Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ո՛չ մի քաղաքականություն առանց պատմության

07.05.2020 - Հոդված

Մյունխենի նորագույն պատմության ինստիտուտի պրոֆեսոր Անդրեաս Վիրշինգի և դաշնային արտգործնախարար Հայկո Մաասի համահեղինակային հոդվածը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ

Դաշնային արտգործնախարար Հայկո Մաասը
Դաշնային արտգործնախարար Հայկո Մաասը© Thomas Koehler/photothek.net

Որևէ օր մեր նորագույն պատմության վրա այնքան խոր կնիք չի դրել, որքան 1945 թվականի մայիսի 8-ը: Ավելի քան 40 միլիոն զոհաշիրիմների վրա այդ  օրը Եվրոպայում լռեցին զենքերը: Վերջ դրվեց նացիստական տեռորի իշխանությանը և Եվրոպայի հրեաների սպանությանը: Մայիսի 8-ը դարձավ միլիոնավոր իրավազուրկների ու հալածյալների ազատության օր, զոհվածների հիշատակը հարգելու և անիրավության դեմ հաղթանակի օր:

Այդ օրը այն գինն էր, որ գերմանացիները վճարեցին 1933 թվականի հունվարի 30-ը իրականություն դարձնելու և նացիոնալսոցիալիզմից ձերբազատվել չկարողանալու համար:  Գերմանական քաղաքների ավերակներից մարդկանց մեծամասնությունը վախով ու կասկածանքով էր նայում ապագային: 40 տարի անցավ, մինչև Ռիխարդ ֆոն Վայցզեքերը իր և գերմանացիների անունից կարողացավ խոսել «ազատագրման» մասին՝ գոնե թե արևմտագերմանական հանրության մեծամասնության աջակցությունը թիկունքում զգալով: Սա հնարավոր դարձավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական ոճրագործությանը առերեսվելու հաճախ ցավոտ և հետընթացներով լի փորձերի շնորհիվ:    

Այս փորձառությունն ասում է՝ պատմությունից կարելի է դասեր քաղել, մանավանդ՝ պատմության աղետներից: Այն, որ գերմանական հողից երբեք այլևս պատերազմ կամ մարդկության դեմ որևէ հանցագործություն չպիտի սերի, ներկայիս գերմանական արտաքին քաղաքականության անշրջելի միջուկն է: Ուժեղ և միացյալ Եվրոպային, մարդու իրավունքներին՝ որպես մարդու արժանապատվության համընդունելի դրսևորման, միասնական կանոններով գործող միջազգային համագործակցությանը և զուտգերմանական ինքնակամ ճանապարհները մերժելուն ուղղված մեր բոլոր ջանքերը սնվում են 20-րդ դարում Գերմանիայի կատարած աննախադեպ հանցագործության գիտակցումից, հանցագործություն, որն իր հրեշավոր արտահայտությունն էր գտել Հոլոքոստի մեջ: 

Ովքեր այսօր փորձում են վերջացած համարել ու փակել Գերմանիայի պատմության այս հատվածը, ոչ միայն անարգում են  զոհերին, այլև գերմանական քաղաքականությունը զրկում են արժանահավատությունից: Չ՞է որ ինքնաքննադատությունը և ինքնագիտակցությունը պայմանավորում են իրար: Սա մեզ վերաբերում է առավել, քան որևէ այլ երկրի:

Քաղաքականությունը առանց պատմության անընդունելի է մեզ համար: Իսկ հակառա՞կը: Ո՞րչափ քաղաքականություն կարող է հանդուրժել պատմությունը: Թե որքան է այս երկուսի փոխազդեցությունը, զգում ենք գրեթե յուրաքանչյուր միջագային հանդիպման ժամանակ: Մայիսի 8-ի ընկալումն էլ հաճախ հիմնավորապես տարբեր է լինում:

Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում մարդիկ հիշատակում են իրենց հերոսներին, հաղթանակի շքերթներով տոնում պատերազմի ավարտը: Արևմտյան դաշնակիցները նույնպես մայիսի 8-ը տոնում են մեծ շուքով: Մենք նույնպես մինչ օրս երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր պայքարել են նացիստական բռնապետության դեմ: Մինչդեռ Լեհաստանում, Բալթյան երկրներում, միջին, արևելյան և հարավեվրոպական երկրներում մարդիկ հակասական զգացումներ ունեն օրվա վերաբերյալ: Նացիոնալսոցիալիզմի դեմ ձեռք բերված հաղթանակի ուրախությունը նրանց մոտ շաղկապված է անազատության և անինքնիշխանության մեկ այլ դրսևորման սկզբի հետ, մի փորձառություն, որը նրանք կիսում են շատ արևելագերմանացիների հետ: 

Այսպիսով մայիսի 8-ը թույլ է տալիս պարզորոշ կերպով հասկանալ՝ մեծ է պատմության դերը, թե ով ենք մենք որպես անհատ,  բայց նաև՝ որպես պետություն: Ուստի առավել կարևոր է անկեղծ լինել պատմության հետ:  Գերմանիայի անցյալը զգուշացնում է ռևիզիոնիստական վտանգի մասին, որի հետևանքով ռացիոնալ մտածողությանը փոխարինելու են գալիս ազգային մյութոսները: Այդ պատճառով, և ամենևին ո՛չ կարծական բարոյական եզրահանգումից ելնելով, հենց մենք՝ գերմանացիներս, պարտավոր ենք հստակ դիրքորոշում հայտնել, երբ հարձակվածներին դարձնում են հարձակվողներ, զոհերին՝ հանցագործներ: Պատմությունը վերաձևակերպելու վերջին ամիսներին շարունակաբար ձեռնարկվող այս չարամիտ փորձերը պահանջում են, որ մենք հստակ պատասխան տանք սրան, ինչի անհրաժեշտությունը, իրականում, ամենևին չպիտի լիներ, եթե հաշվի առնենք պատմական անհերքելի  հանգամանքները. Գերմանիան, և միայն Գերմանիան է սանձազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ հարձակվելով Լեհաստանի վրա: Եվ միայն Գերմանիան է կրում Հոլոքոստի՝ մարդկության դեմ կատարված այդ հանցագործության պատասխանատվությունը: Ով կասկած է սերմանում՝ այդ հանցանքի մեջ ներքաշելով նաև այլ ժողովուրդների, մեղանչում է զոհերի դեմ: Շահարկում է պատմությունը, սեպ է խրում Եվրոպայի մեջ:

Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս մայիսի 8-ի հիշողությունը համաեվրոպական գիտակցության մեջ խարսխել այնպես, որ այն միավորի մեզ: Դրա համար երկու բան է հարկավոր՝ պատրաստակամություն՝ մեր իսկ հիշողության մեջ ներառելու այլոց դիտասպարեզները՝ ինչպես զոհերի ցավը, այնպես էլ հանցագործությունը կատարածների պատասխանատվությունը, և խիզախություն՝ հստակորեն տարբերելու զոհին հանցագործից, մյութոսը պատմական իրողությունից: Աշխատել այս ուղղությամբ՝ սա է պատմությանն առերեսվելու գործընթացում գերմանական քաղաքականության հավակնությունն ու հանձնառությունը: Լավ է, որ մայիսի 8-ը հիշեցնում է մեզ այդ մասին:  

դեպի էջի սկիզբ