Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի խոսքը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ (սղագրություն)

Դաշնային արտգործնախարար Բերբոքի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ, © Thomas Trutschel
Բարի օր, հարգելի տիկնայք և պարոնայք։ Սիրելի գործընկե՛ր, իսկապես շատ ուրախ եմ, որ այսօր կարողացանք հանդիպել այստեղ Բեռլինում։ Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը։
Նախ կցանկանայի մի քանի խոսք ասել աղետալի երկրաշարժի վերաբերյալ։ Թուրքիայից և Սիրիայից ստացվող պատկերները ցնցող են։ Մարդիկ, որ անզեն ձեռքերով փլատակների մեջ իրենց սիրելիներին են փնտրում․․․ Մենք ցավում ենք հարազատների հետ և մտովի բոլոր նրանց հետ ենք, ովքեր դեռ տագնապում են իրենց ընտանիքների, ընկերների ու հարևանների համար։ Գիտեմ նաև, որ այստեղ՝ մեր երկրում էլ շատերը տագնապած սպասում են այն բաղձալի լուրին, որ իրենց ընկերները կամ հարազատները վերջապես այլևս ապահով են։ Մեր գործընկերների և Եվրամիության հետ միասին մենք շատ արագ օգնություն ենք հասցրել աղետի գոտում գտնվող մարդկանց։ Դեռ երեկ ես համերաշխություն եմ հայտնել իմ թուրք գործընկերոջը։ Նաև Սիրիայում, որտեղ մարդիկ Ասադի ռեժիմի պայմաններում օգնության հույս չունեն, մեր մարդասիրական գործընկերների հետ աջակցություն ենք ցուցաբերում, որքան հնարավոր է։ Օրինակ, լրացուցիչ 1 մլն եվրո ենք տրամադրել «Մալթայի ինտերնացիոնալին», որն աշխատում է աղետի գոտում։
ՄԵնք կշարունակենք հավելյալ միջոցներ տրամադրել և ստիպել, որ դեպի Սիրիա հումանիտար մուտք ապահովվի։ Գերմանական որոնողափրկարարական խմբերն արդեն ժամանել են Թուրքիա, նրանց կհաջորդեն նորերը՝ օգնելու ձմռան սաստիկ ցրտին հնարավորին արագ որոնելու մարդկանց։
Վերջին անգամ մենք հանդիպել ենք աշնանը, և ինչպես ասացի, շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեցանք նաև երկկողմ ձևաչափով ավելի հանգամանալից զրույց վարելու։ 2022 թվականին մենք տոնեցինք մեր երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, թեև մեր երկրների հարաբերությունների արմատներն, անշուշտ, շատ ավելի խորն են։ Ինձ հատկապես ուրախացնում են մեր միջմարդկային սերտ շփումները։
Դրանց վառ օրինակն են միջբուհական 49 գործընկերությունները։ Ներկայում մենք բանակցում ենք մշակութային նոր համաձայնագրի շուրջ, դա կարևոր է, քանի որ արտաքին քաղաքականությունն ընթանում է ոչ միայն նախարարությունների, նախարարների միջև, այլ նախևառաջ մարդկանց միջև՝ աճող վստահության, միմյանց նկատմամբ հետաքրքրության և համակեցության պայմաններում՝ թատրոններում, նկարահանման հրապարակներում, արվեստանոցներում, հուշակոթողներում, և ինչպես արդեն նշեցի, համալսարաններում․․․ Այս առումով Գյոթե ինստիտուտի լիարժեք կարգավիճակով գործունեությունը Երևանում օգտակար կլինի մեր՝ արտգործնախարարության ծրագրերի իրականացման համար։
Անշուշտ, մենք երկար խոսեցինք նաև Հարավային Կովկասում, Ձեր երկրում, Ձեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որը ոչ մի կերպ չես անվանի սովորական, և մենք դա այստեղ՝ Գերմանիայում, քաջ գիտակցում ենք։ Ուստի ի սկզբանե փաստենք․ Գերմանիան ճանաչում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Երկու երկրների անկախության վերահաստատումը 1991 թվականին կարևոր ճամփաբաժան էր տարածաշրջանում։ Ճշմարիտ է սակայն նաև, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30-ամյա հակամարտությունը ահռելի մարդկային տառապանք է պատճառել։ Ավերվել են տներ, մարդիկ են զոհվել, վերքերն անհավատալի խորն են։ Ուստի մենք տարված չենք պատրանքներով, որ մի գիշերում հնարավոր է լուծում գտնել, մանավանդ, որ վերջերս կրկին հետընթացներ են գրանցվել։
Լեռնային Ղարաբաղում տիրող դժվարին հումանիտար կացությունը դրա տխուր օրինակներից է։ Դեկտեմբերի կեսից տարածաշրջանը (Հայաստանին) կապող միակ ճանապարհի տևական շրջափակման հետևանքով մթերային խանութները գրեթե դատարկվել են։ Չկա դեղորայք, չկան, ինչպես նշեցի, մթերային ապրանքներ, ընտանիքի անդամները մնացել են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ իրենց հարազատների մոտ, դպրոցականները մրսում են այս խստաշունչ եղանակին, քանի որ նաև էներգամատակարարումն է անջատված։ Այդ պատճառով է այդքան կարևոր, որ Լաչինի միջանցքի շրջափակումը անհապաղ դադարեցվի։ Այս հարցում պարտավորություն ունեն Ադրբեջանն ու Ռուսաստանը։
Եվրամիության ներսում մենք վերջերս որոշում ենք կայացրել Հայաստանի պետական տարածքում միջազգային սահմանի երկայնքով ԵՄ նոր քաղաքացիական առաքելության վերաբերյալ։ Առաքելությունը պետք է իր ներկայությամբ, մարդկանց հետ շփումների միջոցով ապահովի առավել կայունություն և հատկապես առավել վստահություն։ Ընդ որում՝ կոնկրետ ուղղություններով, ինչպես օրինակ, մայրաքաղաքների, տեղական մարմինների միջև թեժ գծի գործարկմամբ, քանի որ վերջին տարիներին, ցավոք, ստիպված էինք ականատես լինել, թե ինչպես ամեն փոքր կայծ կարող է բոցավառվող կրակի վերածվել։ Հաղորդակցության հավաստի ուղիները կրճատում են ռիսկերը, մեղմում մարդկային տառապանքը։
Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում ԵՄ առաքելության մեջ, որին մաս կկազմեն մեր դաշնային և երկրամասային ոստիկանության ծառայողները, նաև քաղաքացիական փորձագետները։ Գերմանիան առաքելությանը կտրամադրի ոչ միայն անձնակազմի զգալի մասնաբաժին, այլ նաև իր ներկայացուցչով կղեկավարի առաքելությունը։ Մենք՝ որպես ԵՄ, հստակ ասել ենք․ մեր առաքելությունը այնտեղ չեզոք դիտարկողի առաքելություն է։ Դա կարևոր էր և է ինձ համար անձամբ, քանի որ Ադրբեջանը նույնպես պետք է շահի անվտանգության ամրապնդումից։
Սակայն տարածաշրջանում ապրող բազմաթիվ մարդկանց համար երկար սպասված իրական խաղաղ ապագայի ճանապարհը պետք է անցնի միմիայն բանակցություններով։ Այդ պատճառով մենք աջակցում ենք ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական դերակատարությանը։ Այդ ջանքերում կարևորագույն բարիքը վստահությունն է։ Երկու կողմերն էլ հարց են տալիս․ իսկապե՞ս ապահով կլինենք խաղաղության պայմանագրից հետո։ Մեր փոքրամասնությունների իրավունքներն արդյո՞ք պաշտպանված կլինեն։ Ինչպե՞ս ի վերջո հանգստություն գտնել տարիներով անհայտ կորածների համար սգալու մեջ։
Բայց այս հարցում էլ մենք ցանկանում ենք մեր նպաստը բերել և այդ նպատակով այսօր խոսել ենք համագործակցության չորս կոնկրետ ոլորտների մասին։ Առաջին՝ Գերմանիան աջակցում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում զոհվածներին դուրս բերելու, նույնականացնելու և վերադարձնելու գործում։ Դա օգնում է ամոքել վերքերը, հաստատել փոխվստահություն։ Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը շատ տեղերում սահմանագծված չէ։ Պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում, նորից ու նորից մարդիկ են զոհվում։ Առանց հստակ սահմանի՝ խաղաղության հնարավարությունը հեռանում է մեզնից։ Ուստի Գերմանիան իր փորձագիտական օգնությունն է առաջարկում սահմանագծման աշխատանքում։ Երրորդ՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականները շարունակում են մարդկային կյանքեր խլել։ Ականազերծման աշխատանքներից, որոնց այսօր արդեն Գերմանիան աջակցում է, շահում են տարածաշրջանի բոլոր մարդիկ, քանի որ ականը տարբերություն չի դնում ազգությունների միջև։ Եվ չորրորդ՝ մենք ցանկանում ենք պարզել, թե անվտանգության ո՞ր ոլորտներում կարող ենք համագործակցել, օրինակ, կիբերանվտանգության շուրջ, քանի որ այս ոլորտում ևս հստակ, հստակ մտահոգություններ ենք լսում Ռուսաստանի ապակայունացնող ներգործության վերաբերյալ։
Հարավային Կովկասում մեր հանձնառությունն ինքնանպատակ չէ․ դրա հիմքում ընկած է մեր սեփական համաեվրոպական շահը։ Քանզի եթե մեր հարևանությունն ապահով չլինի, մենք էլ ապահով չենք լինի։ Տևական խաղաղությունն ահռելի տնտեսական ներուժ ունի տարածաշրջանի համար։ Իսկ Գերմանիան Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրամիության ներսում։
Global Gateway նախաձեռնության միջոցով մենք՝ Եվրամիությունը, անկեղծ առաջարկներ ենք անում տարածաշրջանին՝ առանց խցոց և երկակի օրակարգ կիրառելու։ Մենք ձգտում ենք Հարավային Կովկասի և Եվրոպայի սերտ միության և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև առավել ամուր տարածաշրջանային փոխկապակցվածության։ Դուք տեսնում եք՝ մեր առաջարկը լայն է, մեր օրակարգը լայն է, լայնընդգրկուն են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք շարունակել ավելի սերտ համագործակցել, ուստի կրկին շնորհակալ եմ Ձեզ այսօրվա հիրավի արդյունավետ զրույցի համար։ Ուրախ կլինեմ մեր հետագա շփումների և հատկապես մեր երկու երկրների միջև շփումների համար։ Սրտանց շնորհակալ եմ։