Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

Հոդված

«Մի' վաճառեք Ձեր ձայնը»
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

Մաթիաս Քիսլեր. «Մի' վաճառեք Ձեր ձայնը»

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

- Պարոն դեսպան, մոտ երկու շաբաթից Հայաստանում կկայանան Ազգային Ժողովի ընտրությունները: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, կա՞ն մտահոգիչ, կամ, ընդհակառակը, ոգեւորիչ երեւույթներ:

- Դրական եմ համարում այն, որ առաջիկա ընտրություններին մրցակցում են մեծ թվով քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Խորհրդարանական համակարգին անցնելու այս փոփոխությամբ նոր խորհրդարանն ավելի շատ հանձնառություններ կունենա, քան նախկին խորհրդարանները: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է կարևոր, որ բոլոր քաղաքացիներն օգտվեն իրենց ժողովրդավարական իրավունքից և գնան քվեարկելու: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր ձայնը լսելի լինի, պետք է գնաք ընտրատեղամաս: Հույս ունեմ, որ ապրիլի 2-ին բարձր մասնակցություն կգրանցվի:

Սակայն, խոսելով հայաստանցիների հետ, ես նաև հասկանում եմ, որ, ցավոք, շատ քաղաքացիներ հավատ չունեն ընտրական գործընթացների հանդեպ: Կարծում եմ, որ շատ քաջալերող քայլ էր այն, որ կառավարությունն ու ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն անցյալ ամառ համաձայնության եկան ընտրական օրենսգրքի կարևորագույն բարեփոխումների շուրջ: Ընտրողների էլեկտրոնային նույնականացման սարքի ներդրումը, տեսախցիկների կիրառումը, քվեարկած անձանց ստորագրությունների հրապարակումը, եթե թվարկենք միայն մի քանի միջոցառումներ, ընտրատեղամասում շատ ավելի կդժվարացնեն ընտրակեղծարարությունը: Բոլոր ընտրատեղամասերում ընտրադիտորդների ներկայությունն իր հերթին կնվազեցնի կեղծարարությունների հավանականությունը: Ի դեպ, 27 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներով իմ երկիրը ԵԱՀԿ/ԺՄԻԳՀ դիտորդական առաքելությանն առավելագույնս ներգրավված կողմերից մեկն է լինելու: Կցանկանայի շնորհավորել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, որին հաջողվել է ավելի քան 8000 հայաստանցի ներգրավվել որպես տեղական դիտորդներ:

- Կարծիքներ կան, որ այս ընտրությունների հիմնական խնդիրը ընտրակաշառքն է լինելու: Այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

- Դժվար է գնահատել այն, ինչ կատարվում է ընտրատեղամասերից դուրս: Իմ կոչը Հայաստանի քաղաքացիներին շատ պարզ է. մի' վաճառեք Ձեր ձայնը: Թույլ մի' տվեք, որ որևէ մեկը սպառնա Ձեզ քվեարկել որևէ կուսակցության օգտին: Մի' վախեցեք քվեարկել Ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի օգտին: Յուրաքանչյուր անհատ քաղաքացուց է կախված, որ ընտրություններն արտացոլեն ժողովրդի իրական կամքը: Եթե ընտրակաշառքի, սպառնալիքների կամ ճնշումների ականատես եք դառնում, մի' վարանեք տեղեկացնել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանին կամ ԵԱՀԿ/ԺՄԻԳՀ դիտորդական առաքելությանը: Նրանք խիստ գաղտնի կերպով կքննեն յուրաքանչյուր տրամադրված տեղեկությունը: Եվ բոլորը պետք է իմանան. Ձեր ձայնը գաղտնի է: Ոչ ոք չի կարող պարզել, թե ում օգտին եք Դուք քվեարկել:

- Որոշ քաղաքացիներ ասում են, որ քվեարկությանը չեն մասնակցի, եւ պատճառն ամենեւին քաղաքական չէ: Նրանք ասում են, որ ցանկանում են խուսափել իրենց անձնական տվյալների հանրայնացումից, քանի որ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվելու են: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ եւ ինչպես է այն կարգավորվում Գերմանիայում:

- Քվեարկած անձանց ստորագրությունների հրապարակումն ընդդիմադիր կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների պահանջն էր, որը, իմ կարծիքով, շատ լավ նպատակներ էր հետապնդում: Այն կնվազեցնի այն վտանգը, որ որևէ մեկը կքվեարկի մի անձի փոխարեն, ով գրանցված է, բայց ապրում է երկրից դուրս կամ մահացել է: Քվեարկածների ստորագրացուցակը ցույց է տալիս միայն, որ դուք քվեարկել եք, բայց չի բացահայտում՝ ում օգտին եք քվեարկել: Այսինքն՝ ոչ ոք չպետք է վախենա, որ իր ընտրությունը կհրապարակվի:

Ես նաև կարծիքներ եմ լսում, որ կարող են չարաշահումներ արվել ընտրողների նույնականացման սարքերի հետ: Այս մտահոգությունները պետք է լուրջ ընդունել, սակայն կարծում եմ, որ այս վախն, իրականում, անհիմն է: ԵՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի - այն երկրների, որոնք մասնակցել են այս նախաձեռնության ֆինանսավորմանը - իմ գործընկեր դեսպանների հետ միասին ես անդամակցում եմ այն հանձնաժողովին, որը վերահսկում է այս նախագծի իրականացումը: Միանշանակ կարող եմ հաստատել, որ չկա որևէ ազդակ, որը կվկայեր այն մասին, թե անվտանգության չափանիշները պահպանված չեն: Վերահաստատեմ՝ այս սարքերը չեն բացահայտում, թե ում օգտին է քվեարկվել: Ինչպես ասացի, դրանք, անկասկած, նվազեցնելու են կրկնա- և բազմաքվեարկության ռիսկը:

Դուք հետաքրքրվում եք գերմանական փորձով: Մենք հպարտ ենք մեր «Բաց դռների քաղաքականությամբ: Ամեն ոք, լինի գերմանացի թե օտարերկրացի, կարող է առանց նախապես տեղեկացնելու ցանկացած ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս՝ դիտարկելու ինչպես ընտրական գործընթացը, այնպես էլ ձայնահաշվարկը, պայմանով, որ չի խոչընդոտի գործընթացը:


- Վերջերս ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում կողմերը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ուժեղացված գործընկերության համաձայնագրի շուրջ: Կարո՞ղ է ԱԺ ընտրությունների արդյունքը որեւէ կերպ ազդել այդ համաձայնագրի ստորագրման ժամկետի վրա:

- Համաձայնության ձեռքբերումը Հայաստանի և ԵՄ միջև մեծ առաջընթաց քայլ է: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ճամբարներում ճնշող մեծամասնությունը կիսում է այս տեսակետը: Համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ավելի ուշ այս տարի, երբ, ի թիվս այլոց, այն կթարգմանվի ԵՄ բոլոր 24 պաշտոնական լեզուներով:

- Շատերը Հայաստանում հետաքրքրված են՝ ի՞նչ կարող է փոխել այս համաձայնագիրը իրենց կյանքում: Կարո՞ղ եք որոշակի օրինակներ բերել, թե ինչպե՞ս է նպաստելու համաձայնագիրը հայ գործարարներին եւ արտահանողներին:

- Եվրամիությունն արդեն, Ռուսաստանի հետ մեկտեղ, Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերն է: ԵՄ-ն նաեւ Հայաստանի խոշորագույն գործընկերն է զարգացման համագործակցության ոլորտում: ԵՄ և Հայաստանն արդեն վարում են կայուն և ծանրակշիռ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ որևէ այլ կառույց չի կարող Եվրամիությունից ավելի լավ սատարել Հայաստանին՝ իր հետագա արդիականացման և ժողովրդավարացման ճանապարհին: Իսկ արդիականացումն ու ժողովրդավարացումը ձեր երկրի, որն ի դեպ, այնքան շատ ներուժ ունի բազմաթիվ ոլորտներում, էական զարգացման բանալի-բառերն են: Այս համաձայնագրի ընդունումը համապարփակ հենք կդառնա քաղաքական, տնտեսական և այլ բնագավառներում հետագա համագործակցության համար: Ներկայում մենք աշխատում ենք համաձայնագրում նախանշված համագործակցության ասպարեզների հստակ իրագործմանն ուղղված քաղաքական առաջնայնությունների վրա: Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել կոնկրետ օրինակներից: Բայց թե' Հայաստանը, թե' Եվրամիությունն, անկասկած, կշահեն այս համաձայնագրից:

- 2016 թվականի նոյեմբերին, «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» ընթացքում Դուք ասել էիք, որ Գերմանիան 1 մլն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի հատուկ հիմնադրամին, որը զբաղվելու է Հայաստանում հին ռազմական մեքենաների վերամշակման եւ ականազերծման հարցերով: Ի՞նչ փուլում է այն նախագիծը եւ արդյոք Գերմանիան միայն ֆինանսական միջոցներ, թե նաեւ փորձագետներ կտրամադրի:

- Այս հարցում Գերմանիան կամովին ստանձնել է առաջատարի դերը՝ ՆԱՏՕ-ի կողմից: Կարող եմ հաստատել, որ մենք արդեն այս նախագծի ֆինանսավորմանը մասնակցում ենք 1 մլն եվրոն գերազանցող գումարով: Ներկայում ՆԱՏՕ-ն և Հայաստանը գտնվում են կատարողական համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու փուլում, որն ավելի ուշ պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանի կողմից: Ինչպես Դուք նշեցիք, նախագիծը, ի թիվս այլ նպատակների, միտված է շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների ապառազմականացմանը, ապամոնտաժմանը և ոչնչացմանը, ինչպես նաև ականների վտանգների վերաբերյալ կրթական և բացատրական ծրագրի իրականացմանը: Մենք ուրախ ենք, որ ՆԱՏՕ-ի այս գործողությունները Հայաստանին հնարավորություն կտան կատարել իր պարտավորությունները Եվրոպայի սովորական սպառազինության համաձայնագրի շրջանակում: Գերմանացի փորձագետներն, իհարկե, ներգրավված էին այս ծրագրի նախապատրաստական փուլում: Կատարողական փուլում գերմանացի մասնագետների մասնակցության մասին խոսելը դեռեւս վաղ է:

- Հաշվի առնելով Աֆղանստանում հայ եւ գերմանացի զինվորականների համագործակցության հաջող փորձը, հեռանկարներ տեսնո՞ւմ ենք հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության ծավալման համար:

- Անշուշտ, մեր զորախմբերի միջև համագործակցությունն Աֆղանստանում գերազանց է: Ի դեպ, Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցության առաքելությանն» (RSM) ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների մասնակցությունը: Այն մեծապես գնահատվում է մեր կողմից, և ես անցյալ տարի «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» շրջանակում կայացած հեռուստակամրջի ժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ զինվորականներին՝ իրենց հրաշալի աշխատանքի համար:

Գերմանիան վաղուց է մեկնարկել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում: Սկսած 2004 թվականից՝ մենք անցկացնում ենք երկկողմ կանոնավոր հանդիպումներ, 2007 թվականից կնքված է համաձայնագիր: Մեր երկկողմ համագործակցությունը կենտրոնացած է վարժանքների վրա, որոնք հիմնականում անցկացվում են Գերմանիայում, բացի այդ՝ Հայաստանի զինված ուժերին մատուցվում է խորհրդատվություն: Այս տարվա համար մենք նախատեսում ենք 30 նախաձեռնություն և նախագիծ: Օրինակ, այս շաբաթ Երևանում կանցկացվի «Զինված ուժերը ժողովրդավարական պետություններում» թեմայով սեմինար:

- Հայաստանում այսօր «ստարթափային բում» է, շատ երիտասարդներ ստեղծում են տեխնոլոգիական ընկերություններ: Կարո՞ղ է այս ոլորտը հայ-գերմանական համագործակցության նոր ոլորտ դառնալ եւ միգուցե որոշ գերմանական հիմնադրամներ կամ ներդրողներ հետաքրքրված կլինեն Հայաստանով:

- Համոզված եմ, որ պետք է սկսել փոքր և միջին ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավումից: Մենք պետք է խթանենք այնպիսի աճը, որից կշահեն հասարակության լայն շերտերը: Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիան իր կատարողական կառույցների՝ Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով արդեն երկար տարիներ իր մասնակցությունն ունի այս հարցում: ԵՄ նոր նախագիծը՝ SMEDA-ն, որն իրականացնում է ՄՀԸ-ն, առանձնահատուկ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Մենք Հայաստանում գործունեություն ծավալելու աճող հետաքրքրություն ենք նկատում գերմանական ընկերությունների կողմից: Ի դեմս Գերմանահայկական բիզնես ասոցիացիայի՝ մենք այստեղ ունենք մի գիտակ կառույց, որը խորհրդատվություն է մատուցում ոչ միայն Գերմանիայից այստեղ տնտեսական գործունեություն ծավալել ցանկացող ընկերություններին, այլ նաև այն հայերին, ովքեր շահագրգռված են առևտուր ծավալելու Գերմանիայի հետ:

http://www.mediamax.am/am/news/interviews/22681/

Մաթիաս Քիսլերի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ