն, որ հիմնական նպատակակետ երկիրը (ամենաերկար կացության երկիրը) պետք է լինի այն երկիրը, որի դեսպանությունից Դուք վիզա եք ստացել:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վիզայի առկայությունը Ձեզ երկիր մուտք գործելու ավտոմատ իրավունք չի տալիս և վիզա ստանալուց հետո սահմանին պետք է ապացուցել, որ Դուք ապահովում եք շենգենյան սահմանային կոդեքսի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության նախապայմանները:


Եթե ես ստացել եմ լեհական ազգային D-կատեգորիայի վիզա, կարո՞ղ եմ դրանով այցելել Գերմանիայում գտնվող իմ ընկերներին:

Այո´: Համաձայն Եվրախորհրդարանի թիվ 265/2010 և Եվրախորհրդի 02.03.2010թ.-ի որոշման (ԵՄ)` 05.04.2010-ից Շենգենյան պետությունների կողմից տրամադրված D-կատեգորիայի վիզան գործում է նաև շենգենյան տարածքում և իրավունք է տալիս 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր մնալ շենգենյան տարածքում:


Շենգենյան վիզայի վավերականությունը

Ձեր վիզայի վավերականության հիմքերն են`

  • նշված ժամանակահատվածը (օր.` վավերական է 01.04.2013-ից մինչև 31.07.2013-ը)
  • կացության թույլատրելի ժամանակահատվածը (օրինակ 30 օր)
  • թույլատրելի մուտքերի քանակը (մեկ անգամ, երկու անգամ կամ բազմակի)

Օրինակ` Ձեզ վիզա են տրամադրել 01.04.2013-ից մինչև 31.07.2013-ը, 30 օրով, երկու մուտքով: Այս վիզայով Դուք կարող եք երկու անգամ այցելել շենգենյան տարածք և նշված ժամանակահատվածում առավելագույնը 30 օր գտնվել այնտեղ: Մուտքի և ելքի օրերը ևս մտնում են մնալու օրերի մեջ:

Մեկ կամ մի քանի տարվա տևողությամբ բազմակի մուտքի վիզան հնարավորություն է տալիս յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում առավելագույնը 90 օր լինել շենգենյան տարածքում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շենգենյան տարածքում նախկինում անցկացրած օրերի քանակը որոշվում է «հետհաշվարկ» սկզբունքով, օրինակ՝ եթե Դուք պլանավորել եք մեկնել հուլիսի 1-ին, շենգենյան տարածում հնարավոր անցկացրած օրերի հետհաշվարկը արվում է վերջին 6 ամիսների համար (հունվարից-հունիս)։ Հաշվելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզաների բաժին։

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել տրանզիտ վիզայի համար:

C կատեգորիայի տրանզիտ վիզա անհրաժեշտ է հետևյալ դեպքերում`

Դուք չունեք գործող Շենգենյան վիզա և

  • Վիեննայով թռչում եք, օրինակ, ԱՄՆ: Ավստրիայից Ձեր ինքնաթիռը, սակայն, թռչում է մի քանի ժամ հետո և Դուք ցանկանում եք լքել օդանավակայանի միջազգային տրանզիտ գոտին
  • Վիեննայով և Ֆրանկֆուրտով թռչում եք Բրազիլիա: Քանի որ Ձեր ճամփորդությունը ներառում է երկու շենգեն պետություն և երկու օդանավակայան, C կատեգորիայի տրանզիտ վիզան պարտադիր է։
  • Վիեննայով թռչում եք, օրինակ, ԱՄՆ և վայրէջքից հետո ստիպված եք տերմինալ փոխել:

Որտե՞ղ են այն փաստաթղթերը, որոնք հրավիրողը դեսպանություն էր ուղարկել դեռ շաբաթներ առաջ:

Խնդրում ենք բոլոր փաստաթղթերը ուղարկել դիմողին և ոչ թե դեսպանություն: Դիմողները Ձեր կողմից ստացած փաստաթղթերը, մյուս փաստաթղթերի հետ միասին, գործերը հանձնելիս անձամբ պետք է ներկայացնեն դեսպանություն:

Յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր դիմողներ են այցելում Երևանում Գերմանիայի դեսպանություն, այդ պատճառով հնարավոր չէ տեսակավորել դեսպանություն ուղարկված չպահանջված փաստաթղթերը:

Ես ստացել եմ «սահմանն անցնելու մասին տեղեկանք» (Grenzübertrittsbescheinigung): Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Սահմանն անցնելու մասին տեղեկանքը օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչությանը անհրաժեշտ է որպես ապացույց, որ Դուք, նախքան վիզայի ժամկետի ավարտը, ժամանակին լքել եք շենգենյան տարածքը:

Սահմանն անցնելու մասին տեղեկանքը անհրաժեշտ է շենգենյան սահմանից դուրս գալիս կնքել տալ սահմանային ծառայություններին:

Եթե Դուք այդպես չեք վարվել, ապա այդ փաստաթղթով և Ձեր անձնագրով, անձամբ ներկայացեք իրավահյուպատոսական բաժին: Մենք կհաստատենք Ձեր վերադարձը: Սույն ծառայությունը անվճար է: Այնուհետև Դուք Ձեր վերադարձը հաստատող գրությունը կուղարկեք օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող գերատեսչություն:

Դեսպանությունում վիզայի գործերը հանձնելուց առաջ ինչ-որ մեկն ինձ սխալ խորհրդատվություն է տրամադրել: Նա գումարի դիմաց լրացրել է իմ դիմում-հարցաթերթիկը և խոստացել, որ ես անպայման վիզա կստանամ: Ի՞նչ պետք է անել:

Ձեր դիմում-հարցաթերթիկում առկա յուրաքանչյուր տվյալի համար պատասխանատու եք միայն Դուք:

Խնդրում ենք տրամադրել միայն ճշմարիտ տվյալներ և բոլոր տվյալները լրացնել առողջ դատողությամբ: Մի´ հավատացեք որևէ մեկի խոսքին, որ անպայման վիզա են տրամադրում, եթե դիմում-հարցաթերթիկը լրացված է արհեստավարժ: Ոչ ոք չի կարող Ձեզ հավաստիացնել, որ Դուք վիզա կստանաք: Դիմում-հարցաթերթիկի հարցերին յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն պատասխանել: Լրացնելու վերաբերյալ ցուցումներ կարող եք գտնել մեր ինտերնետային էջում:

դեպի էջի սկիզբ